Բնապահպանական տեղեկատվություն

Բնապահպանական տեղեկատվություն, գրավոր, էլեկտրոնային կամ ցանկացած այլ կրիչով ամփոփ տեղեկատվություն.

  • շրջակա միջավայրի տարրերի (մթնոլորտային օդ, ջուր, հող, լանդշաֆտ, օգտակար հանածոներ, կենսաբազմազանություն, գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ) վիճակի մասին,
  • երևույթների (վնասակար նյութերի արտանետումներ, էներգիա, աղմուկ, աղետներ, ճառագայթում, ջրաօդերևութաբանական վիճակ), գործունեության կամ միջոցառումների (ներառյալ վարչական միջոցառումների, շրջակա միջավայրին առնչվող համաձայնագրերի, պայմանագրերի, քաղաքականության, օրենսդրության, ծրագրերի մասին,
  • բնակչության առողջության, անվտանգության և կենսապայմանների, մշակութային օբյեկտների, շենքերի և շինությունների (որքանով դրանց վրա կարող է ազդել շրջակա միջավայրի վիճակը) մասին

Շրջակա միջավայրում ընթացող շարժընթացների բազմակողմանի ընկալման և համարժեք միջոցառումների մշակման ու իրականացման համար կարևոր նշանակություն ունի համալիր և համակարգված տեղեկատվական համակարգը։ Այդ նպատակով կարևոր է ազգային տեղեկատվական կենտրոնների միասնական ցանցի ստեղծումը, որի ձևավորման համար կարող է հիմք հանդիսանալ շրջակա միջավայրի վիճակի և ազգաբնակչության սոցիալ-տնտեսական չափանիշների վերաբերյալ համապարփակ տվյալների բազան։ Բնապահպանական տեղեկատվության բազմազանությամբ արժեքավոր է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության ամենամյա «Շրջակա միջավայրը և բնական պաշարները Հայաստանի Հանրապետությունում» պաշտոնական վիճակագրական ժողովածուն։

ժողովածուի ամփոփ տվյալների շարժի և վիճակագրական ցուցանիշների վերլուծության հիման վրա մշակվում է բնապահպանական և բնօգտագործման քաղաքականությունը, ստեղծվում ԳՀ աշխատանքների, վերլուծությունների գիտական, ինչպես նաև հանրության լայն շրջանների տեղեկատվության դաշտը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։