Գերմանիան և Հայկական հարցը

Գերմանիայի արտաքին քաղաքականության մեջ 19-րդ դարի 70-ական թվականներից մինչև 1918Հայկական հարցը սոսկ երկրորդական տեղ է զբաղեցրել՝ որպես համապարփակ Արևելյան հարցի մի մաս։ 19-րդ դարում արևելյան հարցի սրումը պայմանավորված էր Օսմանյան կայսրության ակնհայտ թուլությամբ, ինչպես նաև եվրոպական տերությունների զավթողամոլական ձգտումներով։ 1915-ին սկսված հայերի կոտորածները անսպասելի չէին Գերմանիայի համար։ Ավելին, Գերմանիան սկզբունքորեն օրինական էր համարում քաղաքականապես «անվստահելի» հայերի բռնի արտաքսումը ռազմական գործողությունների շրջաններից։ Թուրքամետ դեսպան Հ. Վանգենհայմը օրինաչափ էր համարում թուրքերի «պաշտոնական միջոցառումները» նրանց սպառնացող հայկական ապստամբության դեմ։

Ռուս-թուրքական պատերազմը և Բեռլինի կոնգրեսը խմբագրել

Գերմանիան, ի տարբերություն ռազմական տեսակետից ավելի հզոր «առաջին կարգի» տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի, քիչ թե շատ նշանակալի գաղութներ չուներ։ Իրատեսորեն գնահատելով Գերմանիայի հնարավորությունները՝ ռայխսկանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը հիմնականում սահմանափակվում էր մայրցամաքային քաղաքականությամբ ու արտաքին քաղաքական զսպվածությամբ Արևելքում։ Դրա հետ մեկտեղ նա կարևոր էր համարում անգլո-ոուսական դիմակայության պահպանումը։ Հենց այդ պատճառով էլ, երբ 1877-78-ի ոուս-թուրքական պատերազմում Ռուսասթանակից հետո Անգլիայի հետ երկկողմ համաձայնազրի հնարավորություն ստեղծվեց, Գերմանիան համառորեն պահանջեց վերանայել 1878-ի տանի հաղՍան Ստեֆանոյի պայմանագիրը։ Այդ նպատակով հրավիրվեց 1878-ի Բեռլինի կոնգրեսը. որի նախագահն էր գերմանական կանցլերը։ Արևմտահայերի համար Բեռլինի կոնգրեսը նշանակում էր Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով թուրքերի կողմից տրված վարչական բարենորոգումների ու քրիստոնյա բնակչության պաշտպանության խոստումների ճակատագրական թուլացում և Ռուսաստանի հովանավորությունը պետությունների «համատեղ պատասխանատվությամբ» փոխարինում, որոնք այդպես էլ չկատարեցին Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի պայմանները։

Գերմանիայի վարած արևելյան քաղաքականությունը խմբագրել

Անատոլիական երկաթգծի (կոնցեսիան տրվեց 1888-ին) և Բաղդադի երկաթուղու (1903) շինարարությամբ աճեց Գերմանիայի տնտեսական և քաղաքական շահագրգռվածությունը Օսմանյան կայսրությունում։ Դա արտահայտվեց նաև գիտաքաղաքական մի շարք ընկերությունների (Մյունխենի արևելյան ընկերություն. 1901, Գերմանա-ասիական ընկերություն, 1902, Մարդասիրության բարեկամների Բաղդադի գերմանական կոմիտե. 1903-16, Գերմանական առաջավորասիական կոմիտե, 1906-07 և այլն) հիմնադրմամբ, որոնք հետամուտ էին ավելի ակտիվ արևելյան քաղաքականության։

Թուրքիայի հայերի 1894-96-ի կոտորածները մի որոշ ժամանակ մթագնեցին գերմանա-թուրքական հարաբերությունները։ Բայց շատ շուտով թուրքերի օգնությամբ «առաջին կարգի համաշխարհային տերություն» դառնալու Գերմանիայի ցանկությունը գերակա դարձավ քրիստոնեական համերաշխության նկատմամբ։ Ռայխսկանցլեր Խ. Հոհենլոեն կասկած հայտնեց, թե արդյո՞ք Գերմանիան հայկական կոտորածների համար պետք է պատերազմի սուլթանի դեմ։ Արտգործնախարարությունը մամուլին հայտնեց, թե նա չի միջամտում Թուրքիայի քաղաքականությանը։ ժամանակի առավել հայտնի թուրքամետ հրապարակախոսներից Հանս Բարտը նույնիսկ ընդունեց «թուրքերի ինքնապաշտպանության իրավունքը» ընդդեմ հայերի։ Կայսր Վիլհելմ ll-ը Կ. Պոլիս կատարած իր այցելության ժամանակ ընդգծեց իր բարեկամությունը արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ II-ի հետ։

Գերմանիայի հանրային կարծիքը XIX-XX դարերում խմբագրել

Գերմանիայի հանրային կարծիքը հարյուրամյակի վերջում գերազանցապես թուրքամետ էր։ Դրան նպաստում էին ծանրակշիռ քաղաքական և տնտեսական շարժառիթները. որոնք տատանվում էին մեծ Գերմանիայի գաղութատիրական պատրանքների և ավելի զուսպ «անուղղակի համաշխարհային քաղաքականության» ու «լիբերալ» կամ «կուլտուրական իմպերիալիզմի» միջև, ինչպես ազգային-լիբերալ դիրքերից քարոզում էր ազդեցիկ բողոքական քահանա և քաղաքագետ Ֆրիդրիխ Նաումանը։ Կառավարական քաղաքականությունը ըստ էության հետևում էր 1899-ին Ֆ. Նաումանի առաջարկած թուրքական պետության ուժեղացման և աջակցության քաղաքական գծին։ Հեռանալով Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Թուրքիայի անդամահատման բացահայտ ծրագրերից՝ Գերմանիան Թուրքիային ներկայանում էր որպես նրա մշտական ու հավատարիմ դաշնակից։ Ելնելով այն համոզումից, որ Թուրքիայի ամեն մի թուլացում հակասում է գերմանական շահերին, գերմանական առաջատար քաղաքագետների մեծ մասը հայերին դիտում էր որպես վտանգավոր գենք Ռուսաստանի ձեռքում։ Նույնիսկ այն փոքրաթիվ ազդեցիկ գործիչները (հրապարակախոս Պ. Ռորբախը, բողոքական քահանա Յո. Լեփսիուսը և ուրիշներ), որոնք հանդես էին գալիս հայերի պաշտպանությամբ, քարոզում էին տնտեսական ներթափանցում, ճանապարհների շինարարություն, իսկ պատերազմի ժամանակ՝ ռազմական դաշինք թուրքերի հետ, թեպետ հայերին համարում էին հուսալի, ավելի բարձր կանգնած և այդ իսկ պատճառով Գերմանիայի համար ավելի ձեռնտու «կուլտուրական տարր» Արևելքում։

Գերմանաթուրքական ռազմական դաշինք խմբագրել

1913-ի նոյեմբերից գերմանաթուրքական հարաբերությունների միջուկը դարձավ ռազմական դաշինքը։ Այն սկսվում էր 19-րդ դար սկզբից, երբ գեն-ֆելդմարշալ Հելմուտ ֆոն Մոլտկեն 1835-39-ին ծառայում էր սուլթանական արքունիքում։ Ավելի ուշ նրան է հետևել գեն-ֆելդմարշալ Կոլմար ֆոն դեր Գոլցը, որին երիտթուրքերը վերստին հրավիրեցին 1909-ի ապրիլին՝ թուրքական ցամաքային զորքերը վերակառուցելու համար։

1913-ի դեկտեմբերին միևնույն նպատակով գեներալ Օտտո Լիման ֆոն Սանդերսի գլխավորությամբ Թուրքիա ուղարկվեց գինվորական պատվիրակություն, որի մեջ նախապես մտնում էին մի քանի տասնյակ սպաներ ու 3 հազար զինվոր, իսկ պատերազմի վերջում՝ 800 սպա և 25 հազար զինվոր (տես Սանդերսի առաքելություն). 1914 թվականի օգոստոսի 2-ին ստորագրվեց ռազմական աջակցության մասին երկկողմ համաձայնագիր, որը նախ և առաջ ուղղված էր Ռուսաստանի դեմ։

Այն ժամանակ, երբ Գերմանիան նախապատրաստում էր թուրքական ցամաքային զորքերը Ռուսաստանի դեմ ապագա պատերազմին, արտգործնախարար ֆոն Յագովը (դեռևս 1912-13-ի Բալկանյան պատերազմների ընթացքում) յուրատեսակ երկակի ռազմավարության շրջանակներում փորձում էր արևմտահայերի համակրանքը Ֆրանսիայից ու Անգլիայից շեղել Գերմանիայի կողմը։ «Հայերի մեջ գերմանական մշակութային ազդեցության մասին հոգատարությանն» (Պ.Ռորբախ) էր ծառայում 1914-ին կազմված Գերմանա-հայկական ընկերությունը. Դրանից մեկ տարի առաջ Գերմանիան, առաջին անգամ, ակտիվորեն հանդես էր եկել հօգուտ «հայկական բարենորոգումների»՝ չցանկանալով այլևս այդ գործը թողնել Անտանտի երկրներին։ Ենիքյոյի (Կ. Պոլիս) դեսպանաժողովի ձախողումից (1913-ի հուլիս) հետո գերմանական դեսպան Հ. Վանգենհայմը առաջարկեց Գերմանիայի միջնորդությունը թուրքական ղեկավարության հետ խճողված բանակցություններում։ Որպես միջնորդ պետություն, Գերմանիան այժմ Ռուսաստանի հետ սկսեց աշխատել բարենորոգումների փոխզիջողական տարբերակի վրա։

Գերմանիան և Հայկական կոտորածները խմբագրել

Օսմանյան կայսրությունում 1915-ին սկսված հայերի կոտորածները անսպասելի չէին Գերմանիայի համար։ Ավելին, Գերմանիան սկզբունքորեն օրինական էր համարում քաղաքականապես «անվստահելի» հայերի բռնի արտաքսումը ռազմական գործողությունների շրջաններից։ Թուրքամետ դեսպան Հ. Վանգենհայմը օրինաչափ էր համարում թուրքերի «պաշտոնական միջոցառումները» նրանց սպառնացող հայկական ապստամբության դեմ։ Եվ միայն թուրքական վիլայեթների գրեթե բոլոր գերմանական հյուպատոսարաններից ստացված ու դեսպանության բազմաթիվ հաղորդագրությունների տպավորության տակ փոխվեց Վանգենհայմի կարծիքը։

1915-ի հուլիսի 7-ին նա ռայխսկանցլերին հայտնեց, որ այժմ արդեն արտաքսվում է նաև ռազմաճակատի գծից հեռու գտնվող հայ բնակչությունը, և որ «տեղահանման մեթոդները ցույց են տալիս, որ կառավարությունը փաստորեն հետամուտ է թուրքական պետության մեջ հայ ռասայի բնաջնջման նպատակին»։ Նույնիսկ գիտակցելով թուրք ջարդարարների այդ նպատակը՝ Վանգենհայմը 1915-ի օգոստ. 4-ին մեծ վեզիրին հղած իր հուշագրում նշում էր, որ թուրքական «պատժիչ միջոցառումները» օրինական են, և լոկ նախազգուշացնում էր Թուրքիայի միջազգային հեղինակության հնարավոր անկման մասին, որին կարող են հանգեցնել «վերահըսկոդությունից դուրս զանգվածային տեղահանությունները»։ Գերմանիան ոչինչ չձեռնարկեց՝ խանգարելու Թուր- քիայում հայերի ցեղասպանության իրագործմանը։ Պաշտպանելով իր դաշնակցին՝ Գերմանիան նույնիսկ փորձեց թուրքական «պատասխան միջոցառումների» համար մեղադրել Անտանտին, որը, իբր, հայերին տրամադրում էր Օսմանյան կայսրության դեմ։ Պատերազմի ժամանակ ամեն մի հաղորդագրություն հայերի ու հայկական հարցի մասին Գերմանիայում անպայման ենթարկվում էր գինվ. գրաքննության։ Այդ իսկ պատճառով քննադատական հաղորդագրությունները կարող էին երևալ միայն արտասահմանում (օրինակ՝ Շտյուրմերի Գ., «Երկու տարի Կոստանդնուպոլսում. գերմանական ու երիտթուրքական բարոյականության ու քաղաքականության ակնարկներ», 1917), կամ կասեցվում էին գրաքննական մարմինների կողմից, ինչպես, օրինակ. Յո. Լեփսիուսի, Մ. Նիպագեի ելույթները 1916-ին։ Գերմանիայի վերաբերմունքը հայերին ու հայկական հարցին չփոխվեց նաև այն ժամանակ, երբ թուրքական զորքերը 1918-ին ներխուժեցին Անդրկովկաս, թեպետ Կովկասում գերմանական պատվիրակության ղեկավար գեներալ ֆոն Կրեսենշտայնը 1918-ի հուլիսի 11-ին ռայխսկանցլերին ահազանգում էր, թե «թուրքերը հաճախ են գնում այն բանին, որպեսզի հետևողականորեն ոչնչացնեն, սովի մատնեն դեռևս ողջ մնացած մի քանի հարյուր հազար հայերին»։ Ձախողվեցին նաև 1918-ի հունիսին Բեռլինում գտնվող Հայաստանի Հանրապետության՝ Հ. Օհանջանյանի գլխավորած պատվիրակության բոլռր ջանքերը՝ կայսերական կառավարությանը հորդորելու միջոցներ ձեռնարկել ի պաշտպանություն հայերի։ Գերմա նիան, որն այդ ժամանակ 1918-ի Բրեստի հաշտությամբ արդեն համաձայնել էր Թուրքիային հանձնել Կարսը, Արդահանն ու Բաթումը, այժմ արդեն, նկատի առնելով նաև խորհրդային Ռուսաստանը. պատրաստ չէր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։

Գերմանիայի քաղաքականությունը առաջին համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո գերմանական սուզանավը Թուրքիայից դուրս բերեց երիտթուրքական ղեկավար գործիչներին, այդ թվում՝ էնվերին, Թալեաթին, Ջեմալին ու Նազիմին։ Գերմ. կառավարության համաձայնությամբ էնվերն ու Թալեաթը հայտնվեցին Բեռլինում, չնայած Թուրքիայի մեծ վեզիրը Գերմանիայից պահանջեց հանձնել ռազմական հանցագործներ և արդեն (1919ին) հեռակա կարգով մահվան դատապարտված երիտթուրքական պարագլուխներին։

1921-ի մայիսին Բեռլինում Թալեաթին սպանեց ժող. վրիժառու Ս. Թեհլերյանը։

1933-ին Գերմանիայում նացիոնալսոցիալիստների կողմից իշխանությունը գրավելուց հետո, այնտեղ բնակվող հայերին նախ և առաջ սպառնում էր սեմական ծագման մեջ կասկածը։ Այն ժամանակ արգելված և ոչնչացվող գրականության ցանկում էին նաև Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը», ինչպես նաև Ա. Թ. Վեգլերի գրքերը, որը դեռևս 1919-ին հանդես էր եկել հօգուտ հայկական ազգային պետության ստեղծման։ Հիտլերը իր նախկին խորհրդատուի, որը 1915-ին Էրգրումի գերմանական հյուպատոսն էր, միջոցով լավ տեղյակ լինելով հայերին ոչնչացնելու երիտթուրքերի գործողություններին, 1939-ի օգոստ. 22-ին Վերմախտի բարձր հրամանատարության առջև իր ելույթում հեգնաբար ակնարկեց պետական հանցագործությունների հարցում մարդկային խղճի մոռացկոտության մասին.

  Ես հրաման եմ տվել... այն, որ պատերազմի նպատակը որոշակի բնագծերի ձեռքբերումը չէ, այլ հակառակորդի ֆիզիկական ոչնչացումը... Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին[1]։
- Ադոլֆ Հիտլեր
 

Գրականություն խմբագրել

  • Акопян С. М., Западная Армения в планах империалистических держав в период первой мировой войны, Е, 1967;
  • Степанян С, С., Армения в политике империалистической Германии, Е., 1975;
  • Das deutsch-türkische Waffenbündnis im Weltkneg, Lpz, 1940;
  • Кampan W., Studien zur deutschen Türkeipolitik in der Zett Wilhelms II, Kiel, 1968;
  • Trumpener U., Germany and the Ottoman Empire 1914-1918, Princeton (Near-Jersey), 1968;
  • Lepsius J., Deutschland und Armenian 1914-1918։ Sammlung diplomatischer Aktenstücke, Bremen, 1986;
  • Koutcharian G., Der Siedlungstraum der Armenier unter dem emflub, der historisch-politischen Erignisse seit dem Berliner Kongres 1878։ Eine politisch-geographische Analyse und Dokumenlalion, B., 1989

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Akten zur deutschen auswärtigen Politik 1919-45, Serie D, VII. Nr. 193. S. 171, Anm. 1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։