Ֆագոցիտոզ
Ֆագոցիտոզ (հին հունարեն՝ φαγεῖν - խժռել և κύτος - բջիջ), կենդանի բջիջների և անկենդան մասնիկների ակտիվ հափշտակումը և խժռումը միաբջիջ օրգանիզմներով կամ բազմաբջիջ կենդանիների հատուկ բջիջներով՝ ֆագոցիտներով։
Ֆագոցիտոզի երևույթը բացահայտել է Իլյա Մեչնիկովը, որը պարզել է նշված գործընթացի դերը մարդու ու բարձրակարգ կենդանիների պաշտպանական, հատկապես բորբոքային և իմունիտետի ռեակցիաներում։ Ֆագոցիտոզը մեծ դեր է կատարում վերքերի ապաքինման պրոցեսում։ Մասնիկներ կլանելու և մարսելու ընդունակությունն ընկած է պարզունակ օրգանիզմների սննդառության հիմքում։ Էվոլյուցիայի ընթացքում այդ հատկությունն աստիճանաբար անցել է սկզբում մարսողական, ապա շարակցական հյուսվածքի առանձին մասնագիտացված բջիջներին։
Մարդու և կաթնասունների ակտիվ ֆագոցիտներն են արյան նեյտրոֆիլները, մոնոցիտները և ռեթիկուլա-էնդոթելային համակարգի բջիջները, որոնք ընդունակ են վերածվելու ակտիվ մակրոֆագերի։ Նեյտրոֆիլները ֆագոցիտում են մանր (բակտերիաներ), իսկ մակրոֆագերը՝ ավելի մեծ (մեռած բջիջներ, դրանց մահերը և այլն) մասնիկներ։ Մակրոֆագերը կարող են կլանել նաև օրգանիզմ ներթափանցած ներկանյութերի և կոլոիդային նյութերի բացասական լիցքավորված մասնիկները։ Մանր կոլոիդային մասնիկների կլանումը կոչվում է ուլտրաֆագոցիտոզ կամ կոլոիդոպեքսիա։
Ֆագոցիտոզը պահանջում է էներգիայի ծախս, այն կապված է բջջի թաղանթի և մեծ քանակությամբ հիդրոլիզային ֆերմենտներ պարունակիդ ներբջջային օրգանոիդների՝ լիզոսոմների ակտիվության հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆագոցիտոզ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 611)։ |