Գործազուրկը (նկար)
Գործազուրկը կամ Անգործը[1][2], նկարիչ Էդգար Շահինի ստեղծագործություններից է (1903 թ․), որում, ի տարբերություն նկարչի մինչ այդ ստեղծած գործերի, գործազուրկի կերպարը գերազանցում է գաղափարական նպատակասլացությամբ, հոգեբանական խորությամբ, կերպարի արտահայտչականությամբ, ներգործող տպավորությամբ։
Գործազուրկը | |
---|---|
տեսակ | դիմանկար |
նկարիչ | Էդգար Շահին |
տարի | 1903 թվական |
բարձրություն | 46,8 սանտիմետր և 65 սանտիմետր |
լայնություն | 30 սանտիմետր և 50 սանտիմետր |
ժանր | դիմանկար |
նյութ | օֆորտ, թուղթ և չոր ասեղ |
գտնվում է | Հայաստանի պետական պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
ներշնչված է | ողբերգական կացության մեջ գտնվող մարդկանց առկայություն |
հիմնական թեմա | աղքատություն |
Ծանոթագրություններ |
Նկարագրություն
խմբագրելՆերկայացված է սովամահության դատապարտված, անելանելի կացության մեջ գտնվող գործազուրկ մարդու ծանր հոգեվիճակը։ Նա տուն է վերադառնում աշխատանք գտնելուց լիովին հույսը կտրած, հուսահատ, խռովահույզ հոգով։ Գործազուրկը քայլում է տարերային մղումով, ձեռքերը՝ գրպանում, գլուխը` բարձր, աչքերը՝ չռած, այլայլված և այնպիսի բուռն զայրույթով համակված, որ կարծես պատրաստ է մեկն ումեկին առճակատելու։ Նրա կրքոտ ցասումը հասնում է ապստամբ հոգու ընդվզումի գագաթնակետին, պատրաստ է պոռթկալու։ Դա ալեկոծ հոգու բուռն մակընթացություն է՝ ընդունակ սոցիալական հեղաշրջում կատարելու։ Շահինը ստեղծել է զորեղ բնավորությամբ, անսասան կամքի տեր անձնավորության կերպար՝ օժտելով նրան այնպիսի համընդհանուր մարդկային բարեմասնություններով և դասին համապատասխան տվյալներով, որ այն կարելի է համարել որպես ընչազուրկ դասի ներկայացուցչի կերպար։
Մտահղացում
խմբագրելԳործազուրկը դիմանկարային կոնկրետ անձնավորություն է, որը նպաստել է ստեղծելու անհատականությամբ կոնկրետ կերպար։ Գործազուրկի հոգեխռով տրամադրությունը, անելանելի ողբերգական կացությունը կանխազգացող մարդու անզոր կսկիծով համակված հոգեկան ապրումները, չարիքի պատճառը գիտակցող մարդու սթափվածությունը լիովին իմաստավորում է մտահղացումը։
Կերպարի մշակման ոճ
խմբագրելՇահինը գործազուրկի կերպարին համապատասխան մշակման ձև է ընտրել՝ աշխատելով չոր ասեղով, խորը փորագրության եղանակով, մուգ բծերով՝ ընդգծելու համար նրա հուզական ներաշխարհը, դրամատիկական անհանգիստ հոգեվիճակը։ Առանց մանրամասների, մեծ ընդհանրացումներով մշակումը ֆիգուրին հաղորդում է միաձույլ ամբողջականություն։ Գերազանցորեն է տրված նրա պլաստիկական կառուցվածքը։ Խորապես տրամաբանված է կոմպոզիցիան։ Նրա տրամադրությանը համապատասխան՝ առաջ թեքված կեցվածք կա, որը ֆիգուրին տալիս է սրընթաց շարժում, նպատակամղում ունեցող մարդու տպավորություն։ Այդ ամենը գործազուրկի կերպարին տալիս են թափ, ուժ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Շահին Էդգար Պետրոսի | Անգործը (ինվենտար համար` 1079) - Database - Collection - National Gallery of Armenia». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Շահին Էդգար Պետրոսի | Անգործը (ինվենտար համար` 17992)- Database - Collection - National Gallery of Armenia». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Եղիշե Մարտիկյան, Հայկական կերպարվեստի պատմություն, Երևան, 1987