Բազմաշաքարներ, (լատին․՝ պոլիսախարիդ) բարդ ածխաջրեր, մոնոսախարիդների կամ նրանց ածանցյալների պոլիկոնդեսացման պրոդուկտներ։ Մոնոմերները այդ միացություններում կապված են միմյանց հետ գլիկոզիդային կապերով։ Պոլիսախարիդները կարող են լինել ճյուղավորված և չճյուղավորված։ Պոլիսախարիդների կազմի մեջ մտնում են զանազան մոնոսախարիդներ.D-գալակտոզ,D-գլյուկոզ,D-գլյուկուրոնաթթու և այլն[1]։

Հոմոպոլիսախարիդներ խմբագրել

Եթե պոլիսախարիդները կազմված են միևնույն մոնոսախարիդների մնացորդներից, ապա նրանք կոչվում են հոմոպոլիսախարիդներ կամ գլիկաններ։ Գլիկանները կարող են լինել հեքսոզաններ և պենտոզաններ։ Կախված մոնոսախարիդի բնույթից տարբերում են գլյուկաններ (որոնք կազմված են միայն գլյուկոզի մնացորդներից),մանաններ, գալակտաններ և այլն։ Երկրագնդի վրա ամենատարածված օրգանական միացությունը ցելյուլոզն (բջջանյութ) է, որը կազմված է 1,4-գլիկոզիդային կապով կապված β-D-գլյուկոպիրանոզի մնացորդներից, ունի կարևոր կառուցվածքային, հենարանային ֆունկցիա բուսական աշխարհում և անհրաժեշտ է որպես սննդի բաղադրամաս կենդանական աշխարհի ներկայացուցիչների համար[2]։

 
Ցելյուլոզ

Օսլա խմբագրել

Բազմաշաքարի քաջածանոթ օրինակ է օսլան։ Այն բաղկացած է գլյուկոզի իրար միացած բազմաթիվ մոնոմերներից։ Բուսական բջիջներն օսլան պահպանում են գրանուլներում։ Կարտոֆիլն ու հացահատիկները, օրինակ ցորենը, եգիպտացորենն ու բրինձը, մարդու սննդում օսլայի գլխավոր աղբյուն են։ Մարդիկ և կենդանիների մեծ մասը կարող են օսլան օգտագործել որպես սնունդ։ Նրանց մարսողական համակարգը հիդրոլիզի օգնությամբ ճեղքում է գլյուկոզի մոնոմերների միջև առկա կապերը։

Բույսերում ածխաջրերի պահեստային կամ պաշարային ձևն է օսլան, որը կազմված է գծային կառուցվածք ունեցող ամիլոզից (10-20%),և ճյուղավորված ամիլոպեկտինից (80 %)։ Ամիլոզը կազմված է α-1,4-գլիկոզիդային կապերով կապված D-գլյուկոպիրանոզի մնացորդներից։

Ամիլոպեկտինի ճյուղավորումը կատարվում է հիմնական շղթայի յուրաքանչյուր 20-25 մոնոսախարիդային մնացորդի մոտ 1,6-α-գլիկոզիդային կապերի առաջացմամբ։ Կենդանական օրգանիզմում ածխաջրերի պահեստային ձևը գլիկոգեն պոլիսախարիդն է (կենդանական օսլա),որը կառուցվածքով նման է ամիլոպեկտինին, սակայն ճյուղավորված է.կողմնային շղթաները կարող են գոյանալ յուրաքանչյուր 6-րդ,8-րդ մոնոսախարիդի մոտ։ Մոնոսախարիդները գլիկոգենում կապված են միմյանց հետ հիմնականում α-1,4- և α-1,6 գլիկոզիդային կապերով։

Դեքստրան։ Դեքստրանները մանրէների հիմնական պոլիսախարիդներն են։ Այժմ մշակված են դեքստրանների արդյունաբերական ստացման եղանակներ միկրոբիոլոգիական սինթեզի ճանապարհով։ Դեքստրանները կազմված են α-D-գլյուկոպիրանոզային մնացորդներից.մոլեկուլները խիստ ճյուղավորված են։ Կապի հիմնական ձևն է α (1→6),իսկ ճյուղավորման հատվածներում α(1→4),α(1→3),α(1→2)։

Դեքստրանները օգտագործում են արյան փոխարինիչների պատրաստման համար (պոլիգլյուկին)։ Ատամների վրա զարգացող մանրէները նույնպես արտադրում են դեքստրան, որը հայտնաբերվում է ատամների վրա գոյացող նստվածքի կազմում։

 
Դեքստրանի հատվածը

Մեկ այլ պոլիսախարիդ, որը մոնոմերն է D-ֆրուկտոզի մնացորդը, կոչվում է ինսուլին։ Ինսուլինը սոխի, սխտորի և մի շարք այլ մթերքների պահեստային պոլիսախարիդն է և օգտագործվում է ֆրուկտոզի արտադրության համար։

Հետերոպոլիսախարիդներ խմբագրել

Կենդանի օրգանիզմներում կարևոր դեր ունեն հետերոպոլիսախարիդները, որոնք կազմված են տարբեր մոնոսախարիդների մնացորդներից։ Հետերոպոլիսախարիդները հիմնականում կազմված են դիսախարիդային միավորներից։ Առավել մեծ նշանակություն ունեն հիալուրոնաթթուն, հեպարինը, խոնդրոիտինսուլֆատները և այլն։ Շարակցական հյուսվածքի հիմնական պոլիսախարիդն է հիալուրոնաթթուն, որը առաջին անգամ անջատվել է ապակյա մարմնից և սինովիալ հեղուկից, իսկ հետագայում հայտնաբերվել է մաշկում, պորտալարում, հեմոլիտիկ ստրեպտոկոկկում և այլն։ Հիալուրոնաթթվի հիդրոլիզից առաջանում են D-գլյուկուրոնաթթու,D-գլյուկոզամին և քացախաթթու.մոլեկուլն ունի գծային կառուցվածք, ճյուղավորված չէ, մոլեկուլային զանգվածը տատանվում է երեքից ութ միլիոնի սահմաններում։ Հյուսվածքներում հանդիպում է ինչպես ազատ, այնպես էլ սպիտակուցների հետ (աղանման) կապված։

 
Հիալուրոնաթթվի կրկնվող միավորը

Հեպարին։ Հեպարինը արյան հակամակարդիչ (հակակոագուլյանտ) գործոնն է, հայտնաբերվել է նաև լյարդում, փայծաղում, թոքերում, վահանագեղձում։ Հեպարինի կրկնվող օղակը բաղկացած է D-գլյուկուրոնաթթվից և D-գլյուկոզամինից, որում ամինախումբը և հիդրօքսիլ խմբերից որևէ մեկը կապված են ծծմբական թթվի մնացորդի հետ։

 
Հեպարինի կրկնվող միավորը

Խոնդրոիտինսուլֆատները զանազան հյուսվածքներում ներկայացված են իրենց երեք հիմնական ձևերով՝ A,B,C։ Խոնդրոիտինսուլֆատ B-ն (որը հայտնի է նաև որպես β-հեպարին) և ավելի ուշ մաշկից անջատված դերմատանսուլֆատը պոլիսախարիդներ են, որոնց կրկնվող միավորը կազմված է L-իդուրոնաթթվի և N-ացետիլգալակտոզամինսուլֆատից։

 
Դերմատանսուլֆատի կրկնվող միավորը

Ամինագլիկանների շարքին է պատկանում նաև կերատանսուլֆատը, որի կրկնվող միավորը կազմված է β-D-գալակտոզի և N-ացետիլ-β-D-գլյուկոզամին մնացորդներից։

Մուկոպոլիսախարիդները կարևոր նշանակություն ունեն նաև մանրէների նյութափոխանակության և գոյատևման համար։ Օրինակ, պնևմոկոկկեր II և III պատիճներում հայտնաբերվել են սպեցիֆիկ պոլիսախարիդներ (ալդոբիուրոնաթթուներ),որոնք օժտված են անտիգենային հատկություններով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «biochemistry.ru». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  2. Campbell, Neil A.; Brad Williamson; Robin J. Heyden (2006). Biology: Exploring Life. Boston, Massachusetts: Pearson Prentice Hall. ISBN 0-13-250882-6.

Գրականություն խմբագրել

  • Օրգանական քիմիայի դասընթաց, Բ. Ա. Պավլով և Ա. Պ.Տերենտև
  • Բիոքիմիա, Մ. Գ. Գասպարյան, Ա. Ա. Մնացականյան, Գ. Վ. Բարսեղյան
  • McMurry, John. Organic Chemistry. 7th ed. Belmont, CA։ Thomson Brooks/Cole, 2008. Print.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոլիսախարիդներ» հոդվածին։