Աֆրիկան հիմնականում տարբեր բարձրության սարահարթերի երկիր է, բարձր լեռները գտնվում են նրա ծայրամասերում։ Մակերևույթի նման կառուցվածքը պայմանավորված է նրա ձևավորման պատմությամբ։ Մայրցամաքի հիմքը կազմում է Աֆրիկա-Արաբական պլատֆորմը, որը հանդիսանում է հնագույն Գոնդվանա ցամաքի մի մասը։ Լեռնակազմական պրոցեսները Աֆրիկայի մեծ մասում վաղուց են ավարտվել (500-1000 մլն. տարի առաջ), լեռնային մակերևույթն էլ արտաքին ուժերի ազդեցությամբ քայքայվել, տեղատարվել է՝ վերածվելով սարահարթերի ու բարձրավանդակների։ Ավելի բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական (Հաբեշական) բարձրավանդակը։ Արևելաաֆրիկյան սարահարթում գտնվում է Աֆրիկայի ամենաբարձր լեռը՝ Կիլիմանջարոն (5895 մ.), որի գագաթը ամբողջ տարին ձյունապատ է։

Աֆրիկայի ֆիզիկական քարտեզ

Պլատֆորմի առանձին տեղամասերը տարբեր ժամանակներում իջել կամ բարձրացել են, երկրակեղևում առաջացել են բեկվածքներ, խզումներ, որոնք ուղեկցվել են հրաբխականությամբ և երկրաշարժերով։ Նման ծագում ունեն Արևելաաֆրիկյան բեկորավոր (հորստա-գրաբենային) լեռները։

Զամբեզի գետի գետաբերանից դեպի հյուսիսաֆրիկյան խոշոր լճեր, Կարմիր ծով, Մեռյալ ծովից դեպի Միջերկրական ծով ձգվում է Արևելաաֆրիկյան խոշոր բեկվածքային գոտին, որի գրաբեններում էլ ձևավորվել են Նյասա, Տանգանիկա, Վիկտորիա լճերը, Կարմիր և Մեռյալ ծովերը։

Ռելիեֆի հիմնական միավորները

խմբագրել

Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի երիտասարդ (Ալպյան հասակի) լեռները, հարավում՝ Դրակոնյան ու Կապի հին (պալեոզոյան հասակի) լեռները։ Գվինեական ծովափի մոտ գտնվում է Կամերունի հրաբուխը (4070 մ.)։

Սարահարթերից նշանավոր են Սահարան, Սուդանը, Կալահարին, Նամիբը։ Սահարաի կենտրոնական մասում գտնվում են Ահագար, Դարֆուր և Տիբեսթի բարձրավանդակները։ Արևելքում, Կարմիր ծովի մոտ, գտնվում է Եթովպական բարձրավանդակը։

Դաշտավայրերը փոքր են և գտնվում են ծովափնյա շրջաններում։

Աֆրիկայի ամենացածր կետը Եթովպիայում Ասսալ լճի իջվածքն է՝ -153 մ.։