«Գտնել մարդուն» (ռուս.՝ «Найти человека»), Ագնիա Բարտոյի վավերագրական գիրքը, որը գրվել է 1968 թվականին։ Ստեղծագործության հիմքում ընկած են գրողի հուշերը «Մայակ» ռադիոկայանում աշխատելու մասին, որտեղ Բարտոն ութ տարի շարունակ վարել է նույնանուն հաղորդումը՝ նվիրված պատերազմի տարիներին բաժանված մարդկանց որոնմանը։ Ռադիոյին ուղարկված նամակ-հուշերի, ինչպես նաև կամավորների օգնության շնորհիվ մի քանի հարյուր մարդ գտել է իր հարազատներին։

Գտնել մարդուն
ռուս.՝ Найти человека
Տեսակգիրք
ՀեղինակԱգնիա Բարտո
Հրատարակվել է1968

Վիպակն առաջին անգամ հրատարակվել է «Զնամյա» ամսագրում (1968, № 8)։

Ստեղծման պատմություն և հրատարակում խմբագրել

Գրքի հայտնվելը ուղղակիորեն կապված է Ագնիա Բարտոյի մեկ այլ ստեղծագործության՝ «Զվենիգորոդ» պոեմի թողարկման հետ, որը գրվել է 1947 թվականին։ Դրանում խոսվում է Զվենիգորոդի մանկատան մասին, որտեղ հավաքել են անհայտ երեխաների, որոնք պատերազմի տարիներին գտնվել են կայարաններում, գնացքներում և ռմբապաստարաններում։ Շատ երեխաներ տարիքի պատճառով չեն կարողացել իրենց մասին որևէ տեղեկություն հաղորդել (նրանց ծննդյան տարին և օրը երբեմն պատահական էին գրում)։ 1954 թվականին «Օգոնյոկ» ամսագիրը հրատարակել է գրող Մաքս Պոլյանովսկու «Մայրն ու դուստրը հանդիպել են» (ռուս.՝ «Мать и дочь встретились») հոդվածը, որում պատմվում էր, թե ինչպես է «Զվենիգորոդը» ազդել մի ընտանիքի ճակատագրի վրա։ Սոֆյա Գուդևան, որը պատերազմի տարիներին կորցրել էր իր դստերը՝ Նինային, կարդացել է պոեմը, որից հետո նամակ է գրել նրա հեղինակին, որում նշել է աղջկա տարիքն ու նշանները։ Ագնիա Բարտոն մի քանի հարցումներ է գրել, այդ թվում՝ հետախուզությամբ զբաղվող ատյանների. արդյունքում մայրը և դուստրը գտել են միմյանց[1]։

1965 թվականին Ագնիա Բարտոն «Մայակ» ռադիոկայանում սկսել է վարել «Գտնել մարդուն» հաղորդումը, որն ուղղված էր պատերազմի պատճառով բաժանված մարդկանց որոնմանը։ Գրողը հետագայում խոստովանել է, թե ինքը գիտակցում էր, որ այդ ժամանակ պատերազմական տարիների երեխաներն արդեն մեծացել են։ Այդ պատճառով շեշտը դրվել է ոչ այնքան արտաքին նշանների, որքան մարդկանց հիշողության մեջ պահպանված անձնական մանրամասների վրա․ աշխատանքի հիմք է դարձել Ֆեոդոր Դոստոևսկու արտահայտությունն այն մասին, որ երբեմն երեխայի կյանքի ամենավաղ տպավորությունները պահպանվում են «որպես հսկայական նկարից պատռված անկյուն, որն ամբողջությամբ մարել ու անհետացել է, բացառությամբ միայն այդ անկյան»։ Դիտարկելով հարյուրավոր նամակներ, որոնք նա ստացել էր ռադիոկոմիտեից, Բարտոն նշումներ է արել․ «Հիշողությունները մշուշոտ են, բայց կոնկրետ», «իրականությունը միահյուսվում է գեղարվեստական մտքի հետ» և այլն[2]։ Հաղորդման տևողությունը եղել է քսանհինգ րոպե, և այդ ընթացքում Բարտոն հասցրել է պատմել ոչ պակաս, քան տասը ճակատագրերի մասին[3]։

Ծրագիրը, որի օգնությամբ մոտ հազար մարդ գտել է հարազատներին[4] (այլ տվյալներով՝ մոտ 900 ընտանիք[5]), «Մայակ» ռադիոկայանում պարբերաբար եթեր է հեռարձակվել ութ տարի և փակվել 1973 թվականին հետաքրքրության անկման պատճառով։ Այդ պահին ունկնդիրների նամակների և հիշողությունների հոսքը նկատելիորեն նվազել է, ինչի կապակցությամբ ռադիոկայանի ղեկավարությունը որոշում է ընդունել հաղորդումը թողարկել միայն անհրաժեշտության դեպքում[6]։ 1968 թվականին Ագնիա Բարտոն գրել է փաստագրական նյութի վրա հիմնված «Գտնել մարդուն» վիպակը, որը հրապարակվել է «Զնամյա» ամսագրում (1968, № 8)[7].

Առաջին հրատարակության մեջ ես ստիպված էի հետաձգել էջատումը, քանի որ որոնումներից մեկը, որի մասին գրքում խոսվում էր, թե այն սխալմունքի է հանգեցրել, անսպասելիորեն հաջող ավարտ է ունեցել։ Երկրորդ հրատարակությունում նույնպես ես չկարողացա վերջակետ դնել։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ միավորված ընտանիքների թիվը գնալով աճում էր, այլ փոխվում էին նաև գրքում հիշատակված մարդկանց ճակատագրերը։ Իսկ շատերը, արդեն առանց իմ օգնության, գրքի շնորհիվ են ճանաչել իրենց կամ իրենց հարազատներին։ Բայց ժամանակն անցնում էր, եթերում դադարել են հնչել ռադիորոնման կոչեչ, և վերահրատարակման մեջ վերջակետ է դրվել։

Ագնիա Բարտո

Բովանդակություն խմբագրել

Վիպակը, որը պատմում է «Մայակում» որոնման աշխատանքների մասին, բաղկացած է Ագնիա Բարտոյի օրագրային գրառումներից, որոնց հաջորդում են օգնության համար դիմած մարդկանց պատմությունները։ Ռադիոհաղորդումը վարողի առջև շատ բարդ խնդիր էր դրված՝ գտնել ունկնդիրների նամակներում (որոնցից շատերը ոչինչ չգիտեին ոչ իրենց ծնողների, ոչ էլ բնակության վայրի մասին) այնպիսի մանրուքներ, որոնք կօգնեն նրանց մտերիմներին իմանալ մեծացած որդուն կամ դստերը։ Երբեմն հաջողության հասնելու «բանալի» է դարձել հիշողությունն ընտանիքով հատապտուղ հավաքելու գնալը («Մենք հանդիպեցինք արջի, ես վազեցի ու կորցրեցի կոշիկս») կամ հուշը բակում աղավնիներ պահող ավագ եղբոր մասին։ Ագնիա Բարտոն հետևողականորեն ներկայացնում է որոնումների ընթացքը, պատմում հաջողության և սխալների մասին․ երբեմն անհրաժեշտ օղակի բացակայության պատճառով ամբողջ երկար կառուցված շղթան քանդվում էր, և աշխատանքը պետք է նորից սկսվեր։ Վիճելի, ոչ միանշանակ իրավիճակների համար գրողն ունեցել է հատուկ «Կասկածների թղթապանակ» (ռուս.՝ «Папка сомнений»)[9]։

Յուրաքանչյուր հաղորդման սկզբում հաղորդավարուհին ունկնդիրներին խնդրել է իրենց առջև թղթեր ու մատիտներ դնել, որպեսզի գրեն այն մարդկանց անունները, ում փնտրում են իրենց հարազատները։ Լսարանի հետ նման անմիջական կապը հանգեցրել է նրան, որ որոշակի պահից որոնումներին միացել են հազարավոր կամավոր օգնականներ։ Ռադիոկոմիտե են գնացել ուսանողներ, որոնք պատրաստ էին արձակուրդի ժամանակը տրամադրել փոստը դասավորելուն և հարցումներ ուղարկելուն (նրանք անձնուրաց աշխատել են ամեն օր «առավոտից երեկո, ինչպես հաստիքային աշխատակիցներ»), տարբեր քաղաքներից նամակներ և զանգեր էին ստանում ունկնդիրներից, որոնք ցանկություն էին հայտնում իրենց վրա վերցնել աշխատանքի որևէ մասը[10]։ Մարդիկ դիմել են Ագնիա Բարտոյին հետևյալ խոսքերով․ «Հանձնարարեք ինձ, ես ամբողջ քաղաքը տակնուվրա կանեմ» (ռուս․՝ «Поручите мне — я весь город перерою!»)[11]։

Պատերազմական թեմատիկայի համատեքստում խմբագրել

«Գտնել մարդուն» վիպակը միակ ստեղծագործությունը չէ, որտեղ պատերազմի ժամանակագրությունը վերարտադրվում է երեխայի ընկալմամբ։ 20-րդ դարում «պատերազմի երեխաները» թեմային անդրադարձել են Վալենտին Կատաևը («Գնդի որդին»), Վլադիմիր Բոգոմոլովը («Իվան»), կինեմատոգրաֆիայում այն զարգացրել են Սերգեյ Բոնդարչուկը («Մարդու ճակատագիրը»), Նիկոլայ Գուբենկոն («Подранки»), Անդրեյ Տարկովսկին («Իվանի մանկությունը»), Էլեմ Կլիմովը («Արի ու տես», ռուս․՝ «Иди и смотри»): Մշակույթի պատմաբան Սերգեյ Ուշակինի դիտարկմամբ՝ մանկական ապրումները, որոնք ներառված են գրքերի և ֆիլմերի սյուժեներում, հնարավորություն են տվել խորհրդային արվեստին «պատերազմի փորձը դուրս բերել ավանդական հայրենասիրական կանոնի սահմաններից»[12]։

«Գտնել մարդուն» վիպակն իր կառուցվածքով նման է Սվետլանա Ալեքսիևիչի՝ 1985 թվականին լույս տեսած «Վերջին վկաները» (ռուս.՝ «Последние свидетели») փաստագրական-գեղարվեստական գրքին․ երկու ստեղծագործություններն էլ ստեղծվել են մարդկանց հիշողությունների ձևաչափով, որոնց մանկությունն անցել է պատերազմական տարիներին, տարբերությունն այն էր, որ Բարտոն գրառումներ է արել 1960-ական թվականներին, իսկ Ալեքսիևիչը՝ քսան տարի անց։ Այս «Ժամանակային հեռավորությունն» էական ազդեցություն է ունեցել գրքերի վրա։ Ագնիա Բարտոյի հերոսները հավատում էին, որ դեռևս հնարավորություն ունեն գտնել իրենց սիրելիներին և իմանալ նրանց իրական անունները։ «Մեր մանկատանը հավաքվել է տասնմեկ Թամար... Նրանց ազգանուններն են՝ Թամարա Նեիսվեստնայա, Թամարա Նեզնակոմայա, Թամարա Բեզիմյաննայա, Թամարա Բոլշայա, Թամարա Մալենկայա»։ Հետագա կյանքը, ի վերջո, կյանք էր առանց ազգակցության և առանց սկզբի» (ռուս․՝ «„В нашем детдоме собралось одиннадцать Тамар… Фамилии у них были: Тамара Неизвестная, Тамара Незнакомая, Тамара Безымянная, Тамара Большая, Тамара Маленькая“. Последующая жизнь в итоге оказалась жизнью без родства и без начала»)[12]։

Կամավորական գործունեություն խմբագրել

Ագնիա Բարտոյի և նրա օգնականների աշխատանքը, որը ներկայացված է «Գտնել մարդուն» գրքում, սոցիոլոգ Օլեգ Յանիցկու կողմից սահմանվել է որպես կամավորական գործունեություն, որի հիմքը կազմում են «անշահախնդրությունը, անձնազոհությունը և ինքնակազմակերպումը»[13]։ Հետազոտողներն ընդգծել են, որ Բարտոն չի ձգտել փոխարինել պաշտոնական կառույցներին, որոնք կոչված էին զբաղվելու մարդկանց որոնմամբ․ նրան ավելի շատ դիմել են որպես վերջին ատյանի։ Բանն այն է, որ պետական մարմինները, որոնք հարցումներ են ընդունել բնակչությունից, պահանջում էին որոնվողների մասին ճշգրիտ տեղեկություններ տրամադրել, մինչդեռ գրողը որոնման բանալին համարել է մանկական հիշողությունները[14]։ Ագնիա Բարտոյի նախաձեռնությունը, որը ձգտում էր մարդկանց բազմաբնույթ, հաճախ քաոսային պատմություններում գտնել նրանց անձնական նշանները և մանրամասները, անհատական էր (և դրանով իսկ տարբերվում էր «կամավորության կազմակերպված տեսակից»)․ «Այն, ինչ արել է բանաստեղծուհին, հասու չէր նույնիսկ ամենահզոր միջազգային կազմակերպությունների, ինչպիսին է Կարմիր խաչը»[15]։

Կամավորական գործունեության նման մեթոդ, որում մարդկանց որոնելու համար գործի են դրվել մեդիա ռեսուրսներ, դեռ նախքան «Գտնել մարդուն» հաղորդման հայտնվելը օգտագործել է գրող Սերգեյ Սմիռնովը, որը նյութեր է հավաքել 1950-ականներին Բրեստի ամրոցի պաշտպանների մասին։ Սմիռնովի և Բարտոյի հիմնադրած խորհրդային որոնողական լրագրության հայեցակարգը զարգացում է ստացել «Ամբողջ սրտով» (ռուս.՝ «От всей души») հաղորդաշարում, որը 1972 թվականին սկսել է վարել հաղորդավար Վալենտինա Լեոնտևան։ 21-րդ դարում մարդկանց որոնման ժողովրդական աշխատանքը շարունակվել է «Սպասիր ինձ» սոցիալական հեռուստատեսային նախագծում[16]։

Էկրանավորում խմբագրել

1973 թվականին վարձույթում հայտնվել է «Փնտրում եմ մարդու» ֆիլմը, որը նկարահանվել է Ագնիա Բարտոյի «Գտնել մարդուն» (ռեժիսոր՝ Միխայիլ Բոգին) վիպակի մոտիվներով։ Ֆիլմում կատարած դերը կինեմատոգրաֆիական նորամուտ է դարձել Լիա Ախեջակովայի համար։ Ալլա Կուզնեցովայի դերը, որով դերասանուհին առաջին անգամ հայտնվել է էկրանին, ի սկզբանե նախատեսված է եղել որպես էպիզոդիկ։ Ախեջակովային առաջարկվել է անցնել կինոփորձեր, և նրա մենախոսությունը, որը նկարահանվել է սև-սպիտակ ժապավենի վրա մեկ դուբլից, առանց փոփոխությունների ներառվել է գունավոր ժապավենի մեջ։ Ֆիլմի ստեղծողների պնդմամբ՝ «հնարավոր չէր նույն տրամադրությամբ կրկնել դրվագը, նորից խաղալ այն և նկարել գունավոր»[17]։ «Փնտրում եմ մարդու» ֆիլմում կատարած դերի համար դերասանուհին արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի մրցանակի «լավագույն նորամուտի համար»[18]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Соловьёв, 1979, էջ 63—69
  2. Барто, 1978, էջ 192
  3. Барто, 1978, էջ 205
  4. Кто есть кто в мире / Главный редактор Г. П. Шалаева. — М.: «Слово»: Олма медиа групп, 2003. — С. 98. — 1680 с. — ISBN 5-8123-0088-7
  5. Яницкий, 2014, էջ 76
  6. Барто, 1978, էջ 206
  7. Соловьёв, 1979, էջ 205
  8. Барто, 1978, էջ 187—188
  9. Соловьёв, 1979, էջ 208—209
  10. Соловьёв, 1979, էջ 210
  11. Соловьёв, 1979, էջ 215
  12. 12,0 12,1 Ушакин С. А. Осколки военной памяти: «Все, что осталось от такого ужаса?» // Новое литературное обозрение. — 2008. — № 93.
  13. Яницкий, 2014, էջ 74
  14. Давыдов, 2012, էջ 79
  15. Яницкий, 2014, էջ 76—77
  16. Давыдов, 2012, էջ 79—80
  17. Лагина Н. Лия Ахеджакова // Советский экран. — 1974. — № 5. — С. 18—19.
  18. «Ищу человека». Энциклопедия отечественного кино под редакцией Любови Аркус. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.

Գրականություն խմբագրել

  • Барто А. Л. Записки детского поэта. — М.: Советский писатель, 1978. — 352 с.
  • Давыдов С. Г., Касьян А. Е. «Жди меня» как коммерческий телевизионный проект социальной направленности // Вестник РГГУ. Серия: Философия. Социология. Искусствоведение. — 2012. — № 11 (91). — С. 78—86.
  • Соловьёв Б. И., Мотяшов И. П. Агния Барто. Очерк творчества. — М.: Детская литература, 1979.
  • Яницкий О. Н. Волонтёры: гражданские и государственные // Социологическая наука и социальная практика. — 2014. — № 1 (5). — С. 71—89.

Արտաքին հղումներ խմբագրել