Գիմնոկլադուս երկտուն

բույսերի տեսակ
Գիմնոկլադուս երկտուն
Գիմնոկլադուս երկտուն
Գիմնոկլադուս երկտուն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Caesalpinioideae
Տրիբա Caesalpinieae
Ցեղ Գիմնոկլադուս (Gymnocladus)
Տեսակ Գիմնոկլադուս երկտուն (G. dioicus)
Միջազգային անվանում
Gymnocladus dioicus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Խոցելի տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գիմնոկլադուս երկտուն (լատին․՝ G. dioicus (Լ.) C. Koch), բակլազգիների ընտանիքի, գիմնոկլադուսի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Տերևաթափ ծառ է, հզոր վրանաձև, նոսր սաղարթով։ Բնի վրա կեղևը մոխրագույն է, խոր ճաքճքված։ Ընձյուղները հաստ են, մազմզուկապատ։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները բարդ են, կրկնակի փետրաձև, 15-50 սմ երկարությամբ, տերևի առանցքն ունի 3-7 զույգ կողմնային ճյուղեր, որոնցից ներքևինները կրում են պարզ տերևիկներ, վերինները՝ 3-7 զույգ բարդ տերևիկներ։ Դրանք ձվաձև են կամ էլիպսաձվաձև, գագաթում սրված, կլոր կամ սեպաձև հիմքով, մինչև 5 սմ երկարությամբ և 4 սմ լայնությամբ, նոր բացված ժամանակ վարդագույն են, ներքևից՝ մազմզուկապատ, կարճկոթունավոր, ամռանը՝ բաց կանաչ, աշնանը՝ բաց դեղնավուն։ Երկտուն բույս է։

Ծաղկաբույլերը ծայրային են, ծաղիկները՝ մինչև 2 սմ երկարությամբ, կանաչասպիտակ, մազմզուկապատ, կիտրոնի բուրմունքով, առէջային ծաղիկները հավաքված են հուրանանման ծաղկաբույլերում, 10-12 սմ երկարությամբ, վարսանդայինները՝ ողկույզանման, ծաղկաբույլերում՝ 25-30 սմ երկարությամբ։ Ունդերը հասնում են 13-20 սմ երկարության, 4-6 սմ լայնությամբ և 1 սմ հաստությամբ, կարճ սրածայր գագաթով, կաշվեկերպ, կպչուն պտղամսով։ Սերմերը գրեթե գնդաձև են, 1-6 սմ երկարությամբ, 1,5 սմ լայնությամբ և 0,9 սմ հաստությամբ, մուգ դարչնագույն, թեթևակի փայլով։ Ծաղկում է հունիսի սկզբին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։

Պտղաբերում է 10 տարեկանից։ Առաջացնում է խոր գնացող արմատային համակարգ։ Տալիս է առատ արմատային և բնային մացառներ։ Բազմանում է սերմերի, ինչպես նաև 34 արմատային մացառների միջոցով։ Տերևները բացվում են մայիսի կեսերին։ Լավ մեղրատու է, մեղրը կիտրոնի բուրմունք ունի։ Երիտասարդ տարիքում հարաբերական ստվերատար է։ Հետագայում դառնում է լուսասեր։ Խոնավասեր է, սակայն լավ է տանում ժամանակավոր երաշտը։ Ցրտադիմացկուն է. դիմանում է մինչև —40 °C-ի սառնամանիքին։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսում՝ Նյու Յորքից մինչև Միննեսոտի, արևմուտքում՝ մինչև Նեբրասկա և հարավում՝ մինչև Արկանզաս ու Թեննեսի։ Աճում է անտառներում, սննդանյութերով հարուստ, հզոր, բավարար խոնավ հողերում։ Հայաստանում մշակության մեջ հազվադեպ է հանդիպում։ Երևանում լավ է հարմարվել արտաքին պայմաններին, առատորեն ծաղկում և պտղաբերում է, առատ արմատային մացառներ է տալիս։ Լավ է աճում նաև Վանաձորում։ Այլ վայրերում չի հանդիպում։ Հեռանկարային է միջին և բարձր լեռնային շրջանների համար։

Կիրառություն խմբագրել

Էկոլոգիական խումբը' XI 1բ։ Մշակության հավանական շրջանները 1 —32[1]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 34։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիմնոկլադուս երկտուն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիմնոկլադուս երկտուն» հոդվածին։