Արյան ձևավոր տարրեր

(Վերահղված է Արյան բջիջներից)

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները։

Արյան ձևավոր տարրերը
Էրիթրոցիտները 3D-ով
Էրիթրոցիտների տարբեր տեսակները
Հեմոգլոբին սպիտակուցը
Հեմի քիմիական կազմությունը
Ձախից՝ զարկերակային, իսկ աջից՝ երակային արյուն
Էրիթրոցիտները հիպերտոնիկ, իզոտոնիկ և հիպոտոնիկ լուծույթներում

Էրիթրոցիտներ խմբագրել

Էրիթրոցիտները երկգոգավոր սկավառակաձև, 7,2-7,5 մկմ տրամագծով կարմիր մարմիկներն են։ Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի (O2,CO2) հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության գործակիցը։ Առաջանում են կարմիր ոսկրածուծում, որտեղ ունեն կորիզ։ Հասուն էրիթրոցիտները ոսկրածուծից դուրս գալուց առաջ կորիզազրկվում են, ուստի նրանց անվանում են ոչ թե բջիջներ, այլ մարմիկներ։1 մմ3 արյան մեջ պարունակվում է 4,5-5 միլիոն էրիթրոցիտ։ Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ։

Արտաքուստ էրիթրոցիտները ծածկված են առաձգական նուրբ թաղանթով, որի շնորհիվ նեղ մազանոթով անցնելիս իրենց ձևը փոխում են, դառնում ձվաձև, հպվում մազանոթի պատերին և դանդաղ շարժվում։ Այդ ժամանակ է կատարվում գազերի փոխանակում էրիթրոցիտների ու հյուսվածքային հեղուկի միջև։ Հասուն էրիթրոցիտների կյանքի առավելագույն տևողությունը 120-130 օր է։ Ծերացած էրիթրոցիտները քայքայվում են լյարդում և փայծաղում, որտեղ էլ կուտակվում է նրանցից անջատված երկաթը ու օգտագործվում նոր հեմոգլոբինի սինթեզի համար։ Էրիթրոցիտների հիմնական ֆունկցիան թոքերում թթվածնի փոխադրումը հյուսվածքներ, իսկ հյուսվածքներից ածխաթթու գազի փոխադրումը թոքեր։ Այս գործընթացը իրականացնում է էրիթրոցիտներում պարունակվող հեմոգլոբին բարդ նյութը։ Արյան մեջ հեմոգլոբինի բացարձակ քանակը 13-14 % է, իսկ հարաբերական քանակը 80-100 %։ Այն բաղկացած է օրգանական նյութից գլոբին սպիտակուցից և հեմից, որի կազմի մեջ կա երկարժեք երկաթ։ Թոքերում հեմոգլոբինը մեծ արագությամբ միանում է թթվածնի հետ, առաջացնում օքսիհեմոգլոբին անկայուն միացություն, նրա քանակով է պայմանավորված զարկերակային արյան վառ կարմիր գույնը։ Հյուսվածքներում օքսիհեմոգլոբինից թթվածինն անջատվում է, մտնում բջիջների մեջ և օգտագործվում։ Իսկ թթվածնից ազատված՝ վերականգնված հեմոգլոբինն անմիջապես միանում է ածխաթթու գազին, առաջացնում կարբոհեմոգլոբին դարձյալ անկայուն միացություն, որով պայմանավորված է երակային արյան մուգ կարմիր գույնը, որն արյան հոսքով հասնում է թոքեր, ուր հեմոգլոբինից անջատվում է ածխաթթու գազը և հեռացնում օրգանիզմից։

Թթվածնի համեմատ շնոլ գազը (CO) մոտավորապես 300 անգամ ավելի հեշտ է միանում հեմոգլոբինին, առաջացնելով կարբօքսոհեմոգլոբին կայուն միացություն, որը հանգեցնում է օրգանիզմի հյուսվածքների թթվածնաքաղցին։ Դա սկզբում ուղեկցվում է գլխացավով, փսխումով, գիտակցության կորստով և կարող է հանգեցնել մահվան։ Ուստի շմոլ գազով թունավորվածին պետք է անմիջապես տեղափոխել մաքուր օդ, թթվածնի բարձիկից տալ թթվածին շնչելու, իսկ շնչադադարի դեպքում կատարել արհեստական շնչառություն։ Հարկավոր է զգուշանալ այն շինություններում, որտեղ կա շմոլ գազի աղբյուր (վառարան, գազօջախ, գազախողովակ) և երկարատև չգտնվել բանուկ փողոցների խաչմերուկում, որտեղ փոխադրամիջոցները վնասակար գազեր են արտանետում։

Արյան մեջ էրիթրոցիտների քանակի կամ նրանց մեջ հեմոգլոբինի պարունակության պակասումը կոչվում է սակավարյունություն։ Դա առաջանում է ամենատարբեր պատճառներից՝ ուժեղ արյունահոսությունից, զանազան հիվանդությունների (մալարիա) ժամանակ էրիթրոցիտների քայքայումից, քիմիական և կենդանական թույներով (օձ, կարիճ) թունավորվելիս, սննդային թունավորումներից, վիտամինների պակասից, ոսկրածուծի արյունաստեղծ ֆունկցիայի խանգարումից և այլն։

Սակավարյունության դեպքում հյուսվածքներում առաջանում է թթվածնաքաղց, որի հետևանքով դիտվում է գլխապտույտ, հևոց, աղմուկ ականջներում, տեսողության վատացում։ Մարդը գունատվում է։ Սակավարյունությունը վտանգ է սպառնում մարդու կյանքին։ Ուստի անպայման պետք է դիմել բժշկին, հայտնաբերել պատճառը, կատարել համապատասխան բուժում։ Խիստ անհրաժեշտ է դեղաբուժման հետ միասին կատարել արյան փոխներարկում, օգտագործել վիտամիններով հարուստ սնունդ։

 
Ֆագոցիտոզ
 
3D-ով լեյկոցիտների տարբեր տեսակներ

Լեյկոցիտներ խմբագրել

Լեյկոցիտներն արյան սպիտակ կորիզավոր բջիջներն են, ունեն 2-14 մկմ մեծություն։1 մմ3 արյան մեջ կա 6000-8000 լեյկոցիտ։ Լեյկոցիտները, բացի արյան հոսքով շարժվելուց, կարող են առաջացնել «կեղծ ոտիկներ» և ինքնուրույն տեղաշարժվել ամեոբայի նման։ Մազանոթներում, որտեղ արյան հոսքը դանդաղ է, մազանոթի բջիջների արանքով անցնում են հյուսվածքներ, շրջապատում մանրէներին, կլանում, մարսում են և պաշտպանում մեր օրգանիզմը։ Ա յս երևույթը հայտնաբերել է ռուս գիտնական Ի.Ի. Մեչնիկովը և անվանել է ֆագոցիտոզ, իսկ ֆագոզիտոզ կատարող բջիջներին՝ ֆագոցիտներ։ Ֆագոցիտը մեկ ժամվա ընթացքում կարող է կլանել և մարսել 20-ից մինչև 100 մանրէ։ Սակայն ավելին կլանելու դեպքում չի կարողանում մարսել, և լեյկոցիտը մահանում է։ Մահացած լեյկոցիտների և հյուսվածքային բջիջների կուտակը թարախն է։ Լեյկոցիտները քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային պրոցեսների ժամանակ։

Բացի ֆագոցիտոզ կատարելուց լեյկոցիտներն արտադրում են հատուկ նյութեր՝ հակամարմիններ, որոնք նույնպես պաշտպանում են օրգանիզմը։ Լեյկոցիտների տարատեսակներից են լիմֆոցիտները։ Դրանք գնդաձև են, պատված թավիկներով, որոնց շնորհիվ նրանք փնտրում, գտնում են օտարածին սպիտակուցներին և ոչնչացնում նրանց։ Լիմֆոցիտները առաջանում են ոսկրածուծում, ավշային գեղձերում և փայծաղում։ Նրանք ապրում են ավելի քան 20 տարի։ Լիմֆոցիտները մասնակցում են հակամարմինների առաջացմանը և պայմանավորում իմունիտետը։ Լեյկոցիտներն առաջանում են կարմիր ոսկրածուծում, փայծաղում, ուրցագեղձում և ավշային հանգույցներում, կյանքի տևողությունը 3-4 օր է։ Քայքայվում են փայծաղում, բորբոքային օջախներում։

 
Էլեկտրոնային մանրադիտակի տակ արյան ձևավոր տարրերը։ Ձախից աջ` էրիթրոցիտ, թրոմբոցիտ, լեյկոցիտ

Թրոմբոցիտներ խմբագրել

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները 1,5-2 մկմ մեծություն ունեն։ Մասնակցում են արյան մակարդման գործընթացին։ Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են ոսկրածուծում, ապրում են 5-7 օր, քայքայվում փայծաղում, չունեն կորիզ։ 1 մմ3 արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ։ Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն։ Քայքայված թրոմբոցիտները փոխարինվում են երիտասարդ թրոմբոցիտներով։

Արյան ձևավոր տարրերի քանակի կարգավորումը խմբագրել

Արյան մեջ ձևավոր տարրերի քանակը հարաբերականորեն հաստատուն է և պահպանվում է արյունաքայքայման ու արյունաստեղծման գործընթացների հավասարակշությամբ։ Միավոր ժամանակում ստեղծվում և քայքայվում են նույն քանակով ձևավոր տարրեր։ Այս գործընթացը կարգավորվում է նյարդային և հումորալ ճանապարհով։ Նյարդային կարգավորումն իրականանում է վեգետատիվ նյարդային համակարգի միջոցով։ Սիմպաթիկ նյարդային համակարգը խթանում, իսկ պարասիմպաթիկը արգելակում է արյունաստեղծումը։

Արյունաստեղծման հումորալ կարգավորումն իրականանում է տարբեր օրգաններում՝ լյարդում, փայծաղում, երիկամներում արտադրվող հատուկ նյութերով, որոնք կոչվում են արյունաստեղծողներ։ Կարևոր դեր են կատարում նաև վիտամինները (C, B2, B6, B12), հորմոնները (հեմոպոետիններ, էրիթրոպոետին) և մետաղները (երկաթ)։

Տես նաև խմբագրել