Արդյունաբերական ճարտարապետություն

Արդյունաբերական ճարտարապետություն, բնագավառ ճարտարապետության մեջ, որի խնդիրն է ստեղծել արտադրության կազմակերպման և մարդու աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ տարածական միջավայրը ձևավորող շինություններ։ Արդյունաբերական ճարտարապետությանը բնորոշ է շինարարության ինդուստրացումը, տիպայնացումը, կոնստրուկցիաների միօրինականցումը, գիտատեխնիկական առաջընթացով պայմանավորված ֆունկցիոնալ փոփոխությունների հնարավորությունը, ժամանակակից արտադրության բազմազանությամբ և կլիմայական պայմաններից թելադրվող ճարտարապետական կերպարի բազմապիսի մեկնաբանումը։ Հնում կառուցվել են տնայնագործական և կիսատնայնագործական արտադրության շենքեր։ XVIII-XIX դարերում, կապիտալիզմի զարգացման ընթացքում կառուցվել են մասնագիտացված արդյունաբերական շենքեր։ Շինարարությունում կիրառվել են մետաղական, ապա` երկաթբետոնե կոնստրուկցիաներ, որոնց շնորհիվ շենքի ներքին տարածությունն ազատվեց արտադրության ընթացքին խանգարող միջակա ավելորդ հենակներից, բացվեցին մեծ պատուհաններ` առատորեն լուսավորելով արտադրամասերը։ Կոնստրուկտիվ փոփոխություններն արտահայտվել են նաև շինարարությունների արտաքին ճարտարապետության մեջ։ XX դարում, ելնելով արտադրության պահանջներից, առավել չափով տարածվեցին բազմաթռիչք և միաթռիչք կառույցները։ Հաստատուն ջերմախոնավ պայմաններ պահանջող արտադրության համար կառուցվեցին աներդիկ, ինչպես և ջրալեցուն տանիքներով շենքեր։ 1960 թվականին ստեղծվեց պողպատյա հարկահարթակներով արտադրական շենքերի նոր տիպ, որը հնարավորություն տվեց հաճախակի փոփոխվող սարքավորումները տեղադրելիս արագորեն վերակառուցել արտադրամասերը։ Կիրառվեցին մետաղական, երկաթբետոնե հավաքովի ծածկեր և բարակ ամրացեմենտային թաղանթներ։ Մետաղը, երկաթբետոնը և ապակին հնարավորություն տվեցին արդյունաբերական ճարտարապետության գեղարվեստական արտահայտչականությանը հասնել լակոնիկ միջոցներով։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, տնտեսությոան վերականգնման հետ միաժամանակ, սկիզբ դրվեց սոցիալիզմի արտադրատեխնիկական բազայի ստեղծմանը։ Կառուցվեց ՍՍՀՄ-ում առաջին Վոլխովի հէկը (1921-1926 թվականներ, ճարտարապետ՝ Օ. Մունց)։ Սովետական միության արդյունաբերական ճարտարապետության մեծ նվաճումն է Դնեպրի հէկի (1927-1932 թվականներ, ճարտարապետներ՝ Վ. Վեսնին, Ն. Կոլլի, Գ. Օռլով, Ս. Անդիրևսկի) անսամբլը։ Այնուհետև կառուցվեցին ընդարձակ և լուսավոր արտադրամասերով «Ուրալմաշ» գործարանը, Վոլգոգրադի և Չելյաբինսկի տրակտորաշինական գործարանները, Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատը և այլն։ Հետագայում առավել ուշադրություն դարձվեց այդ շենքերի արտաքին տեսքին, տարածքի բարեկարգմանն ու կանաչապատմանը։

Սովետական Հայաստանում 1920-ական թվականներին արդյունաբերական շենքերի նախագծումը և կառուցումը կատարվում էր արդյունաբերական ճարտարապետության փորձի բացակայության պայմաններում, հետամնաց տեխնիկայով և սահմանափակ նյութական միջոցներով։ 1923-1926 թվականներին կառուցվեց Հայաստանի հիդրոէլեկտրիկայի առաջնեկը` Երևանի հէկը։ Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը ստեղծագործաբար օգտվելով ազգային ճարտարապետության ձևերից, ստեղծեց արդյունաբերական ճարտարապետության յուրօրինակ կերպարը` գեներատորի տեղակայման շենքը` այն հմտորեն համադրելով Հրազդանի կիրճի բնապատկերին։ Հայաստանի արդյունաբերական ճարտարապետության զարգացման օրինակներից են Երևանի Կ. Ցետկինի անվան կարի ֆաբրիկան, ծխախոտի ֆաբրիկայի արտադրական մասնաշենքը, Գյումրու մանածագործական կոմբինատի ջուլհակային բազմաթռիչք մասնաշենքը։ «Հայէլեկտրամեքենա» միավորման Վ. Ի. Լենինի անվան հայկական էլեկտրամեքենաշինական գործարանը աչքի է ընկնում տիպային, մասամբ հավաքովի կոնստրուկցիաներով լուծված մասնաշենքերի նպատակահարմար համադրումով, մեկ կմ երկարությամբ գործարանային մագիստրալի ամբողջական ճարտարապետության անսամբլով։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կառուցված արդյունաբերական շենքերին բնորոշ է հատակագծային նպատակահարմար լուծումը, ազգային ճարտարապետության ձևերի օգտագործումը, երկաթբետոնե հիմնակմախքի սյուների ռացիոնալ ցանցը, երեսպատման համար բնական քարի կիրառումը։ ՀՍՍՀ-ում արդյունաբերական շենքերի ճարտարապետական ձևերի լուծման կարևոր առանձնահատկություններից է դրանք շրջապատող անսամբլներին միաձուլելը, երբ արդյունաբերական ձեռնարկություններն իրենց արտաքին հարդարանքով ներդաշնակում են շրջակա շինությունների հետ` կազմելով օրգանական միասնություն։ Հրազդանի երկու ափերին կառուցված տեղանքին ու միմյանց ներդաշնակ գինու գործարանի պահեստարանը և կոնյակի գործարանը Հաղթանակի կամրջի հետ կազմում են Երևանի լավագույն անսամբլներից մեկը։ 1954-1955 թվականներին ՍՄԿԿ ԿԿ և ՍՍՀՄ Մինիստրների սովետի միջոցառումների շնորհիվ սովետական ճարտարապետություն ընթացել է առաջավոր տեխնիկայի կիրառման և շինարարության ինդուստրացման ուղիով։ Արդյունաբերական ճարտարապետության պահանջները հաշվի առնելով են կառուցված Վանաձորի քիմիական մանրաթելի գործարանը, որի գշխավոր շինությունը ընդգրկում էր բոլոր հիմնական արտադրամասերը, ուներ աներդիկ լուսավորություն. օգտագործված են հավաքովի երկաթբետոնե տարրեր, արտաքին ճարտարապետությունը լուծված է պարզ, պլաստիկ ձևերով։ Արդյունաբերական խոշոր ձեռնարկության հզորությունն է արտահայտում շրջապատող բնությանը ներդաշնակ ագարակի, պղնձամոլիբդենային կոմբինատի, հարստացուցիչ ֆաբրիկայի, Կապանի պղնձահանքային կոմբինատի, հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր մասնաշենքի ճարտարապետությունը։ Հետաքրքիր լուծումներ ունեն Երևանի դաշնամուրի ֆաբրիկան, Հայէլեկտրական գործարանի №7 մասնաշենքը, ավտոպահեստամասերի, ռետինատեխնիկական իրերի գործարանները, ավտոգործարանը։ Նորագույն կոնստրուկցիաներով և ճարտարապետական լակոնիկ ձևերով 120 հա տարածքի վրա կառուցվում է Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի համալիրը։ 1960-ական թվականների երկրորդ կեսից հանրապետությունում սկսել է ստեղծվել առավել առաջադեմ, տնտեսապես էֆեկտիվ արդյունաբերական հանգույցներ։ Երևանի արդյունաբերական հանգույցի շինությունների համալիրը, որ միավորում է քիմիական ռեակտիվների և վիտամինների գործարանները, ունի արտադրության պայմաններից բխող ծավալատարածական հորինվածք։ Հայկական ՍՍՀ արդյունաբերական շենքերը նախագծվում են Հայարդնախագիծ, Հայգունմետգիտնախագիծ ինստիտուտներում, Մոսկվայի էներգոարդնախագիծ ինստիտուտի Երևանի բաժանմունքում` մեծ ուշադրություն դարձնելով ձեռնարկություններում աշխատանքի բարենպաստ պայմանների ապահովմանը, ինտերիերների, ինչպես և արդյունաբերական տարածքի բարեկարգմանն ու կանաչապատմանը։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդյունաբերական ճարտարապետություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 10