Բդեշխություն (պհլ․ bitaxš – տեղապահ կամ փոխարքա բառից), կուսակալություն հին Հայաստանում, Իրանում և Վրաստանում[1]։ Հայաստանում բդեշխները եղել են յուրատեսակ կողմնապահ, սահմանապահ զորավարություններ կամ զորաթևեր՝ չորս կողմից հսկելով երկիրը արտաքին հարձակումներից։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ (մ․թ․ա․ II–մ․թ. V դարերում) գոյություն են ունեցել Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի բդեշխությունները (Կ․ Թումանովը չորս բդեշխությունների թվում չի ներառում Կորդուքի, այլ՝ Ծոփքի բդեշխությունը, նույնացնելով դա Ագաթանգեղոսի հիշատակած երկրորդ բդեշխությանը, որը «յԱսորեստանեայց կողմանէն [Ասորեստանի կողմից]» էր տարածվում)[2]։ Մովսես Խորենացին հիշատակում է, որ Արտաշես Ա թագավորը բանակը բաժանել է չորս կողմնապահ զորավարությունների՝ երկրի արևելյան կողմի իշխանությունը հանձնելով Արտավազդ, արևմտյանը՝ Տիրան, հյուսիսայինը՝ Զարեհ որդիներին, հարավայինը՝ Սմբատ սպարապետին։ Բդեշխությունների զինվորական դերի ու նշանակության մասին վկայում է նաև Ագաթանգեղոսը «․․․ և ի զինւորական կողմանէն՝ զչորսին գահերեցն իւրոյ տաճարին [արքունի], որ բդեշխք կոչին»։ Բդեշխությունների կուսակալներին կամ բդեշխներին մեր պատմիչներն անվանել են «սահմանակալք», «սահմանապահք», «կողմնակալք», «կողմնապահք»։

Սկզբնական ժամանակներում բդեշխներին նշանակել է թագավորը (սովորաբար մերձավորներից)։ Հետագայում, ավատատիրական հարաբերությունների հաստատմանը և խորացմանը զուգընթաց, նրանք դարձել են ժառանգական իշխողներ։ Ն․ Ադոնցի կարծիքով՝ Բդեշխությունները նախապես եղել են անկախ թագավորություններ, որոնք միասնական պետության ստեղծումից հետո ճանաչել են Արտաշեսյան, ապա Արշակունի թագավորների քաղաքական գերիշխանությունը՝ պահպանելով իրենց ներքին ինքնավարությունը։ Ըստ Հ․ Մարկվարտի՝ Տիգրան Բ Մեծին սպասարկող չորս թագավորների մասին Պլուտարքոսի հիշատակությունը վերաբերում է Հայաստանի բդեշխություններին։ Ազնվապետական գահակարգում բդեշխները դասվել են թագավորից անմիջաբար հետո՝ իբրև գահերեց իշխաններ։ Ունեցել են ընդարձակ կալվածներ, որի համար հաճախ կոչվել են «աշխարհատերեր» կամ «աշխարհակալներ»։ Բդեշխության մեջ մտնող իշխանությունները կամ նախարարությունները վասալական կախման մեջ են եղել բդեշխներից՝ վճարել են հարկեր, իսկ պատերազմների ժամանակ՝ տրամադրել զորք։ Հայաստանում բդեշխությունները վերացել են Արշակունիների թագավորության անկումից հետո։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Sundermann Werner (1989)։ «Bidaxš»։ Encyclopaedia Iranica, Vol. IV, Fasc. 3։ էջեր 242–244 :
  2. Toumanoff Cyril (1963)։ Studies in Christian Caucasian History։ Georgetown University Press։ էջ 166 :
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 349