Արհեստավորների սինագոգ (ռուս.՝ Синагога ремесленников), սինագոգ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։ Կառուցվել է 1901 թվականին, այրվել է 1942 թվականին։

Արհեստավորների սինագոգ
Հիմնական տվյալներ
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքհուդայականություն
Հիմնական ամսաթվերը1901
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1901
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հրեաների հայտնվելը Ներքին Դոնում նկատվել է 19-րդ դարի առաջին տասնամյակի կեսերից։ 1836 թվականին, երբ Դոնի Ռոստովում ապրում էր շուրջ 8100 մարդ, հրեական համայնքը 73 մարդ էր, 10 տարի անց` արդեն 289 մարդ։ Հրեական համայնքը ձևավորվել է Արևմտյան Ուկրաինայից, Բելառուսից և Լիտվայից հրեաների գաղթի հաշվին[1]։ Համաձայն Ռուսական կայսրության օրենքների` հրեական համայնքներն աղոթատան իրավունք ունեին 30 հրեական տան և սինագոգ` 80 տան առկայության դեպքում։

1891 թվականին Դոնի Ռոստովում հիմնվեց արհեստավորական հրեական աղոթքի ընկերություն։ 1894-1901 թվականներին կրոնական պահանջմունքները բավարարելու նպատակով ընկերությունն աղոթատան համար մի սենյակ վարձակալեց, որը պատկանում էր Յ. Կ. Բաշմակովայի ժառանգներին. դա մեկհարկանի տուն էր Կազանսկի նրբանցքի թիվ 24 հասցեում (այժմ` Գազետնի նրբանցք, թիվ 28), Ստարոպոչտովայա փողոց, թիվ 121-ի (այժմ` Ստանիսլավսկու փողոց, թիվ 73) անկյունում։

1894 թվականին շինարարական կապալառու Աբրամ Մոիսեևիչ Գերոնիմուսը Դոնի Ռոստովում կալվածք է գնել Կազանսկի նրբանցքի թիվ 24-ի (այժմ` Գազետնի նրբանցք, թիվ 28) և   Ստարոպոչտովայա փողոց, թիվ 121-ի (այժմ` Ստանիսլավսկու փողոց, թիվ 73) անկյունում։ 1901 թվականին նա այստեղ կառուցել է աղյուսե շենք արհեստավորական հրեական ընկերության աղոթատան համար։ Շենքի չափսերը` 16,75×16,25×3,35 մետր։ Շինության ընդհանուր մակերեսը` մոտ 323 մ²։ Շենքը երկհարկանի էր, գոթական ոճով սրածայր անկյունային և միջանկյալ ավարտումներով։ 1904 թվականին Ա. Մ. Գերոնիմուսն այս շենքը նվիրել է արհեստավորական հրեական ընկերությանը։ 1905 թվականի հրեական կոտորածների ժամանակ շենքն այրվել է։ Շենքի վերանորոգումից հետո ծիսակատարությունները շարունակվել են։ 1913 թվականին Դոնի զորքի մարզային վարչության հոգևոր հարցերի դեպարտամենտը թույլատրել է արհեստավորական հրեական ընկերությանը շենքն ընդունել որպես Ա. Մ. Գերոնիմուսի նվիրատվություն։

Շենքը տուժել է քաղաքացիական պատերազմի ժամանակ, սակայն, թեև նրա վրա ռումբ է ընկել, շենքը կանգուն է մնացել։ 1936 թվականին այս տաճարը միակն էր, որ գործում էր Դոնի Ռոստովում, և անվանվեց սինագոգ։ 1942 թվականի հուլիսին շենքն այրվեց, մնացին միայն արևելյան պատի մասերը։ Հայրենական մեծ պատերազմի ավարտին շենքը չի վերականգնվել։ Ներկայում նրա տեղում «Դոբրինյա» մթերային խանութն է։

Շենքից պահպանվել է նախահեղափոխական լուսանկար։

Հոգևորականներ խմբագրել

1920-ական թվականներին հասիդական համայնքի արհեստավորական հրեական աղոթատան ռաբբին էր Յոշուա-Էշել Ավրաամ Խաիմովիչ Զամսկին։ Տարբեր ժամանակներում հրեական համայնքի ղեկավարներ են եղել Յ. Մ. Լելչուկը, Ուգոլնիկովը և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «История общины». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել