Արոմորֆոզներ (հուն. αἴρω-«բարձրացնող» և μορφή-«տեսակ»), այնպիսի էվոլյուցիոն փոփոխություններ են, որոնք օրգանիզմները տանում են դեպի կազմավորվածության ընդհանուր վերելք, բարդացնում նրանց կառուցվածքը, բարձրացնում կենսագործունեության ուժգնությունը։

Էվոլյուցիոն գործընթացի դիագրամը ըստ Ա. Ն. Սևերցովի, (a) արոմորֆոզ, (b) իդիոադապտացիա, (r) ընդհանուր դեգեներացիա

Արոմորֆոզների հայտնաբերման և ուսումնասիրման գործում մեծ դեր են խաղացել Ա. Ն. Սևերցովի և Ի. Ի. Շմալհաուզենի աշխատությունները։ Նրանք սահմանեցին էվոլյուցիայի երկու գլխավոր ուղղությունները՝ կենսաբանական առաջադիմությունը և կենսաբանական հետադիմությունը։

Կենսաբանական առաջադիմությունն իրականանում է երեք ուղիներով՝

Օրգանական աշխարհի էվոլյուցիայի վաղ փուլերի խոշոր արոմորֆոզներ են՝ բույսերի ֆոտոսինթեզի գործընթացի առաջացումը, միաբջիջ օրգանիզմներից բազմաբջիջ օրգանիզմների առաջացումը, օրգանիզմների՝ սեռական ճանապարհով բազմացումը, ներքին բեղմնավորման ի հայտ գալը։ Բույսերի զարգացման մեջ խոշոր արոմորֆոզ էր սպորներով բազմացումից սերմերով բազմացմանն անցնելը։ Ողնաշարավոր կենդանիների զարգացման ընթացքում խոշոր արոմորֆոզներ են կմախքի, ծնոտների, քորդայի, խռիկային և թոքային շնչառության, հնգամատ տիպի վերջույթների առաջացումը և այլն։

Արոմորֆոզը գոյության կռվում նշանակալից առավելություններ է տալիս օրգանիզմին, հնարավորություն ընձեռում նրան հարմարվելու նոր միջավայրին, օժանդակում է պոպուլյացիաներում գոյատևման բարձրացմանը և մահացության իջեցմանը։ Բարձր ծնելիության և ցածր մահացության դեպքում թվաքանակը պոպուլյացիաներում մեծանում է, արեալն՝ ընդարձակվում, գոյանում են նոր պոպուլյացիաներ, արագանում է նոր տեսակների ձևավորումն, այսինքն՝ տեղի է ունենում կենսաբանական առաջադիմություն։