Բաղդասար Հասան-Ջալալյան

Բաղդասար Հասան-Ջալալյան, (ծննդյան թիվն անհայտ է-27․06․1854 թթ․, Արցախ) արքեպիսկոպոս, հայ մշակույթի և դպրության գործիչ, Աղվանից կամ Գանձասարի մետրոպոլիտ, հետագայում՝ Արցախի թեմի առաջնորդ։

Բաղդասար Հասան-Ջալալյան
Ընդհանուր տեղեկություններ
Եկեղեցի Հայ առաքելական եկեղեցի
Տիտղոս արքեպիսկոպոս
Կառավարման սկիզբ 1828
Կառավարման ավարտ 1854
Հաջորդող Սարգիս Բ Հասան-Ջալալյան
Ծնվել է անհայտ
Ծննդավայր Արցախ
Մահացել է 27․06․1854
Մահվան վայր Արցախ
Ազգություն հայ
Հոգևոր աստիճան արքեպիսկոպոս


1815 թվականին ցարական Ռուսաստանը լուծարեց Աղվանից կաթողիկոսությունը՝ հաստատելով մետրոպոլիտություն։ 1828 թվականին Սարգիս Բ մետրոպոլիտի մահից հետո շուրջ երկու տարի Գանձասարը չուներ առաջնորդ։ Արցախահայության խնդրանքով Սարգիս Բ-ի եղբորորդի Բաղդասար Հասան-Ջալալայանցը Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի (1809-1830 թթ․) հրամանով նշանակվեց Աղվանից կաթողիկոսության առաջնորդ։ Բաղդասար մետրոպոլիտը (1830-1854 թթ․) մեծ համբավ ուներ ոչ միայն հայերի, այլև օտարների շրջանում։ 1836 թվականի մարտի 11-ին Նիկոլայ Ա ցարի հրամաով ցարական Ռուսաստոնում կազմվում է հայկական վեց թեմ, որոնցից էր Ղարաբաղի կամ Արցախի թեմը՝ Շուշի առաջնորդանիստ կենտրոնով։ Այստեղ էր հաստատվել նաև թեմի հոգևոր ատյանը՝ կոնսիստորիան։ Հովհաննես Բ կաթողիկոսի միջնորդությամբ Բաղդասար մերտոպոլիտը նշանակվում է Ղարաբաղի թեմի առաջնորդ և հոգևոր ատյանի նախագահ։

Գործունեությունը խմբագրել

Բաղդասար մետրոպոլիտը հոգևոր, կրթական, մշակութային մեծ գործունեություն է ծավալել Արցախում։ Թեև ուսում չուներ, բայց ուսումնասեր էր, որի վառ ապացույցն էրնրա կողմից Գանձասարի վանքում դպրոցի հիմնումը։ Նա հասկանում էր, որ կրթությունն ու գիտությունը ժողովրդին կառաջնորդի դուրս գալու քաղաքական ծանր վիճակից։ Սակայն դպրոցն ուներ ուսուցիչների ր դասագրքերի կարիք։ Այստեղ հիմնականում ուսուցչությամբ էին զբաղվում Գանձասարի դպրոցի շրջանավարտները, որոնց ժամանակին դասավանդել էր Հովսեփ վարդապետ Արցախցին։ Նրանք ծրագրեցին տպագրել դպրոցական դասագրքեր, որն իրականցնելու համար անհրաժեշտ էր տպարան հիմնել։ Բավարար գումարով Բաղդասար մետրոպոլիտը ձեռք է բերում տպագրական սարքավորումներ և Շուշիում հիմնում է տպարան։ Բացի այդ նա Արցախի նշանավոր վանքերից հավաքեց ձեռագրեր՝ նպատակ ունենալով տպագրել դրանք Շուշիի տպարանում[1][2]։ Հայտնի է, որ տպարանում հրատարակվել է 12 անուն գիրք։ 1841-1854 թթ․ տպարանում որևէ գիրք չի տպագրվել ֆինանսական խնդիրների պատճառով։

Իր կտակի համաձայն տպարանը տրվելու էր Արցախի հոգևոր ատյանին կամ վարձակալության էին տալու, որի գումարով հնարավոր կլիներ հոգալ Գանձասարի և Ս․ Հակոբ վանքի կարիքները, բացի այդ գումարը տրամադրվելու էր նաև կարիքավորներին։ Սակայն Ներսես Աշտարակեցու պատվիրակը՝ Գևորգ վարդապետ Վեհապետյանը կարողանում է համոզել Բաղդասար արքեպիսկոպոսին տպարանը կտակել Էջմիածնին։ Համեմատելու համար նշենք, որ 1837-1840 թվականներին Մայր Աթոռի տպարանում տպագրվել է եկեղեցական բնույթի ընդամենը 5 անուն գիրք, այն դեպքում, երբ Շուշիի տպարանում տպագրվեց 13-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ստյոպա, Պետոյան (2021, Թ, 78-94). «Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանցը և Շուշիի հայկական տպագրությունը». Էջմիածին.
  2. Ստյոպա, Պետոյան (2021, Է, 88-102). «Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանցը և Շուշիի հայկական տպագրությունը». Էջմիածին.