Տզեր, հոդվածոտանիների տիպի սարդակերպների դասի մանր (երկարությունը՝ 0,1–35 մմ) կենդանիներ են։ Հայտնի է տզերի ավելի քան 10 հզ., Հայաստանում՝ 500 տեսակ։ Թրթուրն ունի 6, իսկ սեռահասուններն ու հարսնյակները՝ 8 ոտք։ Մակաբույծ տզերն ունեն գլխակուրծք (պրոսոմա)։ Վերջավորությունների կառուցվածքը կախված է սնման եղանակից և կենսակերպից. լինում են ճանկերի կամ ասեղների նման, ծառայում են կերը որսալու կամ մաշկը ծակելու համար։ Վերջավորությունների 1-ին և 2-րդ զույգերը (խելիցերներ և պեդիպալպներ) միացած են բերանային ապարատի մեջ և գոյացնում են առաջ ցցված շարժուն «գլխիկ»։ Տզերի որոշ տեսակների արուների խելիցերը հարմարված է զուգավորմանը։ Մեծ թվով տզեր աչքեր չունեն, շնչառությունը մաշկային է կամ տրաքեային։ Տզերը տարասեռ են, բազմանում են սեռական ճանապարհով։ Հայտնի են նաև կուսածնությամբ բազմացման դեպքեր։ Նրանց մեծ մասը ձվադրում է, իսկ որոշ տեսակներ կենդանածին են։ Տզերը դասակարգվում են 3 ենթակարգով՝ ակարիֆորմ (զրահավոր, ամբարային, մազավոր, փետրավոր, քոսի), տրոմբիդիֆորմ (սարդոստայնային, ջրային, կարծրամարմին) և մակաբույծ (գամազային, արգասային, իքսոդային և այլն)։ Տզերը տարածված են ամենուրեք. մեծամասնությունն ապրում է ցամաքում, որոշ տեսակներ՝ ծովերում և քաղցրահամ ջրերում։ Հիմնականում տարածված են մեղմ կլիմայով և արևադարձային գոտիներում։ Գիշատիչ և բուսակեր տզերն ապրում են հողում, խոտի և քայքայվող օրգանական նյութերի վրա։ Շատերը բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Որոշ տզեր օգտակար են. մասնակցում են հողագոյացմանը։ Ֆիտոսեիդ տզերը ոչնչացնում են բույսերի որոշ վնասատուների։ Իքսոդային, գամազային և արգասային տզերը, որպես արտաքին մակաբույծներ, մեծ վնաս են պատճառում մարդուն, կենդանիներին և մի շարք հիվանդությունների (ուղեղաբորբ, բծավոր տիֆ, տուլարեմիա, Քյուտենդ և այլն), նաև վիրուսների, բակտերիաների և այլ վնասակար միկրոօրգանիզմների փոխանցողներ են։ Մի շարք զրահավոր տզեր համարվում են կենդանիների երիզորդային հիվանդությունների միջանկյալ տերեր։ Ամբարային տզերն ախտահարում են պարենամթերքի պաշարները։ Տզերի արտաթորանքով վարակված սնունդը կորցնում է իր սննդային հատկությունները և առաջացնում ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, ալերգիական երևույթներ։ Քոսի տիզը մարդու և կենդանիների մաշկի մակաբույծ է՝ առաջացնում է քոս հիվանդությունը։ Տզերի որոշ տեսակներ հարուցում են մեղուների առանձին հիվանդություններ։ Տզերն ուսումնասիրող գիտությունը կոչվում է տզաբանություն (ակարոլոգիա)։