Արգանդի արտանկում, սովորաբար առաջանում է կոնքի հատակի՝ կնոջ ներքին սեռական օրգանները բնականոն դիրքում պահող մկանների տոնուսի իջեցման կամ դրանց ամբողջականության խախտման (օրինակ՝ ծննդաբերության ժամանակ շեքի պատռվածքի) դեպքում։

Արգանդի արտանկում
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
ՀՄԴ-10N81
 Female genital prolapse Վիքիպահեստում

Պատճառներ

խմբագրել

Արգանդի և դրա հետ մեկտեղ հեշտոցի արտանկմանը նպաստում է արգանդի կապանային ապարատի և որովայնի առաջային պատի մկանների թուլացումը։ Սկզբում կինը գանգատներ չի ունենում, այնուհետև, եթե հիվանդությունը չի բուժվում, այն աստիճանաբար խորանում է։ Առաջանում են որովայնի ստորին հատվածի, գոտկատեղի, պոչուկի ձգող ցավեր, հետագայում խանգարվում է միզարձակումը (հազի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ նկատվում է լրիվ և մասնակի անմիզապահություն), առաջանում է փորկապություն։

Հետևանքներ

խմբագրել

Արգանդի լրիվ արտանկման ժամանակ միզարձակումը դժվարանում է։ Այդպիսի հիվանդների ընդհանուր վիճակը վատանում է, նրանք երկար ժամանակ դառնում են անաշխատունակ։

Մանկածնության տարիքի կանանց արգանդի և հեշտոցի արտանկման ժամանակ կարելի է կատարել վիրահատություն, որով պահպանվում է հղիության և ծննդաբերության հնարավորությունը։ Վիրահատության հակացուցումների դեպքում երբեմն խորհուրդ է տրվում կրել արգանդային օղեր, որոնք ընտրում է միայն բժիշկը կամ մանկաբարձը։ Արգանդային օղեր կրելիս անհրաժեշտ է կատարել (բժշկի նշանակմամբ) ամենօրյա ներլվացումներ վարակազերծող լուծույթներով և գինեկոլոգի կանոնավոր զննումներ (ամիսը 1 անգամ)։

Կանխարգելում

խմբագրել

Արգանդի արտանկման կանխարգելման համար հարկավոր է ժամանակին կարել ծննդաբերության ժամանակ առաջացած պատռվածքները, ինչպես նաև պահպանել հետծննդյան շրջանի ռեժիմը։ Հատկապես հակացուցված է լարված ֆիզիկական աշխատանքը։ Հղիության ժամանակ, բժշկի խորհրդով, անհրաժեշտ է ընդհանուր կազդուրող մարմնամարզության հետ մեկտեղ կատարել կոնքի հատակի և որովայնի առաջային պատի մկաններն ամրապնդող հատուկ վարժություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։