Արտաշես Վասիլյան
Արտաշես Արշակի Վասիլյան (ապրիլի 23, 1898, Ուզունթալա, Հայաստան - փետրվարի 10, 1943, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ռազմական գործիչ, խորհրդային բանակի գնդապետ (1940)։
Արտաշես Վասիլյան | |
---|---|
ապրիլի 23, 1898 - փետրվարի 10, 1943 (44 տարեկան) | |
Ծննդավայր | Ուզունթալա, Հայաստան |
Մահվան վայր | Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Լենինական |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1898 թվականի ապրիլի (մայիս) 23-ին Այգեհովիտ գյուղում։ Ավարտել է Թիֆլիսի հետևակային դպրոցը (1925), ԲԳԿԲ վարչությանը կից հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները (1929)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է (1916) Կովկասյան գործող բանակ։ Ստեփան Շահումյանի կոչով՝ 1918 թվականին կամավոր մտել է կարմիր բանակ։ 1920 թվականի մայիսին ծառայության է անցել Բաքվի 26 կոմիսարների անվան 1-ին կամավորական գնդում։ Եղել է գնդացրային դասակի, հրաձգային վաշտի հրամանատար, 1931 թվականից՝ 77-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ։ 1934 թվականին նշանակվել է հայկական 4-րդ լեռնահրաձգային գնդի շտաբի պետ, ապա՝ գնդի հրամանատար։ 1935-1937 թվականներին՝ 20-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի հետախուզության բաժնի պետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ղեկավարել է 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմավորումն ու զորավարժեցումը։ 1942 թվականի հոկտեմբերին նշանակվել է Հյուսիսային Կովկասում գործող 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել Էլխոտովո-Մալգոբեկ-Վոզնեսենսկայա շրջանում մղված պաշտպանական մարտերին, Մալգոբեկի, Հյուսիսային Կովկասի այլ բնակավայրերի ազատագրմանը։
Զոհվել է հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ մարտում։ Աճյունն ամփոփված է Գյումրու քաղաքային այգում։
Վասիլյանի անունով է կոչվում նրա ծննդավայրի միջնակարգ դպրոցը, Իջևանի փողոցներից մեկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 294)։ |