Բատոլա

ավանդական ժողովրդական երգ

«Բատոլա», հայկական հնագույն ծիսական-հարսանեկան պարերգ, այն հայկական ավանդական հարսանիքներում կատարել են հարսի ընկերուհիները, իսկ հետագայում՝ ավանդույթի մոռացման արդյունքում պարերգը կատարել տարբեր առիթներով՝ ուրախ հավաքույթների ժամանակ։

«Բատոլա»
Ժանրժողովրդական, հարսանեկան
Լեզուհայերեն

Մեր օրերում պարերգ տարածված է Հայաստանի մի շարք մարզերում և Վրաստանի հայաբնակ Ջավախքում։

Պարերգը զուգահեռվում է հարսանեկան ծիսական «Թամզարա» պարերգի հետ։

Երգն ընդգրկվել է Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։

Պատմություն և անվան ստուգաբանություն խմբագրել

«Բատոլան» կատարել են ավանդական հարսանիքների, հետագայում՝ նաև այլ ժողովրդական տոների, հավաքույթների ժամանակ։

Էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանն իր տողերում նշել է.

  «…ձախ, աջ, ձախ, աջ ցատկերի ժամանակ կտրուկ ճոճումները, անկախ նրանից մեկ ոտքով թե զույգ ոտքով են կատարվում ցատկերը, վկայում են այն մասին, որ Բատոլա շուրջպարը պտղաբերման և աճի ծեսերի մնացուկներից բացի, որոնց պատկանում են ճոճումները, կարող է իր մեջ նաև բովանդակություն պարունակել։ Հավանաբար այստեղ գործ ունենք նաև ոստոստելու` որևէ թռչնի ցատկոտելու նմանակման, կամ էլ օդում որևէ առարկայի ճոճումների պատկերման հետ»  

:

Մարտունու և Ապարանի շրջաններում էթնոերաժշտագետ, պատմական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պիկիչյանի աշխատությունների՝ «Բատոլան» հարսանեկան պարերգ է։

2004 թվականի հետազոտությունների ընթացքում եկել են այն եզրակացության, որ այդ պարերգը կատարել են ինչպես հարսանիքների և ուրախ հավաքույթների ժամանակ։

Հարսանեկան ծեսի ժամանակ այն կատարել են նորահարսի ընկերուհիները։ Պարերգը բավական տարածված է Հայաստանի տարբեր մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում, Արարատում և Վրաստանի հայաբնակ Ջավախքում։ Պարերգը կրում է տարբեր անուններ՝ «Բատոլա», «Բաթոլա», «Բատալո», «Բատոլո», «Բաթ Օլա»։

«Բատոլա» բառի բացատրության վերաբերյալ տեղեկությունները շատ քիչ են։ Սրբուհի Լիսիցյանը նշել է.

  «Անգին Աբրահամյանը ցուցադրեց Ապարանի շրջանի Բատոլա շուրջպարը։ Անվանումը վերծանել չհաջողվեց։ Կրկներգում «Բատոլան»-ն կիրառվում է որպես անձնանուն, տղամարդու թե կնոջ` հայտնի չէ»։  

Որոշ ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ «Բատոլան» կիրառվում է որպես անձնանուն՝

Ես Բատալոյ զորքից եմ,
Տժվաժանի զորքից եմ:
Մեր Բատալոն խիվանդ ա,
Երկու խնձորի բանդ ա։

Կատարում խմբագրել

«Բատոլան» կատարում են թե՛ իբրև պարերգ՝ երգն ու պարը միասին, թե՛ առանձին-առանձին՝ իբրև պար կամ երգ։ Այն շուրջպար է, որին կարող են մասնակցել երկու սեռի երիտասարդներն ու տարեցները։ Մասնակիցների դասավորությունը շրջանաձև կամ կիսաշրջանաձև է, ձեռքերն իրար են միացնում ճկույթներով։ Պարաքայլերը «Երկու գնալ, երկու դառնալ» հիմնական պարատեսակի տարբերակներ են։ Երաժշտական և պարային ֆրազները համաչափ են, փոխհամաձայնեցված։ Ժողովրդական որոշ այլ շուրջպարերի դեպքում այդ համաչափությունը կարող է խախտված լինել[1]։

Պարերգի տարբերակներ խմբագրել

Օրինակ 1 խմբագրել

Բատոլա ջան, Բատոլա,
Շաքար ու շարբաթ օլա,
Բատոլա ջան, Բատոլա,
Լուսնակն անուշ կցոլա։

Օրինակ 2 խմբագրել

Բատոլա ջան, բատոլա,
Շաքար ուտող շան տղա,
Բատոլա ջան, բատոլա,
Շաքար ու շար, բատոլա։

Օրինակ 3 խմբագրել

Բատոլո ջան, Բատոլո,
Ուր գնացիր, ուրը եկար,
Դուն իմը սրըտինը դուր եկար,
Բատոլո ջանը, Բատոլո,
Ուր գնացիր, ուր եկար,
Դուն իմը սրըտինը դուր եկար։

Օրինակ 4 խմբագրել

Դամ, տիրը, նարա, նիրը, նարը, նանի,
Տի, նարի, նարի, նարի, տանայ, նանայ։
Գնա, արի, ման արի,
Խնձոր քաղեմ, յան արի,
Բատոլո ջանը, Բատոլո,
Դուն իմը սրըտիկը, Բատոլո։

Օրինակ 5 խմբագրել

Տայ, նարի, նարի, նարի, նանա, նայ, տի, նայնամ,
Տիր, նարա, նիրը, նանայ, նամ։
Բատոլո ջանը, Բատոլո,
Շաքար ու շերբաթ օլա։
Տամ, տիրը, նարա, նիրը, նանամ, նայնամ
Տայ, նարի, նարի, նարի, տարի, նայնայ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 3. Երևան, «Ամրոցգրուպ», 2008։
  • «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 5, Վասպուրականի ավանդական երգեր և նվագներ. Երևան, «Ամրոց գրուպ», 2010։
  • «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 6, Հայ ավանդական պարերգեր. Երևան, «Ամրոց գրուպ», 2011։
  • «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 9, Ջավախք. Երևան, «Ամրոց գրուպ», 2012։
  • «Հայ ավանդական երաժշտություն» մատենաշար, պրակ 13, Արամ Քոչարյանի գիտարշավային նյութերի ընտրանի. Երևան, «Ամրոց գրուպ», 2015։
  • Հայ ժողովրդական երգեր և նվագներ, Անի, Ա հատոր, պրակ II. Երևան, «Կոմիտաս», 2010։
  • Հայ ժողովրդական երգեր և նվագներ, Ապարան (2000-2001), պրակ 12. Երևան, «Ամրոց գրուպ», 2015։
  • Կիլիչյան Ն. Հայկական պարերի համանուն պոնտական զուգահեռները, Պատմա-բանասիրական հանդես, 2008, № 2, էջ 131-140։
  • Սարգսյան Մ. Թամզարա. ավանդույթ և արդիականություն, Հայ արվեստի հարցեր։ Գիտական հոդվածների ժողովածու. Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009,

էջ 188-204։

  • Лисициан Срб., Старинные пляски и театральные представления армянского народа, т. 1. Ереван, изд. АН Арм. ССР, 1958.

Արտաքին հղումներ խմբագրել