Բյուջետային գործընթաց (անգլ.՝ Budget process), յուրաքանչյուր բյուջետային տարվա բյուջեները կազմելու, քննարկելու, հաստատելու և կատարելու, դրանց տարեկան հաշվետվությունը հաստատելու ուղղությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով կանոնակարգված գործունեություն[1]։

Բյուջետային տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին։

Բյուջեի նախագիծը կազմվում է կառավարության գործունեության, ինչպես նաև համայնքների զարգացման ծրագրերին համապատասխան։

Բյուջետային տարվան հաջորդող տարվա առաջին ամսվա ընթացքում կառավարության որոշմամբ կարող է շարունակվել նախորդ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը, եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան չի նախատեսվել։ Տվյալ բյուջետային տարվա համար բյուջետային գործընթացը սկսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում՝ տվյալ բյուջետային տարվա բյուջեների կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու օրը։

ՀՀ-ում պետական բյուջեի նախագծի կազմում խմբագրել

Պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքները կազմակերպում է կառավարությունը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա՝ այդ որոշմամբ նախատեսված ժամկետներում։

Պետական բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը կամ նրա լիազորած պետական կառավարման մարմինը խորհրդակցում է կենտրոնական բանկի հետ՝ պետական բյուջեի նախագծին առնչվող հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնաճի միջնաժամկետ կանխատեսումների շուրջ։

Պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը բաղկացած է երկու փուլից՝

  1. առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման համար պատշաճ ծրագրային հիմքեր ստեղծելու նպատակով առաջիկա երեք տարվա՝ Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակում
  2. առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակում

Առաջիկա երեք տարվա՝ Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել կառավարության համար կառավարելու պետական հավածի ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան։ Միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ծառայում է հիմք՝ պետական բյուջեի նախագծի մշակման աշխատանքների համար։

Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման փուլն սկսվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշման ընդունման օրը և ավարտվում միջնաժամկետ ծախսերի ծրագրի հրապարակման օրը։ Միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակումն իրականացվում է առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում։

Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում պետական մարմիններին է տրամադրում միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումները։ Միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը կազմելու մեթոդական ցուցումներում ներկայացվում են պետական մարմինների կողմից մշակվող ոլորտային միջնաժամկետ ծրագրերի նախագծերին ներկայացվող ընդհանուր պահանջները, այդ նախագծերի ներկայացման կարգը, ինչպես նաև տեղեկություններ՝ առաջիկա երեք տարում կառավարության հարկաբյուջետային սկզբունքների, կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշների և ռազմավարական ծախսային գերակայությունների վերաբերյալ։

Պետական մարմինները կազմում և պետական լիազորված մարմին են ներկայացնում իրենց ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերը՝ առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում։

Ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագիրը ստորագրում է պետական մարմնի ղեկավարը։

Սահմանված ժամկետում ոլորտային միջնաժամկետ ծախսերի ծրագրերի չներկայացման դեպքում դրանք ըստ անհրաժեշտության և հնարավորության կազմում է պետական լիազորված մարմինը։

Իր պարտականությունները կատարելու համար պետական լիազորված մարմինն իրավասու է պետական մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։

Պետական լիազորված մարմինը մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում ներկայացնում է կառավարություն։

Կառավարությունը քննարկում և մինչև ընթացիկ տարվա հուլիսի 10-ը հաստատում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Կառավարությունը հրապարակում, ինչպես նաև Ազգային ժողով է ներկայացնում՝ ի գիտություն, միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 20-ը։

Առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծի մշակման փուլն սկսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատման օրը։

Պետական լիազորված մարմինն առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններ է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք ներկայացնելու մեթոդական ցուցումները՝ դրանց մեջ արտացոլելով առաջիկա տարվա քաղաքականության գերակայությունների, պետական մարմիններին հատկացվելիք ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակների և նոր ծրագրերի ու միջոցառումների ֆինանսավորման իմաստով առանձին ոլորտներում համեմատաբար առաջնահերթ համարվող պետական մարմինների ցանկը։

Բյուջետային ֆինանսավորման հայտերի, արտաքին ու ներքին պարտավորությունների և հաջորդ տարում կանխատեսվող մուտքերի հիման վրա պետական լիազորված մարմինը կազմում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը և ներկայացնում կառավարություն։

Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը՝ ներառյալ նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ։

ՀՀ-ում պետական բյուջեի նախագծի քննարկում և հաստատում խմբագրել

Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկման և հաստատման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով[2]։

Եթե պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո։

Մինչև բյուջետային տարվա սկիզբը պետական բյուջեն չհաստատվելու դեպքում՝ ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով։

Այդ դեպքում, մինչև այդ տարում բյուջետային միջոցների օգտագործումը կարգավորող օրենքի ընդունումը, կառավարությունն իրավասու է տվյալ տարում բյուջետային միջոցները ծախսելու՝ օրենսդրությամբ սահմանված նպատակներով կատարել նախկինում կնքված պայմանագրերից բխող պարտավորությունները, ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացումները տեղական ինքնակառավարման մարմիններին (նախորդ տարվա համար օրենքով սահմանված բաշխմամբ), շարունակել կենսաթոշակների և նպաստների վճարումները, ինչպես նաև ներդրումային ծրագրերի ֆինանսավորումը։ Ընդ որում, նշված ծախսերը կարող են կատարվել, եթե դրանց ֆինանսավորման համար նախորդ տարվա պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված են եղել հատկացումներ։ Այդ դեպքում կատարվող ծախսերի չափը (բացառությամբ կենսաթոշակների և նպաստների վճարման ծախսերի) չի կարող գերազանցել նախորդ տարվա հատկացումների մեկ քառորդը՝ եռամսյակի, կամ մեկ տասներկուերորդը՝ ամսվա կտրվածքով։ Կառավարությունն իրավասու է չֆինանսավորել այն ծախսերը, որոնք չեն նախատեսվել տվյալ տարվա բյուջեի մասին իր կազմած օրենքի նախագծում։

Եթե մինչև բյուջետային տարվա uկիզբն այդ տարվա պետական բյուջեն չի հաuտատվում, ապա մինչև դրա հաստատումը բյուջեից շարունակվում է oրենuդրությամբ uահմանված կենuաթոշակների և նպաuտների ֆինանuավորումը՝ ամբողջ ծավալով[2]։

ՀՀ-ում պետական բյուջեի կատարում խմբագրել

Պետական բյուջեի կատարման կարգը սահմանում է կառավարությունը։ Պետական բյուջեի կատարման ընթացքում պետական կառավարման համապատասխան մարմնի ղեկավարը կառավարության սահմանած կարգով կարող է կատարել այդ մարմնի կողմից իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով պետական բյուջեի մասին օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 15 % չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ)։

Ազգային ժողովի հաստատած պետական բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության առաջարկությամբ՝ օրենսդրական նախաձեռնության կարգով։ Պետական բյուջեում այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են պետական բյուջեի մուտքերը կամ ավելացնում ելքերը, Ազգային ժողովը քննարկում է միայն կառավարության եզրակացության առկայությամբ և ընդունում պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Պետական բյուջեի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ծախսային ծրագրերի միջև՝ դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ)։ Ընդ որում, հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված՝ համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ)։

Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները։

Պետական բյուջեի կատարման պատասխանատուն կառավարությունն է։

Կառավարությունը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո՝ 40 օրվա ընթացքում, Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն՝  օրենքով սահմանված բյուջետային դասակարգման և տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի կառուցվածքին համապատասխան։

Եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված բյուջետային մուտքերի տարեկան ծավալի թերակատարման վտանգ է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքում, որը կարող է հանգեցնել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների տարեկան ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով թերակատարմանը, ապա կառավարությունը կարող է ընդունել որոշում տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը՝ դրանց ընդհանուր ծավալի 10 տոկոսը չգերազանցող չափով կրճատելու մասին՝ ըստ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ուղղությունների կառավարության սահմանած համամասնություններով։

Հաստատված պետական բյուջեի եկամուտների կազմում չնախատեսված և այդ բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարները կառավարությունն իրավասու է նույն տարում ծախսել՝ ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների։

Պետական բյուջեում փոփոխությունները և լրացումները կատարվում են օրենքով։

ՀՀ-ում պետական բյուջեի կատարման հսկողություն և վերահսկողություն խմբագրել

Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացնում է կառավարությունն՝ ըստ սահմանած կարգի։

Պետական բյուջեի կատարման վերահսկողությունն իրականացնում է Ազգային ժողովը։

Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում՝

  1. տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ
  2. օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ
  3. բյուջետային պարտավորությունների կատարման, բյուջետային միջոցների ծախսման օրինականության և հաստիքանախահաշվային կարգապահության պահպանման ուղղությամբ

ՀՀ-ում պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն խմբագրել

Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունն Ազգային ժողով է ներկայացնում մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը։ Կառավարությունը յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության հետ Ազգային ժողով է ներկայացնում նաև դրա վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից կառավարություն ներկայացված Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը։

Պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է՝

  1. տեղեկություններ հաշվետու տարում հարկաբյուջետային քաղաքականության և համապատասխան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, որոնք ազդել են պետական բյուջեի կատարման արդյունքների վրա
  2. պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի (հավելուրդի) հիմնավորվածությունը, դրանց համեմատական վերլուծությունը հաշվետու տարվան նախորդող տարվա փաստացի, ինչպես նաև հաշվետու տարվա համար հաստատված և փաստացի կատարված համապատասխան ցուցանիշների նկատմամբ
  3. տեղեկություններ հաշվետու տարում կառավարության պահուստային ֆոնդից կատարված ծախսերի ուղղությունների և չափերի մասին՝ համապատասխան հիմնավորումներով.
  4. տեղեկություններ հաշվետու տարում պետության արտաքին և ներքին պարտքերի և դրանց սպասարկման վերաբերյալ
  5. այլ տեղեկություններ, որոնք կառավարությունն անհրաժեշտ է համարում պետական բյուջեի կատարման արդյունքները ներկայացնելու և հիմնավորելու համար

Պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածները, բացված տեսքով, ներկայացվում են Ազգային ժողով՝ առանձին փակ ծրարով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենք». arlis.am.
  2. 2,0 2,1 «Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ օրենք». parliament.am.