Բոլետոպսիս սև-սպիտակ
Բոլետոպսիս սև-սպիտակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Սնկեր
Տեսակ Բոլետոպսիս սև-սպիտակ
Լատիներեն անվանում
Boletopsis leucomelaena


Բոլետոպսիս սև-սպիտակ (լատին․՝ Boletopsis leucomelaena), Boletopsidaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ուտելի պտղամարմիններով սունկ է, որի կենտրոնական կամ կողքային գլխարկով պտղամարմինները միամյա են։ 5-12 սմ տրամագծով, մոխրագույն, գորշավուն, կլորավուն, տափակ կամ ուռուցիկ, սուր հաստ եզրերով գլխարկի մակերեսը պատված է բարակ թաղանթով, որը հասունանալուց հետո ճաքճքում է՝ առաջացնելով թեփուկներ։ Սկզբում սպիտակ պտղամիսը կտրելուց վարդագույն է, մանուշակագույն երանգով, հետո՝ մոխրագույն կամ գորշավուն։ Հիմենոֆորը խողովակաձև է։ Մինչև 4 մմ երկարությամբ, կարճ, սպիտակ, մոխրագույն, գորշավուն խողովակները կազմված են բավականին մանր անցքերից։ Դեպի հիմքը երբեմն ուռուցիկ ոտիկը 2-4 x 1-3 սմ է, գլխարկի գույնի, կենտրոնական կամ կողքային, գլանաձև, ամուր, հարթ ։ Պտղամիսը կանաչավուն է, իսկ սպորափոշին՝ սպիտակ կամ գորշավուն։ 4,5-7 x 3,5-5 մկմ, բաց շագանակագույն, կլորավուն կամ էլիպսաձև սպորները գորտնուկավոր են[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկաս (Հայաստան)։ Հայաստանում՝ Իջևանի ֆլորիստիկական շրջանում «Դիլիջան» ազգային պարկ, Ախնաբատի կենու անտառի շրջակայքում հայտնաբերվել են տվյալ սնկի պտղամարմինները[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հանդիպում է հողի վրա, խառն անտառներում, 1600 մ բարձրության վրա, սեպտեմբեր ամսին։ Միկոռիզա գոյացնող սունկ է՝ համակեցության մեջ է մտնում կաղնու, բոխու, սոճու հետ[1]։

Պահպանություն խմբագրել

Հայաստանում պահպանվում է «Ախնաբատի կենի» արգելավայրի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլետոպսիս սև-սպիտակ» հոդվածին։