Բեսարաբսկի շուկա (ուկրաիներեն՝ Бессарабський ринок կամ Բեսարաբկա), խոշոր ծածկած շուկա՝ տեղակայված Կիևի կենտրոնում՝ Բեսարաբսկայա հրապարակում, որը գտնվում է քաղաքի գլխավոր և ամենահայտնի փողոցի՝ Կրեշչատիկի արևմտյան ծայրում։ Շենքը կառուցվել է 1910-1912 թվականներին՝ ճարտարապետ Հենրիխ Գայի նախագծով, Կիևի հայտնի շաքար արտադրող Լազար Բրոդսկու միջոցներով, որը նա կտակել է մահից հետո։ Շուկան բացվել է 1912 թվականի հուլիսի 3-ին (16)։


Քարտեզ
Քարտեզ

Շուկայի անվանումը կապվում է Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Ռուսական կայսրության կողմից Թուրքիայից նվաճված Բեսարաբիայի տարածաշրջանի հետ, որը մասամբ գտնվում է Ուկրաինայի տարածքում՝ Օդեսայի մարզում։

Պատմություն

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Այն վայրը, որտեղ այժմ գտնվում է շուկան, կառուցապատվել է միայն 1869 թվականին։ Մինչ այդ Բեսարաբկան ամայի վայր է եղել։ Տարածքն անընդհատ ողողվում էր շրջակա բոլոր բլուրներից հոսող ջրերով (նույնիսկ կոյուղաջրեր ընդունելու համար դրված «խողովակը» չէր բավականացնում, այդտեղ թափվում էր նաև կենցաղային աղբ։ Տեղանքը հայտնի էր նրանով, որ այստեղ հավաքվում էին թափառաշրջիկներ, ավազակությամբ և կողոպուտով զբաղվող մարդիկ։ Երեկոյան Բեսարաբկայի տարածքում հայտնվելը վտանգավոր էր։

Նախկին վատ համբավ ունեցող ամայի վայրում որոշվել է հրապարակ կառուցել, որտեղ նախատեսվում է կանգնեցնել Բոգդան Խմելնիցկու հուշարձանը։ Հրապարակում առևտուրն իրականացվել է շուկայի շենքի կառուցումից դեռևս շատ առաջ։ 20-րդ դարի սկզբին Բեսարաբկան վերածվել է առևտրի հրապարակի և ամբողջովին ծածկվել է տարբեր առևտրային տաղավարներով։ Բեսարաբսկի հրապարակ Կրեշչատիկից և Բիբիկովսկու բուլվարի կողմից սայլերով բեռնափոխադրումներ են կատարվել։ 1902 թվականին ակնհայտ է դարձել, որ հրապարակում առևտրի կազմակերպումը պետք է կարգավորվի։ Դրա իրականացման ամենատրամաբանական ճանապարհը փակ շուկայի կառուցումն է եղել։ Շինարարության արժեքը գնահատվել է 500 000 ռուբլի, չնայած այն հանգամանքին, որ այդ տարիներին քաղաքի ամբողջ բյուջեն կազմել է 2 000 000 ռուբլի։

1904 թվականին մահացել է շաքարի գործարանի սեփականատեր Լազար Բրոդսկին, որը Կիևին կտակել է 500 հազար ռուբլի փակ շուկայի կառուցման համար։

Շինարարություն

խմբագրել
 
Բեսարաբսկի շուկա։ XX դարասկզբի լուսանկարներ
 
Բեսարաբսկի շուկա։ 1910-ական թվականների բացիկ

Շինարարական ծրագրի մանրակրկիտ մշակումը սկսվել է միայն 1908 թվականին՝ Բրոդսկու հարազատների հետ գումարը ստանալու պայմանների վերաբերյալ երկարատև բանակցություններից հետո։ Քաղաքը երկար ժամանակ չի ցանկացել վերցնել շաքարի գործարանի սեփականատիրոջ կտակած գումարները՝ այդտեղ ամրագրված լրացուցիչ պայմանների պատճառով։

Սկզբում քաղաքը նախատեսել է մեկ շենքում կազմակերպել պարենային մթերքների և ծաղիկների շուկա, ինչպես նաև քաղաքային հանրային գրադարան, սակայն այդ գաղափարը մերժվել է (հետագայում այն կազմակերպվել է Թագավորական այգում, այժմ՝ Ուկրաինայի ազգային գրադարան

Վերջնական տարբերակում շուկան նախատեսված է եղել միայն առևտրի համար։ Շենքում պետք է տեղակայվեին 31 բացօթյա խանութներ, ռեստորան և ընդարձակ առևտրի սրահ։ Սրահում 88 տեղ էր հատկացվելու մսի, ճարպի, երշիկի, 88 տեղ՝ կանաչեղենի, բանջարեղենի, կաթնամթերքի, հացամթերքի և 27 տեղ՝ ձկան վաճառքի համար։ Ապագա շինարարության համար պատասխանատու հանձնաժողովի հաշվարկներով՝ շուկայից զուտ շահույթը ակնկալվում էր տարեկան 10-12%-ի սահմաններում։ 1908 թվականի ամռանը Բեսարաբկայում փակ շուկայի նախագծերի համար անցկացվել է փակ մրցույթ։ Առաջին մրցանակը ստացել է Հենրիխ Գայի նախագիծը։ Նախագիծն ընտրելիս հանձնաժողովը հաշվի է առել, որ ճարտարապետն արդեն ուներ Վարշավայում նմանատիպ շուկա կառուցելու փորձ (Վիտկովսկու հրապարակի շուկան (այժմ՝ Կազիմիր Մեծի), որն ավերվել էր 1944 թվականին)։ Դիտարկվել են նաև Էդուարդ Բրադտմանի, Ալեքսանդր Կոբելևի (3-րդ տեղ), Ալեքսանդր Կրիվոշեևի, Ադոլֆ Մինկուսի (2-րդ տեղ) նախագծերը։ Մեկ տարի է պահանջվել նախագիծը վերջնական տեսքի բերելու և տարածքը շինարարության նախապատրաստելու համար, իսկ 1910 թվականին «Գուգել և Կալմանովսկի» ընկերությունը, որը հաղթել էր պայմանագրի մրցույթը, սկսել է աշխատանքները ինժեներ Միխայիլ Բոբռուսովի ղեկավարությամբ։

Շուկայի կառուցվածքը աներևակայելի բարդ է ընթացել։ Հաստ աղյուսե պատերը կապակցված էին բազմատոննայանոց մետաղական կամարակապ կարկասով, որի վրա հենված էր ապակե տանիքը։ Մետաղական ձողակառույցի վրա հենված կիսաթափանցիկ տանիքը հնարավորություն էր տալիս լուսավորել ներքին տարածքը։ Տեղացի ճարտարապետները նման շինություններ կառուցելու փորձ չունեին և աշխատանքին ավելի լավ պատրաստվելու համար շինարարությունը հսկող ինժեներ Միխայիլ Բոբռուսովը նույնիսկ գործուղվել է Եվրոպա՝ դիտարկելու և ծանոթանալու Արևմտյան Եվրոպայի մեծ քաղաքներում գոյություն ունեցող փակ շուկաների կառուցվածքին։

Պատկերագրություն

խմբագրել

Բեսարաբական շուկան կառուցվել է ուշ մոդեռնիզմի ոճով։ Շուկայի ճակատները զարդարված են հովվերգական թեմաներով բարձրաքանդակներով՝ «Կաթնավաճառուհին», «Ցուլերով գյուղացին», «Ձկներ»։ Մուտքերի կամարները զարդարված էին ցլերի գլուխներով։ Բարձրաքանդակների հեղինակներն էին քանդակագործներ Տատյանա Ռուդենկոն, Ալեքսեյ Տերեմեցը, Ֆեոդոր Բալավենսկու և Պյոտր Սնիտկինի աշակերտները։ Դարպասի ցանցերը զարդարված էին լճի մակերևույթից վեր թռչող բադերով և նույնիսկ գամերի գլուխները պատրաստված են ծաղիկների տեսքով։

«Կիևը մոդեռն ոճում» գրքի հեղինակները նկարագրում են այն տրամադրությունը, որում ստեղծվել և ապրում է Բեսարաբական շուկան մինչ օրս՝ «Գյուղացի կինը թարմ կաթով լի կուլաներ էր տանում շուկա, գյուղացին լծել էր իր լավագույն եզները, երկար եղջյուրավոր ցլի գլուխը կամարակապ մուտքի փականաքարում, ժամանակակից Կիևի դաժան իրականության մեջ նրանք անշուշտ ավելի հարազատ էին սրտի համար, քան հարյուր տարի առաջ։ Խաղաղությամբ, ներդաշնակությամբ և հովվերգական անդորրով էր շնչում շուկայի շենքը՝ այդ առասպելական ուկրաինական խուտորը՝ աշխույժ քաղաքի հրապարակի մեջտեղում։ Թվում է, թե սա մի ծուղակ է, որի մեջ ակամայից ընկել և ընդմիշտ կանգ է առել ժամանակը…»:

Շուկայի պատմություն

խմբագրել

Բեսարաբիայի շուկան բացվել է 1912 թվականի հուլիսի 3-ին։ 1930-ական թվականներին շուկայում տեղակայվել է Առողջապահության ժողովրդական կոմիսարիատի դատաբժշկական լաբորատորիան (ակնհայտ է, որ նրան պետք էին Բեսարաբսկայա ստորգետնյա սառնարանները, որոնք ժամանակին ներմուծվել էին Ռևելից)։ 1960-ականներին շուկան վերակառուցվել է, բայց այն խնամքով պահպանվել է մինչ օրս՝ մնալով գրեթե անփոփոխ։ 1980-ականներին քիչ էր մնում շուկան քանդեին, նախատեսվում էր դրա փոխարեն կառուցել տրանսպորտային հանգույց[1]։

Ներկայումս շուկայի շենքը կոմունալ սեփականություն է, այն պատկանում է «Բեսարաբսկի շուկա» կոմունալ ձեռնարկությանը (ԿՁ)։ Կիևի բնակիչների և Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրերի համընդհանուր կարծիքով Բեսարաբսկի շուկան ամենաթանկն է Կիևում։ «Թանկ է, ինչպես Բեսարաբսկիում», կամ «Մենք Բեսարաբսկիում չենք» («սակարկելը տեղին չէ» իմաստով) ոճական արտահայտությունները հաստատապես մտել են կիևցիների առօրյա կյանք։

Ժամանակ առ ժամանակ հարց է առաջանում Բեսարաբսկի շուկայի վերապրոֆիլավորման մասին։ Երբեմն առաջարկվում է շուկան վերածել հյուրանոցի, երբեմն արվեստի պատկերասրահի կամ խանութներով ծածկված առևտրասրահի[2]։ Հանուն դրա առաջարկվում է վերակառուցել այն՝ ոչնչացնելով Բեսարաբսկի շուկայի պատմական տեսքը, սակայն շուկան դեռ կանգուն է և գործում է։

Գրականություն

խմբագրել
  • «Киев в стиле модерн» Александр Mаслюков, Марина Ганцева. — К.: Наш час, 2013
  • «Архитектура Украины на рубеже XIX—XX веков» В. Ясиевич
  • «Бессарабский крытый рынок в Киеве». Перунова Н. // Архитектура Украины. — 1991. — № 2. — Стр. 40-42

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Как Бессарабка накрылась рынком». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.
  2. «Пять забытых властью проектов по обновлению Киева». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել