Բեսս, գահանուն՝ Արտաքսերքս V (հուն․՝ Βήσσος, մ.թ.ա. 4-րդ դար - մ. թ. ա. 329, Եկբատան, Համադան, Իրան), պարսից ինքնահռչակ թագավոր[1]։ Կառավարել է մ․թ․ա․ 330-329 թվականներին։

Բեսս
հին հունարեն՝ Βήσσος և լատին․՝ Bessus
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար
Մահացել էմ. թ. ա. 329
Մահվան վայրԵկբատան, Համադան, Իրան
ԿրոնԶրադաշտականություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններսատրապ
 Bessus Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեսսը նախքան գահակալ դառնալը զբաղեցրել է Բակտրիայի սատրապի պաշտոնը։ Մ․թ․ա․ 331 թվականի հոկտեմբերի մեկին տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որտեղ Ալեքսանդր Մակեդոնացին հաղթանակ է տարել Դարեհ երրորդ Կոդոմանոսի դեմ[2]։ Ճակատամարտի ժամանակ Բեսսը ղեկավարել է պարսկական բանակի ձախ թևը, որը հիմնականում կազմված է եղել սատրապի ռազմիկներից։ Տանուլ տալով ճակատամարտը և խուսափելով Ալեքսանդրի զորքի հետ բախումից, Դարեհ երրորդը Բեսսի ուղեկցությամբ նահանջել է Էկբատան, որտեղ անցկացրել է ամբողջ ձմեռը։ Հաջորդ տարի Դարեհ երրորդը շարժվել է դեպի արևելք՝ Բակտրիայում ավելի շատ զորքեր հավաքելու մտադրությամբ։ Ճանապարհին Բեսսը սատրապների հետ դավադրություն է կազմակերպել և գահընկեց է արել Դարեհին։ Դավադիրները մտադիր են եղել Դարեհին հանձնել Ալեքսանդրին, բայց Ալեքսանդր Մակեդոնացին շարունակել է հետապնդել պարսիկներին, նույնիսկ Դարեհի տապալման լուրն իմանալով։

Մ․թ․ա 330 թվականի հուլիսին Հեկտամպոլիսի մոտ դավադիրներն իմանալով Ալեքսանդրի հետապնդման մասին, մահացու վիրավորել են Դարեհին և խուճապահար դիմել փախուստի։ Դարեհի սպանությունից հետո Բեսսն իրեն թագավոր է հռչակել՝ ընդունելով Արտաքսերքս հինգերրոդ գահանունը։ Հաստատվելով Բակտրիայում՝ Բեսսն իր շուրջն է համախմբել վճռական մարդկանց, ովքեր պատրաստ էին դիմակայելու մակեդոնացիներին։

Մ․թ․ա․ 329 թվականի գարնանը Ալեքսանդր Մակեդոնացին լուրջ պատրաստությունից հետո անցել է Հինդուկուշ և ներխուժել Բակտրիա։ Բեսսը նահանջել է Սոգդիանա՝ անցնելով Օքս գետը (ժամանակակից Ամու Դարյա) Ալեքսանդրը շարունակել է հետապնդումը։ Բեսսը ժողովրդականություն չի վայելել Արևելյան Իրանում և Միջին Ասիայում, չնայած շարունակել է աքեմենյան թագավորների քաղաքականությունը։ Պարսկական տիրապետության ժամանակ այդ տարածքներն անընդհատ գտնվել են պատերազմների մեջ։ Բեսսը չստանալով տեղական ցեղերի աջակցությունը, ընկել է մակեդոնական հրամանատարներից մեկի՝ Պտղոմեոս Լագի ձեռքը։

Մահ խմբագրել

Դարեհ երրորդի մահից հետո Ալեքսանդր Մակեդոնացին իրեն համարել է Աքեմենյանների օրինական ժառանգորդ։ Նա գերեվարված Բեսսի հետ վարվել է այնպես, ինչպես պարսից թագավորները ապստամբների հետ։ Ալեքսանդրի հրամանով կտրել են Բեսսի քիթը, ականջները և շղթայակապ, առանց հագուստի տարել են կառափնարան։

Գոյություն ունեն հակասական պատմություններ Բեսսի մահվան վայրի և պատճառի վերաբերյալ։ Ըստ Կուրտիուս Ռուֆուսի Բեսսին խաչել են այն վայրում, որտեղ սպանել են Դարեհ երրորդին։ Արրիան պնդում է, որ ենթարկել են կտտանքների, ապա գլխատել Էկբատայում[3]։ Պատմիչ Պլուտարքոսը ենթադրում է,որ Բակտրիայում Մակեդոնացու դատավարությունից հետո, Բեսսին դատել են պարսկական սովորության համաձայն՝ կապելով երկու ծառերի գագաթներից թեքել են ներքև։ Բաց թողնելուց հետո ծառերը ուղվել են մասնատելով դատապարտյալին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ЭСБЕ/Бесс, сатрап Бактрии — Викитека». ru.wikisource.org. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Военная история ]-- Руф К.К. История Александра Македонского». militera.lib.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «ВОЕННАЯ ЛИТЕРАТУРА --[ Военная история ]-- Арриан. Поход Александра». militera.lib.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Плутарх. Александр и Цезарь». lib.ru. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող:
Դարեհ III
Պարսկաստանի արքաների արքա
մ․թ․ա․ 330-329
Հաջորդող:
Ալեքսանդր III (Ալեքսանդր Մեծ)