Արյան լճի ճակատամարտ
Արյան լճի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև, որը տեղի է ունեցել 852 թվականին Թով գյուղի մոտ՝ «Արյան լիճ» կոչված վայրում (Կորճայք նահանգի Որսիրանք գավառում)։ Հայկական կողմի հրամանատարն էր Վասպուրականի իշխան Գուրգեն Արծրունին, իսկ արաբական կողմինը՝ Բուղա ալ-Շարաբը[1]։
Թվական | 852 թվական |
---|---|
Մասն է | Արմինիայի ապստամբություն (850-855) |
Վայր | Արյան լիճ |
Արդյունք | Արմինիա կուսակալության հաղթանակ |
Հակառակորդներ | |
Արմինիա կուսակալություն | Արաբական խալիֆայություն |
Հրամանատարներ | |
Գուրգեն Արծրունի | Բուղա ալ-Շարաբ |
Կողմերի ուժեր | |
900 | 15.000 |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Բուղայի արշավանքը դեպի Հայաստան
խմբագրել9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայության տիրապետության դեմ բռնկվում է հայերի նոր ապստամբությունը, որը 8-րդ դարում տեղի ունեցած հակաարաբական ապստամբություններից տարբերվում էր առավել կազմակերպվածությամբ ու ձեռք բերած արդյունքներով։ Համազգային ելույթն ավարտվում է հայերի հաղթանակով, ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերում լիակատար ինքնավարություն։
Մութավաքիլ խալիֆան (847-861), նպատակ ունենալով վերջ տալ Հայաստանի ինքնավար վիճակին, 849 թվականին այնտեղ է ուղարկում Աբուսեթ (Աբու Սայիդ, արաբ․՝ أبو سيد) ոստիկանին, իսկ վերջինիս մահից հետո՝ նրա որդուն՝ Յուսուֆին (արաբ․՝ يوسف)։ Յուսուֆը 851 թվականին ձերբակալում է Հայաստանի իշխանաց իշխան Բագարատ Բագրատունուն և շղթայակապ ուղարկում խալիֆի նստավայր, իսկ արաբական զորքերը շարունակում են իրենց ասպատակությունները Հայաստանի տարբեր գավառներում։ Բագարատի որդիների՝ Աշոտի և Դավթի, ինչպես նաև Հովնան Խութեցու գլխավորությամբ Սասունի լեռնականները դուրս են գալիս արաբների դեմ, հարձակվում Մուշի վրա ու սպանում Յուսուֆ ոստիկանին։
Արաբական խալիֆայությունը հայերի ապստամբությունը ճնշելու համար 852 թվականի գարնանը մեծ բանակով Հայաստան է ուղարկում իր դաժանությամբ հայտնի, ազգությամբ թուրք Բուղային։ Նրան կարգադրվել էր Հայաստանի բոլոր իշխաններին շղթայակապ արքունիք ուղարկել ու տիրել նրանց ունեցվածքին։ Բուղան սկզբում ներխուժում է Տարոն ու ձերբակալում ապստամբության ղեկավար իշխաններին, որից հետո կոտորում է Խութի ու Սասունի շուրջ 30 հազար բնակիչների, իսկ Հովնան Խութեցուն և բազմաթիվ այլ ապստամբների գերի վերցնում։ Այնուհետև Բուղան Խլաթի վրայով արշավում է դեպի Վասպուրական՝ նպատակ ունենալով պաշարել ու հարվածել Արծրունի իշխաններին։ Վասպուրականի տեր Աշոտ Արծրունին, աջակցություն չստանալով մյուս հայ իշխաններից, ստիպված անձնատուր է լինում Բուղային։ Այս ամենից հետո հայոց պայքարը գլխավորում է Աշոտի կրտսեր եղբայր Գուրգենը, որը կարողանում է համախմբել Գնունի, Գազրիկյան, Ամատունի, Վարաժնունի, Ընտրունի, Ակեացի, Վահևունի և Անձևացի նախարարությունների 900 մարտիկներից բաղկացած ուժերը։ ուժերը համաքելով՝ Գուրգեն Արծրունին ամրանում է Կորճայք նահանգի Որսիրանք գավառի Թվա (Թով) գյուղի մոտակա լեռներում, որից ներքև տարածվում էր Արյան լիճ դաշտավայրը։
Ճակատամարտ
խմբագրելԳուրգենին ուղեկցողները շուտով նկատում են, որ արաբական բանակն արդեն մարտակարգ է ընդունել, որից ակնհայտ է դառնում, որ արաբները մտադիր չէին բանակցություններ վարել։ Հայոց իշխան Գուրգենին բանակցության կանչելով՝ արաբները մտադրություն ունեին ձերբակալել նրան և, խուճապից օգտնվելով, վճռական գրոհով հաղթել հայերին։ Ստեղծված դրությունից ելնելով՝ Գուրգեն Արծրունին հարկադրված է լինում իր ուժերը ևս շարել մարտակարգով։
Հայոց մարտակարգը բաժանված էր երկու մասի.
- Ձախ թևի հրամանատարությունը հանձնվում է Մուշեղ Արծրունուն, որում, հավանաբար, միայն հետևակային ստորաբաժանումներ էին։ Նկատի ունենալով, որ ձախ թևն ավելի թույլ է, Գուրգենը դիրք է զբաղեցում այս թևում։
- Աջ թևի հրամանատարությունը հանձնվում է Ապումկդեմ Արծրունուն, որում կենտրոնացվել էր հեծելազորը։
Առավոտյան հայերը բարձունքից գրոհում են արաբների վրա։ Այս գրոհը շարունակվում է մինչև ուշ երեկո, որից հետո արաբները փախչում են մարտադաշտից։ Հաղթանակից հետո Գուրգեն Արծրունին հետապնդում է կազմակերպում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 186–191.
Գրականություն
խմբագրել- Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ՍՊԲ, 1887, էջ 143-148
- Հայ ժողովրդի պատմություն, հտ․ 2, Եր․, 1984, էջ 355-356
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 99)։ |