Գեկոններ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ենթակարգ Gekkota
Վերնաընտանիք Gekkonoidea
Ընտանիք Գեկոններ (Gekkonidae)
Gray, 1825

Գեկոններ (լատին․՝ Gekkonidae), սողունների դասի թեփուկավորների կարգի մողեսների ենթակարգի ընտանիք։ Մեծ մասամբ բնութագրվում են երկակի սնամեջ ողերով, քներակային կիսակլոր ոսկրերի բացակայությամբ, որպես կանոն զույգ գագաթոսկրերով, զուգավոր գաղթունային փոսի բացակայությամբ, ինչպես նաև տարբեր չափերով լայնացած անրակներով, որոնք սովորաբար ներսի ծայրերին անցքեր ունեն[1]։

Հայաստանում տարածված է 1 տեսակ՝ կասպիական նեղմատ գեկոնը։

Ընդհանուր բնութագիր

խմբագրել

Գեկոններն ունեն մարմնից լավ տարանջատված խոշոր գլխով, որի վրա կան բազմաթիվ հատիկավոր կամ մանր բազմանկյունային վահաններ։ Ունեն առանց թարթիչների մեծ աչքերով, որ ծածկված են անշարժ, թափանցիկ թաղանթով, լայն լեզու, որ առջևի ծայրին ունի ոչ մեծ պատռվածք, իսկ վերևից ծածկված է փոքր պտուկներով։ Պոչը ինքնահատվող է։ Տեսակների մեծ մասը վարում է մթնշաղային և գիշերային ապրելակերպ։ Հիմնականում ձվադիր են։ Ձվերը պատված են պինդ կրակալած կամ թղթանման փափուկ թաղանթով։ Շատ տեսակներ կարող են արձակել բազմազան ձայներ[2]։

Տարածվածություն

խմբագրել

Գեկոնների մեծ մասը Հին ու Նոր աշխարների արևադարձային և մերձարևադարձային գոտիների բնակիչներ են։ Մի քանի տեսակներ տարածվում են դեպի հյուսիս՝ մինչև ԱՄՆ-ի հարավ-արևելք, Եվրոպայի և Սերբիայի հարավ, ինչպես նաև դեպի հարավ՝ մինչև Նոր Զելանդիայի կղզիներ և Հարավային Ամերիկա։ Որոշ տեսակներ հանդիպում են հեռավոր օվկիանոսային կղզիներում և ատոլներում և սցինկների հետ միասին հանդիսանում են այ տարածքների միակ ցամաքային սողունները։

Շատ գեկոնների բնակության վայրերը հաճախ սահմանափակվում են սուբտրատով, և նրանք հաճախ հարմարված են որոշակի տեսակի քարերին, հողին կամ ծառատեսակներին։ Գեկոնների բազմազանությունը հատկապես մեծ է Աֆրիկայի և Ավստրալիայի չորային և կիսաչորային շրջաններում, ինչպես նաև Հարավային Ասիայի և Մադագասկարի անտառներում։ Որոշ տեսակներ բնակվում են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Միջին Ասիայում։

 
Գեկոնի թաթ

Վերջույթներ

խմբագրել

Գեկոնի թաթերը պատված են բազմաթիվ մանրագույն մազիկներով, որ կառչում են հենարանի մակերևույթին Վան-Դեր-Վալսյան ուժերի միջոցով, ինչը օգնում է[3] նրանց տեղաշարժվել ապակու, առաստաղի և այլ մակերևույթների վրայով[4]։ 50 գրամ կշռող գեկոնը կարող է թաթերի վրա պահել մինչև 2 կգ կշիռ ունեցող բեռ[5]։

Գեկոնի թաթերը և մարմինը նույնպես մասնակցում են մազիկների ամրացմանն ապակուն՝ կատարելով յուրահատուկ կենսաբանական զսպանակի դեր, որը սողունի վերջույթները սեղմում է հարթ մակերևույթին[6]։

Դասակարգում

խմբագրել

2017 թվականի մայիսի տվյալներով՝ ընտանիքը ներառում է 1121 տեսակ, որ միավորված են 57 ցեղերում[7], որոնց շարքում առավել խոշորներն են՝ Cyrtodactylus (232 տեսակ[8]), Hemidactylus[en] (144 տեսակ[9]), Cnemaspis[en] (130 տեսակ[10]):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Grzimek’s Animal life encyclopedia, volume 7. Reptiles, 2003, pp. 259—263.
  2. Ананьева Н. Б., Орлов Н. Л., Халиков Р. Г., Даревский И. С., Рябов С. А., Барабанов А. В. Атлас пресмыкающихся Северной Евразии (таксономическое разнообразие, географическое распространение и природоохранный статус). — СПб.: Зоологический институт РАН, 2004. — С. 33. — 1000 экз. — ISBN 5-98092-007-2.
  3. H. Zeng, N. Pesika, Y. Tian et al., Frictional adhesion of patterned surfaces and implications for gecko and biomimetic systems, Langmuir 25 (13), 2009, pp.7486-95.
  4. K. Autumn, M. Sitti, Y.A. Liang et al., Evidence for van der Waals adhesion in gecko setae, Proc Natl Acad Sci 99 (19), 2002, pp. 12252-6
  5. «Рустам Минниханов и Анатолий Чубайс открыли в Казани выставку «Смотрите — это НАНО»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
  6. Зоологи нашли "пружины" в сверхлипких лапах ящериц-гекконов
  7. The Reptile Database: Gekkonidae(անգլ.)(Ստուգված է 5 Հունիսի 2017).
  8. The Reptile Database: Cyrtodactylus(անգլ.)(Ստուգված է 5 Հունիսի 2017).
  9. The Reptile Database: Hemidactylus(անգլ.)(Ստուգված է 5 Հունիսի 2017).
  10. The Reptile Database: Cnemaspis(անգլ.)(Ստուգված է 5 Հունիսի 2017).

Գրականություն

խմբագրել
  • Grzimek B. Animal Life Encyclopedia, second addition. Volume 7. Reptiles. — 2003. — С. 259—263. — 570 с. — ISBN 0-7876-5783-2
  • Жизнь животных. Том 5. Земноводные и пресмыкающиеся / Банников А. Г. — М.: «Просвещение», 1985. — С. 179—180.
  • Kluge,A.G. (1987). Cladistic relationships in the Gekkonoidea (Squamata: Sauria). Misc. Publ. Mus. Zool. Univ. Michigan 173: 1-54.
  • Kluge, Arnold G. (2001). Gekkotan lizard taxonomy. Hamadryad 26 (1): i-ii, 1-209.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 706  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեկոններ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեկոններ» հոդվածին։