Գրիգոր Խոջաջանյան

հայ հասարակական գործիչ

Գրիգոր Միքայելի Խոջաջանյան, Չաքիկենց, Չաքիկյան (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի երկրորդ կեսի հայ ազատագրական շարժման և մշակութային գործիչ, Մադրասի խմբակի ղեկավարներից, հայ տպագրության երախտավոր։

Գրիգոր Խոջաջանյան
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունհասարակական գործիչ և մշակութային գործիչ

Ծնվել է Նոր Ջուղայում (Իրան), սովորել տեղի հայկակական առևտրական դպրոցում։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել է Բասրա (այժմ՝ Իրաքում)։ Վաճառական հոր գործերով անցել է Հնդկաստան, առևտրական խոշոր գործառնություններ կատարել Իրանի, Թուրքիայի և Արևմտյան Եվրոպայի երկրների հետ՝ դառնալով հնդկահայ խոշորագույն խոջաներից։ Ժամանակակիցներից ստացել է «Խոջաջանյան» պատվանունը, որ հետո փոխարինել է ազգանվանը։

Մասնակցել է հայ հասարակական կյանքի իրադարձություններին, մտերմական կապեր ունեցել ժամանակի ակնառու գործիչներ Սիմեոն և Երեանցու, Շ. Շահամիրյանի, Էմին Հովսեփի, Մ. Բաղրամյանի և այլոց հետ։ Հայաստանի ազատագրման էմինյան ծրագրի (զորախմբեր ստեղծել, զինամթերք հայթայթել և այլն) իրագործմանը խոստացել է հատկացնել հարստության կեսը՝ պայմանով, որ ծրագրին հավանություն տա կաթողիկոսը։ Մասնակցել է Էմինին՝ հնդկահայերի տրամադրած 12000 ռուփիի հանգանակությանը, Մադրասի տպարանի հիմնադրմանը (1772), «Նոր տետրակ որ կոչի Յորդորակ», «Տետրակ ոչ կոչի նշաւակ», «Որոգայթ փառաց» քաղաքական-հրապարակախոսական երկերի նախնական մշակմանը։

1773 թ.-ին Շ. Շահամիրյանի հետ նամակ է գրել Սիմեոն Երևանցուն և հորդորել նրան՝ միանալու Հայաստանի ազատագրության իրենց ծրագրին։ Այն գործադրելու համար կաթողիկոսը պետք է միաբանեցներ վրաց թագավոր Հերակլ II-ին Խամսայի մելիքների հետ, դիմեր ռուսական կայսրուհի Եկատերինա II-ի օգնությանը, տեղեկություններ հավաքեր հայերի թվի մասին, հայ երիտասարդության մեջ տարածեր զինավարժություն։ իր հերթին կաթողիկոսը զգուշացրել է նրանց՝ հեռու մնալ այնպիսի գաղափարներից, որոնք կարող են գրգռել Հայաստանում օտար իշխողների վրեժխնդրությունը։ Այնուհետև Խոջաջանյանը միջոցներ է տրամադրել 1771 թ.-ին կառուցելու Էջմիածնի տպարանը (միայն շենքի կառուցմանը հատկացվել է 3106 ոսկի դրամ) և 1776 թ.-ին՝ թղթի գործարանը (7800 պարսկ. թուման)։ Խոջաջանյանը վարձել և Էջմիածին է ուղարկել ֆրանսիացի թղթագործ վարպետներ Բեյսոնին ու Դեսիորին՝ հոգալով նրանց եռամյա ծախսերը։

Խոջաջանյանի մասին հայտնի տեղեկությունները վերաբերում են մինչև 1789 - 1790 թթ.-ին։ Մահացել և թաղվել է Մադրասում։

Գրականություն խմբագրել

  • Դիվան Հայոց պատմության, գիրք 8, Թ., 1908
  • Լեո, Երկ. ժող., հ. 3, գիււք 2, Ե.. 1973

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 76