Արարատ Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արարատ Նարիմանի Ղուկասյան (մարտի 26, 1974, Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հասարակական գործիչ, գրող, լրագրող, «Արարատ» հայկական միության նախագահ[1], «Հայրենիք» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիր։
Արարատ Ղուկասյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 26, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Հրազդան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, գրող և լրագրող |
Կենսագրություն
խմբագրելԱրարատ Ղուկասյանը ծնվել է 1974 թվականի մարտի 26-ին, ՀԽՍՀ Հրազդան քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1991 թվականին։ Ուսման տարիներին հաճախել է Հրազդանի մականախաղի ակումբ, որի կազմում նվաճել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ և ՀՀ երիտասարդական առաջնության տիտղոսներ։ Զուգահեռաբար խաղացել է նաև Հրազդանի Դրամատիկական թատրոնում` մարմնավորելով բազմաթիվ գլխավոր դերեր։ Դպրոցն ավարտելուց հետո 1991 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1996 թվականին՝ պատմաբանի և պատմության ուսուցչի մասնագիտությամբ։ Համալսարանական տարիներից դասավանդել է Հրազդանի թիվ 9 դպրոցում և Հովսեփ Օրբելու անվան կրթահամալիրում, որտեղ եղել է նաև Արտադպրոցական միջոցառումների կազմակերպիչ։ Զուգահեռաբար աշխատել է Հրազդանի հեռուստատեսությունում, որտեղ կարճատև ժամանակաշրջանում հիմնել է «Աստղեր» հաղորդաշարը և համագործակցել «Հրազդան» և «Համալսարանական» թերթերի հետ, որտեղ տպագրվել են Ղուկասյանի հոդվածները, ակնարկներն ու ստեղծագործությունները։ Համալսարանն ավարտելուց հետո զինվորական ծառայության է անցել Ճամբարակի ստորաբաժանումում՝ լեյտենանտի կոչումով և վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնով։ Ծառայությունն ավարտել է 1998 թվականին և դարձյալ աշխատանքի անցել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան կրթահամալիրում։
1999 թվականից բնակվում է Իսպանիայում։ Եղել է Մադրիդում, Բարսելոնայում, Սարագոսայում և վերջնականապես հաստատվել Վալենսիայում։ Այստեղ 2004 թվականին հիմնել է երկրում առաջին հայկական կազմակերպությունը՝ Արարատ հայկական միությունը և կազմակերպության հովանու ներքո գործող առաջին հայկական դպրոցը։ Միության հիմնադրման օրվանից Ղուկասյանն ու նրա թիմակիցները լծվել են հայապահպանության և հայ ինքնության պահպանման գործին՝ իրականացնելով բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ[2][3]։ Դրանց շարքին են պատկանում բազմաթիվ բեմականացումներ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ, դպրոցական հանդեսներ և այլն։
2008 թվականի հոկտեմբերի 26-ից Ղուկասյանը հիմնադրել ու խմբագրում է Իսպանիայում առաջին և 2021 թվականի տվյալներով միակ հայատառ թերթը՝ «Հայրենիք» շաբաթաթերթը[4][5]։ 2010 թվականի մայիսի 28-ին նրա ջանքերով Միսլատայում (Վալենսիա) տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող երկրում առաջին հուշարձանը՝ Ջիվան Միրզոյանի «Կենաց Խաչ» կոթողը։
«Արարատ» միության միջոցով Իսպանիայի հայ համայնքը սերտ հարաբերություններ է հաստատել Հայրենիքի և Սփյուռքի հետ, ակտիվորեն մասնակցել է համահայկական բազմաբնույթ միջոցառումներին։ Դրանցից առանձնապես հիշատակության են արժանի Լրագրողների 5-րդ, 6-րդ[6] և 7-րդ Համահայկական համաժողովները (2010, 2012, 2014), Սփյուռքի հայկական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների Համահայկական համաժողովը (2011), Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը (2014) և այլ նախաձեռնություններ։ Արարատ Ղուկասյանի հեղինակությամբ ներկայացրած բանաձևով և հայկական միության ջանքերով՝ Իսպանիայի 28 քաղաք ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[7][8]։
Մասնակցել և նախագահել է բազմաթիվ խորհրդաժողովներ ու հարցազրույցներ՝ Հայոց ցեղասպանության և ներկայիս ցեղասպանությունների վերաբերյալ, որոնցից հիշատակության են արժանի Իսպանիայի 1-ին և 2-րդ պետական հեռուստաընկերություններում տված դեբատները, Սան Սեբաստյանի Ֆիլմերի փառատոնում ներկայացված «Սպի» ֆիլմի ներկայացումն ու խորհրդաժողովը, ազգային և իսպանախոս պարբերականներում տված հարցազրույցները։
2014 թվականին Մոսկվայում և Երևանում տպագրվել և 2018 թվականին ու 2020 թվականին վերահրատարակվել է Ղուկասյանի անդրանիկ գիրքը՝ «Փնտրտուքների ճանապարհին»[9][10] բանաստեղծությունների ժողովածուն, որի շնորհանդեսները մինչ օրս տեղի են ունեցել ավելի քան 50 քաղաքներում, այդ թվում` Վալենսիայում, Բարսելոնայում, Մադրիդում, Մոսկվայում, Երևանում, Լյուքսեմբուրգում, Վարշավայում, Պրահայում, Բրյուսելում, Հելսինկիում, Փարիզում և այլուր։
2023 թվականին Երևանում տպագրվել է Արարատ Ղուկասյանի երկրորդ գիրքը` "Ժամանակի հետքերով" բանաստեղծությունների ժողովածուն, որն արդեն ներկայացվել է Վալենսիայում, Մալագայում, Համբուրգում և Դորտմունդում։ [11] [12]:
Հեղինակ է բազմաթիվ հոդվածների, թարգմանությունների և գիտական աշխատությունների, որոնք հրատարակվել են հայկական և օտար աղբյուրներում և առկա են համացանցում։
Ընտանիք
խմբագրելԱրարատ Ղուկասյանը լրագրող, գրող, հրապարակախոս, Իսպանիայի և Սփյուռքի այլ հայ համայնքներում ակտիվ գործունեություն ծավալած Արթուր Ղուկասյանի և ազատամարտիկ Ռոբերտ Ղուկասյանի կրտսեր եղբայրն է։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրելԱրարատ Ղուկասյանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի դիպլոմներով, շնորհակալագրերով և հուշամեդալներով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արարատ Հայկական Միությունը 10 տարեկան է». SLAQ. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ Daily, A. Z. G. «ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՈՒՏԱՍԱՆԸ»ՙ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՄԲ». AZG Daily. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Presentación de "El libro de los susurros" - Cultura - Ajuntament de Mislata». www.mislata.es. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ ՀԱՅԱԽՈՍ «ՀԱՅՐԵՆԻՔԸ» ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ
- ↑ La asociación Ararat de Mislata publica el primer periódico armenio de España
- ↑ Հայաստանի սփյուռքի նախարարությունը ներկայացնում է Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի միջոցառոււմների ծրագիրը
- ↑ Հայոց ցեղասպանության ճանաչման միջնորդագիր` Վալենսիայի խորհրդարանի նախագահին
- ↑ Իսպանիայի 36-րդ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
- ↑ Փնտրտուքների ճանապարհին
- ↑ ««Փնտրտուքների ճանապարհը» տարավ դեպի Երևան». Hayern Aysor. 2014 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- El genocidio armenio presente en el coloquio de «The cut»
- Առաջին իսպանական անկյունը Հայաստանում Արխիվացված 2021-12-28 Wayback Machine
- Իսպանիայի կառավարությունը թուրքամետ և ադրբեջանամետ է, որը պայմանավորված է հայ-իսպանական դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ
- La "Hora Armenia" en Mislata Radio
- Debate - El genocidio Armenio
- Իսպանական անկյուն Հայաստանում
- Մի պատառ Իսպանիա՝ Կոտայքում