Բույսերի վիրուսային հիվանդություններ

Բույսերի վիրուսային հիվանդություններ՝ վիրուսներով հարուցվող բույսերի հիվանդությունների խումբ։ Վնասում են ծաղկավոր բույսերի տարբեր ընտանիքների ներկայացուցիչներին, ասեղնատերևներին, պտերներին, ջրիմուռներին և սնկերին։ Հաճախ խիստ նվազեցնում են գյուղատնտեսական կուլտուրաների բերքի քանակը և որակը։ Բաժանում են 2 խմբի՝ խայտաբղետություն (մոզաիկա) և դեղնախտ։

Խայտաբղություններ խմբագրել

Խայտաբղությունների հիմնական ախտանշանը տերևների խայտաբղետ (անհավասարաչափ) գունավորումն է, որը պայմանավորված է տերևների ասիմիլյացիոն պարենքիմի բջիջների պլաստիդային ապարատում եղած փոփոխություններով։ Այս խմբի հիվանդություններից են ծխախոտի, լոլիկի, ճակնդեղի խայտաբղետությունը և ստրիգը, կարտոֆիլի կնճռապատ և զոլավոր խայտաբղետությունը ևն։ Դեղնախտերին բնորոշ են․ տերևների ընդհանուր քլորոգը, աճման խանգարումը (ոչ հազվադեպ գաճաճությունը), տերևների ոլորումը, գանգրությունը, դրանցում ածխաջրերի չափից ավելի կուտակումը, որն առաջացնում է կոշտություն և դյուրաբեկություն։ Դեղնախտերից են․ ճակնդեղի դեղնախտը, հացազգիների (դաշտավլուկազգիների) հարսնյակավորումը, կարտոֆիլի տերևների ոլորումը ևն։ Խայտաբղետությունները հեշտությամբ են փոխանցվում սածիլման, բճատման, հիվանդ և առողջ բույսերի շփման ժամանակ, երբեմն սերմերի, ինչպես նաև ծծող միջատների (օրինակ, լվիճներ) միջոցով։ Վիրուսի փոխանցումը այս դեպքում կատարվում է զուտ մեխանիկորեն։

Դեղնախտեր խմբագրել

Դեղնախտերը տարածվում են առավելապես փոխանցող-միջատներով։ Վիրուսի փոխանցումը կատարվում է կենսաբանորեն․ նախապես վիրուսը բազմանում է միջատի մարմնում (գաղտնի շրջան)։ Վիրուսային հիվանդությունների փոխանցողներից են նաև բուսակեր տզերը, նեմատոդները, ստորակարգ սնկերը։ Վիրուսների փոխանցում հնարավոր է գաղձի միջոցով։ Գրեթե բոլոր վիրուսային հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են սերունդներին, վեգետատիվ բազմացման, պատվաստումների ժամանակ։ Վիրուսները ձմեռում են բույսերի, դրանց մեռած մնացորդների, փոխանցողների, ցանքանյութի, տնկանյութի մեջ։ Բուսական հյուսվածքներում վիրուսների բազմացման արագության և հիվանդության ախտանշանների դրսևորման վրա մեծ ազդեցություն ունեն բույսի տարիքը (առավել ընկալունակ են մատղաշ բույսերը), դրանց սննդառության պայմանները և արտաքին միջավայրի այլ գործոններ։ Պայքարի միջոցառումներ, իմուն սորտերի օգտագործում, ցանքի և բերքահավաքի ժամկետների կարգավորում, ցանքատարածությունների մաքրումը հիվանդ բույսերից, պայքար հիվանդություն փոխանցողների և մոլախոտերի դեմ, պատվաստվող նյութի տաքացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 473