Արդվինի գավառ

գավառ Բաթումի մարզի կազմում

Արդվինի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1878-1918 թվականներին եղել է Բաթումի մարզի, ապա՝ Քութայիսի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Արդվին քաղաքն էր։

Արդվինի գավառ
Артвинский округ

Զինանշան

Բաթումի մարզի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԲաթումի մարզ
Ներառում է29 համայնք
ՎարչկենտրոնԱրդվին
Հիմնական լեզութուրքերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)56,140
Ազգային կազմԹուրքեր (մոտ 74 %)[1]
Տարածք3,908
Հիմնադրված է1878 թ.
Պատմական շրջան(ներ)Ճակք

Արդվինի գավառը հյուսիսից սահմանակցում էր Բաթումի գավառին, արևելքում Կարսի մարզն էր, իսկ հարավում-արևմուտքում Օսմանյան կայսրության սահմանն էր։

Ներառում է հիմնականում ժամանակակից Թուրքիայի Արդվինի մարզի մեծ մասը։

Պատմություն խմբագրել

Գավառն կազմվել է 1878 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմի (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով Բաթումի մարզի հարավային՝ Ճորոխ գետի հովտի հատվածը։ 1883 թվականին Բաթումի մարզը վերացել է, Բաթումի և Արդվինի գավառներն անցել են Քութայիսի նահանգի կազմ։ Արդվինի գավառը համապատասխանել է պատմական Տայք աշխարհի Ճակք գավառին։ Դեռ միջնադարում տեղի հայ բնակչության մեծ մասը ձուլվել է ուղղափառ հույներին և վրացիներին, արտագաղթել։ Այստեղ բնակվելու են եկել մեծաքանակ այլազգիներ, որոնք օսմանյան տիրապետության շրջանում կրոնափոխ են եղել և կորցրել սեփական լեզուն։ Արդվինի հայերի մի մասն էլ տեղափոխվել է Բաթում քաղաք[2]։

Ամբողջ գավառում առաքելական հայերի թիվը չէր անցնում 8 հազարից՝ գրեթե նույնքան, որքան վրացիները։ Հայերի մեծ մասը բնակվում էր Արդվին բերդաքաղաքում (4646 մարդ) և Արտանուջ ավանում (960 մարդ), խոսում հիմնականում արևմտահայերեն։ Արդվինում 20-րդ դարի սկզբներին կար 5 եկեղեցի՝ սուրբ Աստվածածին, Պողոս-Պետրոս, Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Խաչ և առաքելական սուրբ Աստվածածին։ Յուրաքանչյուր եկեղեցուն կից 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կար դպրոց[3]։

1918-1920 թվականներին գավառն ամբողջությամբ մտել է Վրաստանի դեմոկրատական հանրապետության կազմ։ Հայերի մեծ մասը լքում է Արդվինը՝ տեղափոխվում Աբխազիա, Վրաստան, Ռուսաստանի սևծովյան շրջաններ, Խորհրդային Հայաստան[4]։ 1921 թվականի Կարսի պայմանագրից հետո՝ անցել է Թուրքիային, որում որպես վարչատարածքային միավոր մտել է Արդվինի մարզ։ Վերջինիս կազմ է մտել նաև պատմական Համամշեն գավառը, որը կիսվել է Ռիզե և Արդվին մարզերի միջև։ Համամշենի միացումով նոր վարչական միավորում են հայտնվել հազարավոր համշենահայեր։

Բնակչություն խմբագրել

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 56,140 մարդ էր, որի ճնշող մեծամասնությունը թուրքեր էին (41468), 13.9 %-ը՝ հայեր (7819), 9.8%-ը՝ վրացիներ (5506) և այլ ազգեր[5]։ Արդվին քաղաքի բնակչությունը հաշվվում էր 7091 մարդ, այդ թվում՝ 4646 հայեր և 1491 ռուսներ[6]։

Վարչական բաժանում խմբագրել

1913 թվականին գավառը բաժանված էր 29 գյուղական համայնքի[7]՝

  • Անկլիայի
  • Անչայի
  • Արտանուջի
  • Բաթաուլի
  • Բաշ-Խադիլուի
  • Բերթայի
  • Բիջայի
  • Գարկիլոբի
  • Գուրջանի
  • Գյումուշխանեի
  • Դաբայի
  • Դիակուրմուջի
  • Դիբացվիրիլիի
  • Լոնգոթխենի
  • Խոդ-Ումիայի
  • Կարսիպիայի
  • Ձանսուլիի
  • Ճղալեթի
  • Չիխիսխևի
  • Սամսխարի
  • Սաթլելի
  • Վաարիայի
  • Տանձուտի
  • Ցկալցիմերի
  • Ցրիայի
  • Ունիսխևի
  • Քարթլայի
  • Քրաջանի
  • Օքրոբակերտի

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Артвинский округ
  2. Ասոյան Լ., Հայերի տեղաբաշխումը և աճը Անդրկովկասում ըստ 1897 թվականի մարդահամարի տվյալների Արխիվացված 2019-12-22 Wayback Machine
  3. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Արդվինի միջնադարյան ամրոցը կբացվի զբոսաշրջիկների համար
  4. Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Արդվինի գավառ
  5. Артвинский округ
  6. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. город Артвин
  7. , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։