Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԵՆԿ ՀԿ), ոլորտային առաջատար երիտասարդական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել երիտասարդի կայացմանը՝ որպես մրցունակ, նախաձեռնող, պատասխանատու անհատ և քաղաքացի։
Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն | |
---|---|
Հապավում | ԵՆԿ |
Կարգախոս | Երիտասարդների համար, երիտասարդների հետ, երիտասարդների կողմից |
Հիմնադրված | 2008 թվականին |
Պաշտ. լեզու(ներ) | հայերեն, անգլերեն և այլ լեզուներով |
Հիմնական մարմին | Միջազգային խորհուրդ |
Կայք | yic.am |
Կազմակերպությունը գործում է Հայաստանի ողջ տարածքում և համագործակցում է միջազգային մակարդակում։ Գրասենյակը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Պատմություն
խմբագրելԿազմակերպությունը հիմնվել է 2008 թվականին ակտիվ և երիտասարդության հարցերի ոլորտում փորձ ունեցող գյումրեցի 5 երիտասարդի կողմից[1]։ Շուրջ 9 ամիս ոչ ֆորմալ կարգավիճակով գործելուց հետո կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 2009 թվականի սեպտեմբերի 22-ին[2]։ Գործունեության հիմքում դրվել է երիտասարդական նախաձեռնությունների և ակտիվ մասնակցության խրախուսման միջոցով երիտասարդների քաղաքացիական ակտիվության բարձրացման և համայնքի զարգացման գաղափարը։
Հիմնադրման օրից ԵՆԿ-ն խթանում է երիտասարդների զարգացմանը, որպեսզի նրանք հասնեն իրենց լիարժեք ներուժին` կենտրոնահեն (կենտրոններում) ու կենտրոնախույզ (աութրիչ, կենտրոններից դուրս) աշխատանքով, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթական, սոցիալական ու մշակութային գործունեությամբ։
Ամեն տարի ավելի քան 2000 պատանի ու երիտասարդ սովորում է ինչպես մասնակցել տեղական որոշումների կայացման գործընթացներին, որոնք անմիջականորեն ազդում են իրենց վրա, ստանում է կամավորության հնարավորություններ, որոնք նպաստում են սոցիալական համախմբվածությանն ու համերաշխությանը, և ներգրավում է այնպիսի ծրագրերի մեջ, որոնք տալիս են աշխատունակության արդյունավետ կարողություններ[3]։
Գործունեության հիմնական ուղղությունները
խմբագրելԿազմակերպության գործունեության ներկա ուղղություններն են[4]՝
- Աջակցել երիտասարդների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը.
- զարգացնել առողջ ապրելակերպի մշակույթը երիտասարդության շրջանում.
- մեծացնել երիտասարդության մասնակցությունը մշակութային կյանքում.
- բարձրացնել երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում.
- ներգրավել երիտասարդներին շարունակական ոչ ֆորմալ կրթական գործընթացներում.
- խթանել երիտասարդների նախաձեռնողականությունը.
- մեծացնել երիտասարդների դերը հասարակական հիմնախնդիրների լուծման գործում.
- աջակցել երիտասարդների նորարար գաղափարների իրականացմանը.
- զարգացնել կամավորության մշակույթը երիտասարդության շրջանում։
Ծրագրեր
խմբագրելՀիմք ընդունելով հավասարության և արդարության սկզբունքները՝ ԵՆԿ երիտասարդական գործունեությունը բաց է Հայաստանում ապրող ցանկացած երիտասարդի համար։ Երիտասարդները կարող են մասնակցել լեզուների ակումբների, աշխատարանների, տեղական և միջազգային փոխանակման ծրագրերի, ճամբարների, սեմինարների, դասընթացների, ուսումնական այցերի, պրակտիկայի հնարավորությունների, խորհրդաժողովների, համաժողովների, փառատոների, հետազոտական ուսումնասիրությունների, շահերի պաշտպանության արշավների դեռահասների ու երիտասարդների համար և այլ հարանման ծրագրերի ու միջոցառումների։ Կազմակերպությունը խրախուսում է երիտասարդների սեփական նախաձեռնությունները, երիտասարդների կողմից հենց իրենց ծրագրերի ու միջոցառումների իրականացումը[3][5]։
«Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններ
խմբագրել2018 թվականից սկսած ԵՆԿ ՀԿ-ն Հայաստանի տարբեր համայնքներում հիմնում ու գործարկում է բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով աշխատող՝ «Երիտասարդների տուն» անվանումով կենտրոններ։ Այս կենտրոնների նպատակն է բարձրացնել Հայաստանում` մասնավորապես կենտրոնի գործունեության համայնքում, երիտասարդների կյանքի որակը, բարեկեցությունը, քաղաքացիական ակտիվությունն ու համայնքային կյանքին ներգրավվածությունը՝ պորֆեսիոնալ և անվճար երիտասարդական աշխատանքի իրականացման միջոցով։ Կենտրոնները 13-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կրթվելու, նոր հմտություններ զարգացնելու, ինքնաարտահայտվելու, ազատ ժամանակը կազմակերպելու և հասակակիցների հետ շփվելու ապահով տարածքներ են, ինչպես նաև նպաստող միջավայր նրանց սոցիալականացման և համայնքներում դրական փոփոխությունների իրականացման համար։
Հիմնադրված կենտրոններն են՝
- «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, որը Հայաստանում բաց երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությամբ և սկզբունքներով հիմնադրված և աշխատող առաջին երիտասարդական կենտրոնն է։ Հիմնադրվել է ՀՀ Շիրակի մարզում 2018 թվականի մայիսին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության և Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան շուրջ 600 պատանու[6]։
- «Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն. հիմնադրվել է ՀՀ Լոռու մարզում 2020 թվականի մայիսին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Ճապոնիայի կառավարության և Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան 300-400 պատանու[7]։
- «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն. հիմնադրվել է ՀՀ Արմավիրի մարզում 2022 թվականի հունիսին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Ճապոնիայի կառավարության և Վաղարշապատի համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան շուրջ 400 պատանու[8]։
- «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն. հիմնադրվել է ՀՀ Արմավիրի մարզում 2022 թվականի հունիսին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Ճապոնիայի կառավարության և Արմավիրի համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան շուրջ 400 պատանու[9]։
- «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն. հիմնադրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում 2022 թվականի սեպտեմբերին ԵՆԿ ՀԿ-ի կողմից՝ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի, Ճապոնիայի կառավարության և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ։ Կենտրոնը ծառայություններ է մատուցում տարեկան 400-500 պատանու[10]։
Համագործակցություններ
խմբագրելԵՆԿ ՀԿ-ն սերտորեն համագործակցում է ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տասնյակ օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ[11]։
Գրեթե հիմնադրման պահից կազմակերպությունը կամավորների է ուղարկում ու կամավորների է հյուրընկալում տասնյակ երկներից։ Ներկայումս Եվրամիության «Եվրոպական համերաշխության կորպուս» (ԵՀԿ) ծրագրի շրջանակներում կազմակերպությունն իրականացնում է «Եվրոպական կամավորական աշխատանք»։ ԵՀԿ ծրագրի նպատակն է կամավորական աշխատանքի միջոցով նպաստել համերաշխության և միասնության խթանմանը՝ ներգրավելով երիտասարդներին և կազմակերպություններին կամավորական աշխատանքի մեջ։ «Եվրոպական կամավորական աշխատանքը» ԵՀԿ ծրագրի բաղկացուցիչ մասն է, որը հնարավորություն է տալիս 18-30 տարեկան հայ և եվրոպացի երիտասարդներին՝ անկախ կրթությունից, մասնագիտությունից և աշխատանքային փորձից, Հայաստանում և Եվրոպական միության անդամ երկրներում 2 շաբաթից մինչև 12 ամիս տևողությամբ կամավորական աշխատանք կատարել[12][13]։
2017 թվականից կազմակերպությունը, մրցութային կարգով, իրականացնում է «Erasmus+ երիտասարդություն և եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնների ցանցի Հայաստանի տեղեկատվական կենտրոնի գործունեության համակարգման լիազորությունները։ Կենտրոնի նպատակն է տեղեկատվություն տրամադրել այս ծրագրերի շրջանակներում երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին ընձեռվող հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել շահագրգիռ կողմերին իրենց ծրագրերի իրականացման գործում[14][15][16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ԵՆԿ ՀԿ պատմություն».
- ↑ «ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ 3,0 3,1 «ԵՆԿ ՀԿ տարեկան հաշվետվություններ».
- ↑ «ԵՆԿ գործունեության հիմնական ուղղությունները». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «ԵՆԿ ՀԿ. 10 տարին թվերով».
- ↑ ««Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
- ↑ ««Սպիտակի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
- ↑ ««Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
- ↑ ««Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
- ↑ ««Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն».
- ↑ «ԵՆԿ գործընկերներ».
- ↑ «Եվրոպական համերաշխության կորպուսը ԵՆԿ-ի հետ».
- ↑ «European Solidarity Corps». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Տեղեկատվական կենտրոն Հայաստանում».
- ↑ «Info Centres».
- ↑ «Erasmus+Youth & European Solidarity Corps. Տեղեկատվական կենտրոն Հայաստանում».