Հարկաբյուջետային քաղաքականության փոխանցումային մեխանիզմը նորքեյնսյան ենթադրություններով DSGE մոդելներում

Մասնագիտական գրականության մեջ դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության (Dynamic Stochastic General Equilibrium՝ DSGE) մոդելների կառուցման ժամանակ առավել մեծ ուշադրության է արժանացել դրամավարկային քաղաքականությունը, քան հարկաբյուջետային։ Հարկաբյուջետային քաղաքականության վերլուծությունը DSGE մոդելներում առանձնակի ուշադրության արժանացավ վերջին ֆինանսական ճգնաժամից հետո, այս ժամանակահատվածում շատ զարգացած տնտեսություններ հայտնվեցին իրացվելիության ծուղակում, ինչն էականորեն սահմանափակեց դրամավարկային քաղաքականության միջոցով տնտեսական ակտիվությունը խթանելուն և շատ կառավարություններ դիմեցին խթանող հարկաբյուջետային գործիքների օգնությանը։ Բլանշարի և Սամմերսի կարծիքով, ցածր տոկոսադրույքների պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունն ապագայում կունենա անխուսափելի առավել մեծ դեր տնտեսական ակտիվության կայունացման գործում[1]։ Ներկայումս, կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքով առաջացած տնտեսական շոկերին հակազդելու և հետևանքները մեղմելու տեսակետից անառարկելի է հարկաբյուջետային քաղաքականության կարևորությունը։

Կախված նրանից թե հետազոտողն ինչ խնդիր է դնում իր առջև, մակրոտնտեսական քաղաքականության մշակման DSGE մոդելները բաժանվում են երկու խմբի․ առաջին խմբի հետազոտությունները նվիրված են օպտիմալ (բարեկեցության մաքսիմալացման կամ տնտեսության կայունացման տեսանկյունից) համատեղ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններին, իսկ երկրորդ խմբի հետազոտությունները՝ մակրոտնտեսական քաղաքականության իրական տնտեսության վրա ազդեցությունների չափմանը։ Վերջինս՝ կախված DSGE մոդելի կառուցման նպատակից, կարելի է բաժանել երկու ենթախմբի՝ նորդասական և նորքեյնսյան տեսությունների տեսական հիմքերի վրա կառուցված մոդելների։

Նորքեյնսյան DSGE մոդելների տեսական հիմքերը խմբագրել

Նորքեյնսյան DSGE մոդելների տեսական հիմք է հանդիսանում անվանական ցուցանիշների կարճաժամկետ հատվածում ոչ բացարձակ ճկունությունը։ Անվանական կոշտությունների առկայության պարագայում կարող է դիտարկվել շուկայական խեղաթյուրումներ և ռեսուրսների անարդյունավետ օգտագործում, ինչը կարող է վերացվել համապատասխան տնտեսական քաղաքականության իրականացման միջոցով։ Այնուամենայնիվ, նորքեյնսյան DSGE մոդելները կառուցվում են նորդասական մոդելների հետ սերտ ինտեգրմամբ։ Նորքեյնսյան տեսությունը միավորել է RBC(Real business-cycle) տեսության գործարար ակտիվության տատանումների վերլուծության մոդելների մեթոդաբանական ձեռքբերումները նորքեյնսյան այն ենթադրության հետ, որ գները կարճաժամկետ հատվածում կոշտ են և համախառն պահանջարկի փոփոխությունն ունի մեծ դեր արտադրության փոփոխության գործում։ Ինչպես նշվում է Վուդֆորդի[2] և Գուդֆրենդի և Կինգի[3] աշխատություններում տեղի է ունեցել երկու անհաշտ մակրոտնտեսական մտքերի համատեղում։ Նորքեյնսյան տեսական հիմքերի վրա կառուցված DSGE մոդելներում գնային ցուցանիշների կոշտության մոդելավորման համար առավել հայտնի են Կալվոյի և Ռոտեմբերգի գնագոյացման մեխանիզմները։

Հարկաբյուջետային քաղաքականության փոխանցումային մեխանիզմը նորքեյնսյան մոդելներում խմբագրել

Քեյնսյան AD-AS՝ ամբողջական պահանջարկ և ամբողջական առաջարկ, մոդելում ամբողջական առաջարկի կորն ունի դրական թեքություն (կամ հորիզոնական՝ երբ անվանական աշխատավարձերը և գները բացարձակ կոշտ են)։ Այս մոդելում պետական ծախսերի ավելացման ժամանակ տեղի է ունենում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելացում և գների բարձրացում։ Մինչդեռ ժամանակակից նորքեյնսյան, իրենց նպատակային ֆունկցիաները մաքսիմալացնող տնտեսական գործակալներով DSGE մոդելներում պետական ծախսերի ազդեցությունն տնտեսության վրա այդքան էլ ակնհայտ չէ։ Թվում է, թե ֆիրմաներն ամբողջական պահանջարկի աճին զուգընթաց պետք է բարձրացնեն գները, մինչդեռ հարկաբյուջետային ընդլայնումը նվազեցնում է տնտեսական գործակալների հարստությունը՝ հանգեցնելով աշխատուժի առաջարկի ավելացման, ինչն էլ բերում է սահմանային ծախսերի նվազման, իսկ նորքեյնսյան մոդելներում գնաճը դրական կախվածության մեջ է սահմանային ծախսերից։

Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը գների վրա որոշվում է ամբողջական պահանջարկի մեծացման մասշտաբներից, որի դինամիկան նորքեյնսյան մոդելներում մեծամասամբ կախված է իրականացվող դրամավարկային քաղաքականության դիրքից։ Լիննեմաննի և Շաբերտի հետազոտությունն[4] առաջիններից է նորքեյնսյան մոդելի շրջանակներում պետական ծախսերի ավելացման ժամանակ անվանական կոշտության և իրականացվող դրամավարկային քաղաքականության դերի վերլուծության տեսանկյունից։ Հեղինակներն իրականացված հետազոտության շրջանակում եզրակացրել են, որ անվանական կոշտությունը դեռ բավական չէ, որպեսզի պետական ծախսերի ավելացումը հանգեցնի սպառման ավելացման։ Հեղինակները ցույց են տվել, որ պետական ծախսերի ավելացման ժամանակ կենտրոնական բանկի կողմից դրամական ագրեգատների թիրախավորմամբ զսպող դրամավարկային քաղաքականության իրականացման պայմաններում կնկատվի ինֆլյացիայի նվազում։ Անվանական տոկոսադրույքների բարձրացումը և միաժամանակ դեֆլյացիայի առկայությանը կհանգեցնեն իրական տոկոսադրույքների զգալի բարձրացման և մասնավոր պահանջարկի դուրսմղման։ Որպես դրամավարկային քաղաքականության այլընտրանքային ռեժիմ հեղինակները դիտարկել են այն դեպքը, երբ կենտրոնական բանկը հաստատում է անվանական տոկոսադրույքը համաձայն Թեյլորի կանոնի, որտեղ տոկոսադրույքներն արձագանքում են սպասվող ինֆլյացիային և սպասվող ՀՆԱ ճեղքին։ Հեղինակաները ցույց են տվել, որ Թեյլորի կանոնում սպասվող ՀՆԱ ճեղքի նկատմամբ տոկոսադրույքների արձագանքման փոքր գործակցի դեպքում պետական ծախսերի ավելացման ժամանակ գները բարձրանում են, սակայն այս գործակցի համար գոյություն ունի սահմանային արժեք, որը գերազանցելու դեպքում պետական ծախսերի ավելացման ժամանակ նկատվում է գների նվազում։ Այսպիսով, ինչքան բարձր է տոկոսադրույքների ՀՆԱ ճեղքին արձագանքման պարամետրի արժեքը, այնքան կենտրոնական բանկն ավելի ագրեսիվ է բարձրացնում անվանական տոկոսադրույքներն ի պատասխան պետական ծախսերի ավելացման և նվազեցնում ամբողջական պահանջարկը, դրանով իսկ նվազեցնելով հարկաբյուջետային բազմարկիչները։

Դրամավարկային քաղաքականության դերը հարկաբյուջետային բազմարկիչների մեծության գործում մանրամասն քննարկվել է նաև Վուդֆորդի աշխատությունում[5]։ Աշխատությունում հետազոտությունը կատարվել է պարզ նորքեյնսյան մոդելի շրջանակում, որում ենթադրվել է կապիտալի ֆիքսված պաշար՝ անտեսելով ներդրումների պահանջարկի բաղադրիչը,այսինքն ենթադրվել է, որ արտադրությունը կարող է փոփոխվել միայն աշխատաժամանակի փոփոխման դեպքում։ Վուդֆորդը ցույց է տվել, որ պետական ծախսերի միանգամյա ավելացման ժամանակ, երբ կենտրոնական բանկն իրականացնում է այնպիսի դրամավարկային քաղաքականություն, որի դեպքում իրական տոկոսադրույքները մնում են անփոփոխ, հնարավոր է ստանալ մեկին հավասար ծախսային բազմարկիչներ։ Այս պնդումը հետևում է Էյլերի հավասարումից, որը կապում է տարբեր ժամանակահատվածների սպառումներն իրական տոկոսադրույքի միջոցով․ քանի որ պետական ծախսերի շոկի և առանց շոկի սցենարներում երկարաժամկետ հավասարակշռությունը նույնն է, և իրական տոկոսադրույքների հետագծերը նույնականացված են, ապա տնային տնտեսությունների սպառման հետագծերը տարբեր սցենարներում համընկնում են։ Հետևաբար, ՀՆԱ փոփոխությունը կլինի հավասար պետական ծախսերի փոփոխությանը համաձայն ապրանքային շուկայի հավասարակշռության, իսկ պետական ծախսերի բազմարկիչը կլինի մեկին հավասար։

Քրիստիանոյի և Էյչենբաումի աշխատությունում[6] ցույց է տրված, որ Թեյլորի կառուցվածքային կանոնում անվանական տոկոսադրույքների ինֆլյացիային արձագանքման գործակցի մեծացման զուգահեռ ՀՆԱ-ի վրա պետական ծախսերի բազմարկիչը նվազում է, քանի որ տվյալ պարամետրի մեծացման դեպքում կենտրոնական բանկն ակտիվորեն բարձրացնում է իրական տոկոսադրույքներն ի պատասխան պետական ծախսերի ավելացման, այս դեպքում տեղի է ունենում մասնավոր պահանջարկի ուժեղ դուրսմղում։ Եթե կենտրոնական բանկը ժամանակի ընթացքում հարթեցնում է տոկոսադրույքների շարժընթացը՝ արձագանքելով նախորդ ժամանակահատվածի տոկոսադրույքներին, ապա պետական ծախսերի բազմարկիչը մեծանում է անվանական տոկոսադրույքների իներցիայի աճին զուգընթաց, քանի որ այս դեպքում տոկոսադրույքները թույլ են արձագանքում կարճաժամկետ մակրոտնտեսական պայմանների փոփոխություններին։

Առավել հայտնի մոտեցում է կիրառական DSGE մոդելներում ռիկարդյան տնտեսությունների կողքին ֆինանսական շուկաներին հասանելիություն չունեցող տնային տնտեսությունների առկայության ապահովումը, ովքեր ամբողջությամբ սպառում են իրենց տնօրինվող եկամուտը[7]։ Այս՝ ոչ ռիկարդյան տնային տնտեսություններն, ընթացիկ ժամանակահատվածում սպառման վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի չեն առնում հարկերի ապագա բարձրացումները, հետևաբար, պարտքային գործիքների ֆինանսավորմամբ պետական ծախսերի ավելացումը, որը կարող է հանգեցնել տնային տնտեսությունների աշխատավարձերի ավելացման, կմեծացնի ոչ ռիկարդյան տնային տնտեսությունների սպառման մակարդակը, ինչն էլ կարճաժամկետ հատվածում կհանգեցնի համախառն սպառման ավելացման։

Արժույթի միջազգային հիմնադրամի(ԱՄՀ) GIMF (Global Integrated Monetary and Fiscal Model) մոդելում[8] առավել շատ է շրջանցվում ռիկարդյան համարժեքության ենթադրությունը, այստեղ բացի ոչ ռիկարդյան տնտեսությունների առկայության ենթադրությունից, ենթադրվում է նաև պլանավորման վերջավոր հորիզոն ունեցող համատեղ գոյատևող սերունդների առկայություն, ինչը թույլ չի տալիս նորքեյնսյան մոդելներում պետական ծախսերի ավելացման արդյունքում ապահովել սպառման մակարդակի բարձրացում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Blanchard O. J., Summers L. H. Rethinking Stabilization Policy: Evolution or Revolution? National Bureau of Economic Research, NBER Working Paper, 2017, no. w24179. DOI: 10.3386/w24179
  2. Woodford M. Convergence in macroeconomics: elements of the new synthesis //American Economic Journal: Macroeconomics. 2009. Vol. 1. № 1. P. 267-279.
  3. Goodfriend M., King R. The new neoclassical synthesis and the role of monetary policy //NBER Macroeconomics Annual 1997, Volume 12. MIT Press, 1997. P. 231-296.
  4. Linnemann L., Schabert A. Fiscal Policy in the New Neoclassical Synthesis. Journal of Money, Credit and Banking, 2003, vol. 35, no. 6, pp. 911–929.
  5. Woodford M. Simple Analytics of the Government Expenditure Multiplier. American Economic Journal: Macroeconomics, 2011, vol. 3, no. 1, pp. 1–35. DOI: 10.1257/mac.3.1.1
  6. Christiano L., Eichenbaum M., Rebelo S. When Is the Government Spending Multiplier Large? Journal of Political Economy, 2011, vol. 119, no. 1, pp. 78–121. DOI: 10.1086/659312.
  7. Galí J., López-Salido J. D., Vallés J. Understanding the Effects of Government Spending on Consumption. Journal of the European Economic Association, 2007, vol. 5, no. 1, pp. 227–270.
  8. Kumhof M., Laxton D., Muir D., Mursula S. The Global Integrated Monetary and Fiscal Model (GIMF) — Theoretical Structure. IMF Working Paper WP/10/34, 2010