Գաբրիելե Պետկևիչայտե Բիտե

լիտվացի գրող, դրամատուրգ, հրապարակախոս, գրական քննադատ

Գաբրիելե Պետկևիչայտե Բիտե (գրական կեղծանունը` Բիտե, «մեղու») (լիտ.՝ Gabrielė Petkevičaitė-Bitė), մարտի 18, 1861(1861-03-18)[1][2], Smilgiai, Պանավեժի կոմսություն, Լիտվա[3] - հունիսի 14, 1943(1943-06-14)[1][2], Պանևեժիս, Լիտվա[4]), լիտվացի գրող, դրամատուրգ, հրապարակախոս, գրական քննադատ։ Հասարակական-քաղաքական գործիչ, Լիտվայի սահմանադիր սեյմի նախագահ (1920-1922), մանկավարժ։

Գաբրիելե Պետկևիչայտե Բիտե
Գաբրիելե Պետկեվիչայտե Բիտեն Լիտվայի դրոշմանիշի վրա, 2011
Ծնվել էմարտի 18, 1861(1861-03-18)[1][2]
ԾննդավայրSmilgiai, Պանավեժի կոմսություն, Լիտվա[3]
Վախճանվել էհունիսի 14, 1943(1943-06-14)[1][2] (82 տարեկան)
Վախճանի վայրՊանևեժիս, Լիտվա[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրող
Քաղաքացիություն Լիտվա[5][6]
ԿուսակցությունLithuanian Popular Peasants' Union?
 Gabrielė Petkevičaitė-Bitė Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կովնոյի նահանգի ազնվականներից է։ Իոնիշկելիսի հիվանդանոցի տնօրենի դուստրն է։ Ինը տարեկանում կորցրել է մորը, ով մահացել է տիֆից։ Ինքն ու հինգ եղբայրները որբ են մնացել։ Մանկուց Գաբրիելեն հաշմանդամ է եղել (ունեցել է ողնաշարի ծռում)։ Ստացել է տնային կրթություն։ Նրա ուսուցիչներից է եղել Լաուրինաս Իվինսկիսը։ 1878 թվականին կանանց գիմնազիա է ավարտել Ելգավում։ Ավելի ուշ հոր հետ աշխատել է դեղատանն ու ուսումնասիրել է լիտվերեն։ 1890-ական թվականների սկզբին սկսել է զբաղվել մշակութային-հասարակական ու ստեղծագործական գործունեությամբ։ 1893 թվականին նախաձեռնել է «Պայքարող ուսանողների աջակցության համայնքի» ստեղծումը։ 1907 թվականին եղել է լիտվացի կանանց առաջին ժողովի կազմակերպիչներից մեկն ու նախագահը, Լիտվացի կանանց ասոցիացիայի համահիմնադիրներից մեկը (1908)։ 1909 թվականից, հոր մահից հետո ապրել է Վիլնոյում, աշխատել է «Lietuvos žinios» խմբագրությունում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վերադարձել է հայրենի եզերք։ Ավարտել է բուժքույրական դասընթացներ, օգնել է հիվանդներին։ Պատերազմի ժամանակ օրագիր է պահել, որը հրապարակվել է 1925 և 1933 թվականներին։ 1919 թվականին սկսել է դասավանդել Պանևեժյան գիմնազիայում։ Եղել է աղջիկների դպրոցական համազգեստի մշակողներից մեկը, որն ընդունվել է ազգային մակարդակով ու գոյություն է ունեցել մինչև 1990-ական թվականների սկիզբ։ Զբաղվել է քաղաքական գործունեությամբ։ Եղել է Լիտվայի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ։ 1920 թվականին ընտրվել է Լիտվայի սահմանադիր սեյմ, և որպես դրա ամենաավագ անդամ, նախագահել է առաջին սեսիան, որից հետո ընտրվել է նախագահ։ 1924 թվականին առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է դասախոսի աշխատանքից։ Այնուհետև հեռացել է հասարակական կյանքից, սակայն շարունակել է գրել։

Ստեղծագործություն խմբագրել

Հիմնական ստեղծագործություններից են. «Մանրուքներ» (1905) պատմվածքների ժողովածու, «Վիլկենե» (1894), «Աստծուն ի տես» (1905) պատմվածքներ, «Վաճառված երջանկություն» պիես։ Հանդես է եկել որպես քննադատ` պաշտպանելով ռեալիզմի ուղղությունը լիտվական գրականության մեջ։ «Երկու կանայք» ընդհանուր կեղծանունով գրող Յու. Ժեմայտեի հետ համատեղ գրել է մի քանի սոցիալ-կենցաղային դրամաներ և կատակերգություններ։ Այդ պիեսները ցույց են տվել պայքարը ցարիզմի դեմ, հանուն ժողովրդի լուսավորության։ Դպրոցական երկհատոր դասագրքի հեղինակ է։ Լիտվայում սահմանված է Գ. Պետկևիչայտե Բիտեի անվան մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Պետկևիչայտե Բիտե» հոդվածին։