Արցախի 7-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ

2020 թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվեցին յոթերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները[1]։ 1991 թվականի անկախությունից հետո սրանք Արցախի Հանրապետությունում անցկացվող խորհրդարանական յոթերորդ ընտրություններն են։

Ընտրողների թիվ

խմբագրել

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդած տվյալների համաձայն ընտրողների ընդհանուր թվից՝ 104 350 քաղաքացիներից, 2020 թվականի մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 76 712 մարդ։ Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 72.7 %-ը[2]։

Կորոնավիրուս և միջազգային դիտորդներ

խմբագրել

Կորոնավիրուսի տարածման սպառնալիքը նկատի ունենալով՝ իշխանությունները ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ։ Մասնավորապես՝ հատուկ հեղուկով ախտահանում էին ընտրատեղամասերը, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիներին, դիտորդներին, լրագրողներին և ընտրատեղամասերում ներկա գտնվող այլ անձանց բաժանվեցին անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներ։

Ընտրություններին ներկա գտնվելու համար հրավեր էին ստացել 38 երկրներից 140 դիտորդներ և 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, սակայն դիտորդական առաքելություն իրականացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է տեղի և հայաստանյան 963 դիտորդ, լրատվամիջոցների 231 ներկայացուցիչ։

Միջազգային արձագանք

խմբագրել

ԵԱՀԿ Մինսկի խումբ

խմբագրել

Արցախում ընթացող ընտրություններին արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշելով, որ գիտություն են ընդունում այսպես կոչված «ընտրությունները», բայց նաև ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել որպես անկախ և ինքնիշխան պետություն ո՛չ համանախագահ երկրների, ո՛չ էլ որևէ այլ պետության կողմից։ Հետևաբար համախագահները չեն ընդունում այդ «ընտրությունների» արդյունքները որպես Ղարաբաղի օրինական կարգավիճակի վրա ազդող գործոն, և ընդգծում են, որ արդյունքները չեն կարող որևէ կերպ կանխորոշել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար ընթացող բանակցությունների ելքը[3]։

Եվրամիություն

խմբագրել

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակի թվիթթերյան պաշտոնական հայտարարությունում նշված էր «Այս քվեարկությունը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշումը կամ ազդել բանակցային գործընթացի արդյունքների վրա»[4]։ Պետք է նշել, որ ժամեր անց նշված գրառումը հեռացվեց Թվիթթերից։

Այլ պետություններ

խմբագրել

Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների օրինականությունը չճանաչելու մասին հայտարարություններով հանդես են եկել Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, Ռումինիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Իրանը, Թուրքիան, ինչպես նաև Եվրամիությունը, Եվրոպական խորհրդարանը, ՆԱՏՕ-ն, Թյուրքալեզու պետությունների  համագործակցության խորհուրդը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը[5]։ Նշենք, որ այս երկրների մեծ մասը նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև 2012 թվականին Արցախում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ։ 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային արձագանքն ավելի պասիվ էր (Եվրամիություն, ԱՄՆ և Թուրքիա)։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Յոթերորդ գումարման Խորհրդարանում ընդգրկված կլինեն քաղաքական 5 ուժեր». artsakhpress.am. 1 ապրիլի, 2020.
  2. ««Ժողովուրդ». Ինչ պատկեր է Արցախի ընտրություններում. նախնական արդյունքներ». NEWS.am. 01.04.2020.
  3. «Արցախում ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը». www.azatutyun.am. 2020 թ․ մարտի 31.
  4. «ԵՄ-ն չի ճանաչում Արցախի ընտրությունների «իրավական շրջանակը»». mediamax.am. 2020 թ․ մարտի 31.
  5. «Արցախում ընտրություններին միջազգային արձագանքը». armedia.am. 02.04.2020.