Ատոմային էներգետիկան Հայաստանում

Ատոմային էներգետիկայի սկիզբն դրվել է 1966թ-ին, երբ որոշում է կայացվել կառուցել Կովկասում առաջին ատոմակայանը՝ Հայկական ԱԷԿ-ը։ Այս որոշմանը նախորդել են շուրջ 5 տարվա քննարկումները, հաստատումները, տեղանքի ընտրությունը, ռեակտորի տեսակը և հզորությունը, տեխնիկատնտեսական հիմնավորումը և վարչական և կազմակերպչական այլ միջոցառումները։

Հայաստանի այն ժամանակվա էներգետիկ կարիքները լիովին բավարարվում էին ջերմային և հիդրոէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությամբ, իսկ հանրապետությունում ատոմային էներգիայի ոլորտում զարգացումներ չեն եղել։

Մեծամորի ատոմակայան

Ատոմային էներգետիկա բնագավառի հետազոտություններն սկսվել են 1970-ական թվականների սկզբներից՝ Համամիութենական «էներգիա» ԳԱՄ-ի կազմում ստեղծված Ատոմային էներգետիկայի ԳՀԻԵրևանի բաժանմունքում (1976 թվականից՝ մասնաճյուղ), որտեղ մշակվել ու ներդրվել են ՀԱԷԿ-ը շահագործող անձնակազմի պատրաստման համար զանազան ուսումնավարժական միջոցներ (մարզասարքեր), նաև ԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովող հակասեյսմիկ պաշտպանության համակարգեր։ Այդ հարցում զգալի ավանդ ունի ԽՍՀՄ ատոմային էներգիայի օգտագործման պետկոմի նախագահ (1962-1982 թթ.) Անդրանիկ Պետրոսյանցը։ ՀԱԷԿ-ում (1970-1976 թթ.), որը սեյսմաակտիվ գոտում կառուցված առաջին ԱԷԿ-ն էր ԽՍՀՄ-ում, օգտագործվել են ակադեմիկոս Արմեն Նազարովի ղեկավարությամբ կատարված սեյսմակայունության ու հուսալիության հաշվարկները։

Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագործների ունիկալ տեխնոլոգիական լուծում էր։ Սա առաջին կայանն էր բարձր սեյսմիկությամբ տարածաշրջանների համար։ Դրա օրինակով են այսօր կառուցվում կայանները աշխարհի բարձր սեյսմիկ շրջաններում։ Հայկական ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվեց 1976թ․ դեկտեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ 1980թ․ հունվարի 5-ին[1]։

1989 թվականին ՀԱԷԿ № 1 և № 2 էներգաբլոկների աշխատանքի դադարեցումը (բնապահպանական նկատառումներով) և ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած քաղաքական իրադարձությունները 1990-1993 թվականներին հանրապետությունում առաջացրել են էներգետիկ ճգնաժամ։ Հարկ եղավ վերանայել ՀԱԷԿ-ի աշխատանքը վերսկսելու հնարավորությունը. կատարված գիտատեխնիկական ուսումնասիրությունների, անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների շնորհիվ 1995 թվականի նոյեմբերի 5-ին վերսկսվել է № 2 էներգաբլոկի շահագործումը։ Ապացուցվել է նաև ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնական ակտիվ խզվածքի բացակայությունը։

Ներկայումս անվտանգության ապահովման հետազոտական աշխատանքներն ու միջոցառումները շարունակվում են և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական վերահսկողության տակ են։ Շահագործող անձնակազմի արհեստավարժությունը բարձրացնելու նպատակով «Հայատոմ» ինստիտուտը ֆրանսերեն «CORYS T.E.S.S.» ընկերության հետ մշակել և ՀԱԷԿ-ում ներդրել է համալիր վարժասրահ։ Ատոմային էլեկտրակայանների ռուսաստանյան ԳՀհ-ի (РНИИАЭС, Մոսկվա) հետ համագործակցության շրջանակներում ՀԱԷԿ-ում ներդրվել են ախտորոշիչ համակարգեր, իսկ DSRS (ԱՄՆ) ընկերության հետ համատեղ գիտատեխնիկական մշակումների արդյունքում № 2 էներգաբլոկում կիրառվում է անվտանգության պարամետրերի ներկայացման համակարգ։

Այսօր ՀԱԷԿ-ն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։ Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է շնորհիվ երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի, ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, ԱԷԿ-ի շահագործման հայկական հետազոտական ինստիտուտի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի ատոմային ոլորտը 55 տարեկան է». www.1lurer.am. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.