Բահրեյնի ազգային թանգարան

Բահրեյնի ազգային թանգարան (արաբ․՝ متحف البحرين الوطني‎‎), Բահրեյնի հանրային ամենամեծ ու ամենահին թանգարանը։ Գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Մանամայում՝ ազգային թատրոնի շենքի մոտ։ Բացվել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին[1], զբաղեցնում է 27 800 քառակուսի մետր ընդհանուր տարածք, բաղկացած է երկու մասնաշենքից, որոնք կառուցվել են դանիական KHR Arkitekter ճարտարապետական ֆիրմայի պատրաստած նախագծերի հիման վրա։ Թանգարանի շինարարությունն արժեցել է մոտավորապես 30 միլիոն ամերիկյան դոլար։ Համարվում է Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական երկրների առաջին մոդեռն թանգարանը[2], Բահրեյնում զբոսաշրջային առավելագույն գրավչություն ունեցող տեսարժան վայրը[2][3]։ Ցուցանմուշները մեծաքանակ են ու բազմաբնույթ և ներկայացված են ըստ թեմատիկայի ու ժամանակաշրջանի։ Երեք ընդարձակ ցուցասրահ հատկացվել է հնագիտական գտածոների ցուցադրմանը, որոնք երկրի մոտավորապես հինգհազարամյա պատմության վկայություններն են։ Դահլիճներից երկուսում ներկայացված են Բահրեյնի արդյունաբերացմանը նախորդած շրջանի պատմությունը, մշակույթը, կենցաղը։

Բահրեյնի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Բահրեյն
ՏեղագրությունՄանամա
ՎայրՄանամա
Ղեկավարության նստավայրՄանամա, Բահրեյն
Հիմնադրվել է1988
Մակերես30 000 քառակուսի մետր
Կայքbahraintourism.com/default.asp?action=article&id=151

Առավել ուշագրավ ցուցանմուշներից են Դյուրանի քարը՝ 70-80 սմ երկարությամբ, բաբելոնյան ժամանակներին վերագրվող սև բազալտե քանդակը, հնագիտական պեղումների արդյունքում անապատում հայտնաբերված և թանգարան տեղափոխված հնագույն դամբանը, «Գիլգամեշ» էպոսի թեմաներով արված պաննոն (այդ էպոսում Բահրեյնը հիշատակված է որպես դրախտավայր), «Ղուրանի» շքեղ պատկերազարդված, հին ձեռագրերը, միջնադարի արաբ պատմիչների, գիտնականների բնօրինակ աշխատություններ կամ հին ընդօրինակումներ, պատմական փաստաթղթեր, նամակներ[1] ...

1993 թվականին թանգարանում բացվել է մի նոր ցուցասրահ, որտեղ արտացոլված է Բահրեյնի բնությունը՝ բնորոշ կենդանական ու բուսական աշխահով։ Գործում են նաև ուսումնական դահլիճը, գրախանութ, աշխատանոցներ, պահուստարաններ, սրճարան[1]...

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://culture.gov.bh/en/authority/cultural_sites/BahrainNationalMuseum/%7Ctitolo=About(չաշխատող հղում) Bahrain National Museum|lingua=en|accesso=29 luglio 2019}}
  2. 2,0 2,1 «Bahrain National Museum». Time Out Bahrain (անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 27. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. «Bahrain National Museum». Lonely Planet. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 13-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահրեյնի ազգային թանգարան» հոդվածին։