Դանուբի հովտում հայրենիքի նվաճման ժամանակաշրջան

Դանուբյան հովտում հայրենիքի նվաճման ժամանակաշրջան, հայտնի է նաև որպես հունգարական արշավանքներ կամ հունգարական նվաճումներ (հունգ.՝ Honfoglalás), միջնադարյան Հունգարիայի պատմության ժամանակաշրջան, որի արդյունքում էլ 9-10-րդ դարերում մագյարական վաչկատուն ցեղերը հաստատվում են կենտրոնական Եվրոպայում՝ Կարպատյան տարածաշրջանում[1]։ Մինչ այդ, Դանուբյան ավազանի հարակից տարածքների նկատմամբ իրենց հավակնություններն ունեին Բուլղարական կայսրությունը, Արևելաֆրանկական թագավորությունը և Մեծ Մորավիան (չեխական թագավորություն)։

Հունգարական տարեգրքում հիշատակված վաչկատուն մագյարների յոթ նշանավոր ցեղապետերը՝ ճերմակաձին հեծած մեծ իշխան Արպադի գլխավորությամբ։

Հարկ է նշել, որ նախքան հունգարական արշավանքները, մագյարներն այս շրջաններում կռվել են որպես բուլղարական, ֆրանկական և չեխական բանակի վարձկաններ և դրա պատճառով էլ կատարելապես տիրապետում էին տեղանքին։ Ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում հունգարները հաստատվել էին արևելաեվրոպական հողերում, մասնավորապես՝ Պոնտո-կասպյան տափաստանում։ Այնուամենայնիվ, վերջիններս համակված էին արևմուտք ներթափանցելու անսանձ ձգտումով[2]։

Մեզ հասած սկզբնաղբյուրները հավաստում են, որ 894-895 թվականներին մագյարական խաժամուժն անցնում է Կարպատյան լեռները և մարտի բռնկվում պեչենեգների և բուլղարների հետ։ Բազմաթիվ ռազմական հաջողություններից հետո հունգարները վերահսկողություն են սահմանում Դանուբ գետի արևելյան հատվածի վրա և իրենց իշխանապետության մեջ ներառում նաև Պանոնիա։ Օգտվելով Մորավիայում սկիզբ առած ներքին երկպառակտություններից՝ մագյարները 902-906 թվականներին ներխուժում են չեխական հողեր և հաղթում մորավական բանակին՝ այդպիսով նվաճելով այդ երկիրը։

907 թվականին տեղի ունեցած Պրեսբուրգի ճակատամարտում հունգարները ջախջախիչ հարված են հասցնում Բավարիայի դքսությանը։ Միևնույն ժամանակահատվածում մագյարական խառնիճաղանճ հրոսակախմբերը քանիցս ասպատակում են Բյուզանդական կայսրության սահմանամերձ շրջանները։ Այս նվաճումների արդյունքում 1001 թվականին Իշտվան I-ը Դանուբ գետի հովտում հիմնում է համանունգարական առաջին պետությունը[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anonymus, Notary of King Béla: The Deeds of the Hungarians (Edited, Translated and Annotated by Martyn Rady and László Veszprémy) (2010) ISBN 978-963-9776-95-1.
  2. Constantine Porphyrogenitus: De Administrando Imperio (Greek text edited by Gyula Moravcsik (1967). Dumbarton Oaks Center for Byzantine Studies. ISBN 0-88402-021-5.
  3. Royal Frankish Annals (1972). In: Carolingian Chronicles: Royal Frankish Annals and Nithard's Histories (Translated by Bernhard Walter Scholz with Barbara Rogers); The University of Michigan Press; ISBN 0-472-06186-0.