Ավտոմատ դաշնամուր (վեպ)

Կուրտ Վոնեգուտի առաջին վեպը, 1952 թվական

Ավտոմատ դաշնամուր, Նվագող դաշնամուր կամ Ուտոպիա 14 (անգլ.՝ Player Piano կամ Utopia 14[1]), ամերիկացի գրող Կուրտ Վոնեգուտ կրտսերի առաջին վեպն է, որը հրատարակվել է 1952 թվականին։ Վեպը պատկերում է ավտոմատացման դիսուտոպիան` մասամբ ոգեշնչված հեղինակի՝ General Electric ընկերությունում աշխատելու ժամանակից՝ նկարագրելով այն բացասական ազդեցությունը, որը կարող է ունենալ տեխնոլոգիան կյանքի որակի վրա[2]։

Ավտոմատ դաշնամուր
անգլ.՝ Player Piano և անգլ.՝ Utopia 14
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգիտական ֆանտաստիկա և հակաուտոպիստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակԿուրտ Վոնեգուտ
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՀրատարակչությունCharles Scribner's Sons
Հրատարակվել է1952

Իրադարձությունները զարգանում են մոտ ապագայում, որտեղ ձեռքի աշխատանքը գրեթե համընդհանուր փոխարինվել է մեքենայական աշխատանքով՝ վերացնելով բանվորների կարիքը։ Համատարած մեքենայացումը հակամարտություն է ստեղծում հասարակության գործունեությունն ապահովող հարուստ վերնախավի` ինժեներների և մենեջերների, և ցածր խավի միջև, որի հմտություններն ու նպատակը հասարակության մեջ փոխարինվել են մեքենաներով։

Գիրքը «մեղմ գիտաֆանտաստիկայի» օրինակ է, որտեղ հիմնական շեշտը դրվում է հնարավոր ապագայի ոչ թե տեխնիկական առանձնահատկությունների, այլ հասարակության սոցիալական ասպեկտների վրա։ Ինքն իրեն նվագող դաշնամուրը հասարակության փոխաբերություն է, որտեղ գլխավոր դերում ոչ թե մարդիկ են, այլ մեքենաները։ Գիրքն օգտագործում է հեգնանք և սենտիմենտալություն, որոնք հետագայում զարգանալու էին` դառնալով Վոնեգուտի հետագա ստեղծագործությունների բնորոշ գծերը[2]։

Սյուժե խմբագրել

Մինչ ամերիկացիների մեծ մասը կռվում է Երրորդ համաշխարհային պատերազմում, երկրի ղեկավարներն ու ինժեներները զարգացնում են հնարամիտ ավտոմատ համակարգեր, որոնցով հնարավոր է դառնում գործարաններն աշխատեցնել միայն մի քանի աշխատողներով։ Պատերազմից տասը տարի անց աշխատողների մեծ մասը փոխարինվում է մեքենաներով։

Բնակչությունը բևեռացվում է, ինչը ներկայացված է Նյու Յորքի Իլիում հորինված քաղաքի բաժանմամբ «Հոմսթեդ» հատվածի (որտեղ ապրում են բոլոր ոչ մենեջեր կամ ոչ ինժեներ մարդիկ, որոնց թիվն աստիճանաբար ավելանում է` գործարաններում աշխատուժի անհրաժեշտության կարիքի նվազմամբ) և գետի արդյունաբերական հյուսիսային կողմի (որտեղ ապրում են նրանք, ովքեր սպասարկում և զարգացնում են մեքենաները)։

Վեպը զարգացնում է երկու զուգահեռ սյուժետային գիծ, որոնք պատմության սկզբում և վերջում միայն աննշան են միանում։ Ավելի հիմնական սյուժեն կենտրոնանում է դոկտոր Փոլ Պրոտեուսի` Ilium Works-ի 35-ամյա խելացի մենեջերի վրա։ Երկրորդական սյուժեն հետևում է հեռավոր, վեց միլիոն բնակչություն ունեցող թերզարգացած երկրի հոգևոր առաջնորդի` Բրատպուրի շահի ամերիկյան շրջագայությանը։ Սրանք իրար հակադիր հեռանկարներ են զարգացնում. մեկը Փոլ Պրոտեուսն է` ամերիկյան արդյունաբերական համակարգում մարդու ձգտման մարմնացում, իսկ մյուսը` օտարականն է, որը մարմնացումն է հակապատկեր մշակույթի, բայց որում նույնպես գործում է պարզ երկուական սոցիալական համակարգ։

Հիմնական սյուժեն հետևում է Փոլի զարգացմանը՝ համակարգը չքննադատող աննշան անձից մինչև դրա քննադատներից մեկը։ Փոլի հայրը բարձր կարգավիճակ ունեցող, երկրի տնտեսության վրա գրեթե լիակատար վերահսկողության հնարավորությամբ մեկն էր։ Փոլին փոխանցվել էր հոր հեղինակությունը, բայց նա դժգոհ էր արդյունաբերական համակարգից և հասարակության մեջ իր ունեցած ներդրումից։ Այդ զգացումն ավելի է սաստկանում, երբ Էդ Ֆիներթին` իր մտերիմ ընկերը, որին Փոլը մեծապես հարգում էր, հայտնում է, որ թողել է իր կարևոր ինժեների աշխատանքը Վաշինգտոնում։

Փոլը և Ֆիներթին գնում են քաղաքի «Հոմսթեդ» հատված, որտեղ մեքենաների պատճառով տեղահանված աշխատողներն իրենց անիմաստ կյանքն են ապրում միանման ստեղծված տներում։ Այնտեղ նրանք հանդիպում են եպիսկոպոսական սպասավոր Լաշերին, որը մարդաբանության մագիստրոսի կոչում ուներ, և որի օգնությամբ երկու ինժեներները հասկանում են համակարգի անարդարությունը, որից իրենք շահույթ են ստանում։ Ի վերջո, իմանալով, որ Լաշերը ապստամբների խմբի առաջնորդն է, որը հայտնի է որպես «Ուրվական վերնաշապիկի միություն», Ֆիներթին անմիջապես միանում է նրանց։ Փոլը դեռևս բավականաչափ համարձակ չէ, որպեսզի բացահայտ ընդդիմանա համակարգին, քանի դեռ իր վերադասները խնդրում են նրան` դավաճանել Ֆիներթիին և Լաշերին։

Փոլը ձեռք է բերում մի անմխիթար ֆերմա՝ նպատակ ունենալով այնտեղ նոր կյանք սկսել իր կնոջ՝ Անիտայի հետ։ Սակայն, Անիտան խորշում է նման արմատապես տարբերվող և պակաս արտոնյալ ապրելակերպի հեռանկարից։ «Գետի հյուսիսային կողմում գտնվող բոլոր մարդկանցից Անիտան միակն էր, ում արհամարհանքը Հոմսթեդում գտնվողների նկատմամբ ուղեկցվում էր ակտիվ ատելությամբ… Եթե Փոլը… չամուսնանար նրա հետ, նա ահա այստեղ կլիներ, ահա ինչպիսին կլիներ նա»[3]։ Բայց Անիտան օգտագործում է իր սեռական ազդեցությունը Փոլի նկատմամբ՝ համոզելով, որ մնա և մրցի երկու այլ ինժեներների՝ դոկտոր Շեփերդի և դոկտոր Գարտի հետ՝ Փիտսբուրգում ավելի նշանավոր դիրքի համար։

Մինչ Փոլը մասնակցում է «Մեդովում» մենեջերների միավորման ամենամյա միջոցառմանը, իր վերադասներից իմանում է, որ ընտվրել է «Ուրվական վերնաշապիկի միություն» ներթափանցելու համար, և լուրեր են տարածվում համակարգի հանդեպ նրա անհավատարմության մասին։ Այնուհետև, Հոմսթեդ ժամանելուց հետո, «Միության» օպերատիվ աշխատակիցները նրան առևանգում են և թմրանյութ ներարկում, իսկ ավելի ուշ նա դառնում է կազմակերպության հանրային (բայց հիմնականում պայմանական) ղեկավար գործիչը։ Փոլի անունը հայտնի է, ուստի կազմակերպությունը մտադիր է այն օգտագործել իր շահերի օգտին։ Այնուամենայնիվ, հանձնաժողովի առաջին հանդիպմանը, որին մասնակցում էր Փոլը, նա գերի է ընկնում ոստիկանական գրոհի ժամանակ։

Այնուհետև Փոլը ենթարկվում է հանրային դատավարության, բայց ազատ է արձակվում, քանի որ ընդհանուր բնակչությունը սկսում է խռովություն՝ ոչնչացնելով ավտոմատացված գործարանները։ Ամբոխն ավելի հեռուն է գնում, քան ծրագրել էին ղեկավարները՝ ոչնչացնելով արտադրության բոլոր միջոցները՝ անկախ օգտակարությունից։ Չնայած ապստամբության կարճատև և տպավորիչ հաջողությանը, զինվորականներն արագորեն շրջապատում են քաղաքը։ Դրանից հետո բնակիչները սկսում են օգտագործել իրենց բնածին կարողությունները՝ սեփական կամքով մեքենաները վերակառուցելու համար։ Փոլը, Ֆիներթին, Լաշերը և «Միության» հանձնաժողովի այլ անդամներ խոստովանում են, որ, նախքան հանձնվելը` գոնե ընդդիմացել են կառավարության ճնշող համակարգին։

Հիմնական թեմաներ խմբագրել

Արդյունաբերության ավտոմատացումը և հասարակության վրա դրա ազդեցությունը Player Piano- ի գերակշռող թեմաներն են։ Դա «վեպ է մարդկանց և մեքենաների մասին, և մեքենաները հաճախ շահում են դրանից, որպես մեքենաներ»[4]։ Ավելի կոնկրետ, վեպը խորանում է մի թեմայի մեջ, որը Վոնեգուտը համարում է «խնդիր, որի անտանելի սարսափներն ի վերջո կհայտնվեն մեքենաների արդիականացման շնորհիվ ամբողջ աշխարհում։ Խնդիրը սա է. Ինչպես սիրել մարդկանց, որոնցից օգուտ չկա»[5]։ Ի տարբերություն շատ դիստոպիական գեղարվեստական գրականության, վեպի հասարակությունը ստեղծվել է ինչպես բնակչության, այնպես էլ նրան փոխարինած տեխնոլոգիայի անտարբերության պատճառով։ Որպես այդպիսին, կապիտալիստական հասարակության մեջ ապրողների աննպատակության զգացումը, որը գերազանցել է նրանց պահանջները, պետք է շտկվի[6]։

Վոնեգուտի հետագա ստեղծագործության ողջ ընթացքում ընդհանուր թեմաներ են դարձել տեխնոլոգիայի հանդեպ մարդկության կույր հավատը և հասարակության վրա դրա սովորաբար աղետալի ազդեցությունը, ինչպես նաև աղքատների կամ ճնշվածների ապամարդկայնացումը[7]։ Իր ողջ կյանքի ընթացքում Վոնեգուտը շարունակել է հավատալ, որ այս վեպի թեմաները արդիական են հասարակության համար` գրելով, օրինակ, 1983 թվականին, որ վեպն «օր օրի ավելի արդաիական» է դառնում[8]։

Ոճ խմբագրել

Player Piano-ն ցուցադրում է յուրօրինակ ոճի սկիզբը, որը Վոնեգուտը մշակել և կիրառել է իր կարիերայի մեծ մասի ընթացքում։ Այն ունի վաղ ակնարկներ մետա-հորինվածքի օգտագործման բնորոշ Վոնեգուտյան հմայքի մասին, ինչպես, օրինակ, երբ գրողի կինը լիմուզինի ետնամասում նկարագրում է իր ամուսնու երկընտրանքը Բրատպուրի շահին. որ գրողի «մեքենայցման դեմ» վեպը ընթերցանության մեքենայի գնահատման ալգորիթմի նեքո չի կարող անցողիկ «ընթեռնելիության գործակից» ստանալ։ Սակայն չորրորդ պատը չի փլուզվել, ինչպես հետագա գործերում։ Նրա ինքնուրույն գլուխների ոճը՝ «ոչ ավելի, քան հինգ հարյուր բառից, հաճախ՝ հիսունից քիչ», որը բնորոշ է նրա ստեղծագործությանը, դեռ պետք է մշակվեր[6]։

Նախապատմություն խմբագրել

Ազդեցություններ խմբագրել

1973 թվականին տված հարցազրույցում Վոնեգուտն իր գրքի մասին ասել է[9].

Ես այն ժամանակ` անմիջապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, աշխատում էի General Electric- ում, և տեսա ֆրեզերային հաստոց՝ ռեակտիվ շարժիչների, գազային տուրբինների ռոտորները մշակելու համար։ Դա շատ թանկ բան էր մեքենավարի համար՝ կտրել այն, ինչ ըստ էության Բրանկուզիի ձևերից մեկն է։ Այսպիսով, նրանք ունեին համակարգչով աշխատող ֆրեզերային մեքենա, որը կառուցված էր սայրերը կտրելու համար, և ես հիացած էի դրանով։ Սա 1949 թվականին էր, և տղաները, ովքեր աշխատում էին դրա վրա, կանխատեսում էին, որ բոլոր տեսակի մեքենաները կաշխատեն փոքրիկ տուփերով և պերֆոքարտերով։ Ավտոմատ դաշնամուրն իմ պատասխանն էր այն հետևանքներին, որ ամեն ինչ կառավարվում է փոքրիկ տուփերով։ Դա անելու գաղափարը, գիտեք, իմաստալից էր, կատարյալ իմաստալից։ Ունենալ մի փոքր կոճակ, որը բոլոր որոշումները կայացնում է, արատավոր բան չէր։ Բայց դա շատ վատ էր այն մարդկանց համար, ովքեր իրենց տիտղոսները ստացել են իրենց աշխատանքով։

Նույն հարցազրույցում նա ընդունում է, որ «ուրախությամբ թալանել է «Չքնաղ նոր աշխարհ» վեպի սյուժեն, որի սյուժեն թեթևորեն գրագողել է Եվգենի Զամյատինի «Մենք» վեպից»[9]։

Անվանում խմբագրել

Ավտոմատ դաշնամուրը փոփոխված դաշնամուր է, որը «նվագում է ինքն իրեն»։ Դաշնամուրի ստեղները շարժվում են ըստ պտտվող գլանի վրա բացված անցքերով պատկերի։ Ի տարբերություն երաժշտական սինթեզի (մեքենայական երաժշտության), գործիքն իրականում ձայնն ինքն է արտադրում. ստեղները շարժվում են վեր ու վար` մուրճիկներով հարվածելով լարերին։ Այդ դաշնամուրը կարելի է նվագել նաև ձեռքով։ Ավտոմատ դաշնամուրի ստեղների շարժումը պատրանք է առաջացնում, որ անտեսանելի կատարողն է նվագում գործիքի վրա։

Վոնեգուտն Ավտոմատ դաշնամուրն օգտագործել է որպես փոխաբերություն՝ ներկայացնելու, թե ինչպես նույնիսկ ամենապարզ գործողությունների համար, օրինակ՝ ազատ ժամանակ դաշնամուր նվագել սովորելու համար, մարդկանց փոխարինում են մեքենաները։ Գրքի սկզբում Փոլ Պրոտեուսի ընկերը և «Ուրվական վերնաշապիկի միության» (Ghost Shirt Society) ապագա անդամ Էդ Ֆիներտին դաշնամուր է նվագում ձեռքով` մարդկանց առաջարկելով մեքենաներից իրենց անիմուսը վերականգնելու գաղափարը։ Գրքի ամենաողբերգական կերպարը Ռուդի Հերցն է՝ մեքենավարը, ով մեքենաների գրանցած նախատիպն է։ Ավտոմատ դաշնամուրները կրկնում են նրա ֆիզիկական շարժումները։

Հրապարակումներ խմբագրել

Արդյունաբերականացման և General Electric-ի և մեծ կորպորացիաների հռետորաբանությանն ուղղված Վոնեգուտի այս երգիծական մոտեցումը[10] (որոնք հետպատերազմյան Միացյալ Նահանգներում քննարկվող շատ արդիական փաստարկներ էին) գրքի հրատարակիչը ներկայացրել է` փոխարինելով ավելի անվնաս և շուկայական «գիտական ֆանտաստիկա» պիտակով. ժանր, որը վերելք էր ապրում զանգվածային ժողովրդական մշակույթում 1950-ականներին։ Վոնեգուտը, զարմացած այդ ընդունելությունից, գրել է.

«Ես գրախոսներից իմացա, որ ես գիտաֆանտաստիկայի հեղինակ եմ։ Ես դա չգիտեի»։

Նա մտահոգվել է, քանի որ զգում էր, որ գիտաֆանտաստիկ գրականությունը խցկել են դարակի մեջ, որը «շատ լուրջ քննադատներ պարբերաբար սխալմամբ ընդունում են... հասարակական զուգարանի» տեղ, քանի որ «շարունակում է այն տպավորությունը, որ ոչ ոք չի կարող միաժամանակ լինել պատշաճ գրող և հասկանալ, թե ինչպես է աշխատում սառնարանը»[4]։

1954 թվականին Bantam Books հրատարակչությունը Player Piano-ն թողարկվել է թղթե կազմով «Ուտոպիա 14» (Utopia 14) վերնագրով[1]` գիտաֆանտաստիկ գրականության ընթերցողների հետաքրքրությունը շարժելու և վաճառքի խթանման նպատակով։

1972 թվականին Վոնեգուտի տարբեր ստեղծագործությունները ներկայացնող «Ժամանակի և Տիմբուկտուի միջև կամ Պրոմեթևս-5» (Between Time and Timbuktu or Prometheus-5) ամերիկյան հեռուստաֆիլմում[11] Փոլ Պրոտեուսի դատավարությունը դրամատիզացվել է[12]. Դոկտոր Փոլ Պրոտեուսը մեղադրվում է ժամանակակից տեխնոլոգիաների և արդյունաբերական համակարգի դեմ պատերազմ մղելու մեջ։

2009 թվականին Audible.com-ը թողարկեց Player Piano-ի աուդիո տարբերակը Քրիստիան Ռումելի կատարմամբ[13]` որպես իր Modern Vanguard աուդիոգրքերի շարքի մի մաս[14]։

Իտալերեն թարգմանության մեջ «Player Piano» թարգմանվում է որպես «Piano meccanico»` երկիմաստորեն, որտեղ, արտահայտությունն ինքնին, կարող է նշանակել կամ «դաշնամուր նվագող» կամ «մեխանիկական նախագիծ»։ Ռուսերեն թարգմանությամբ գիրքը հրապարակվել է 1967 թվականին «Механическое пианино» վերնագրով` նկատի ունենալով մեխանիկորեն կամ ինքնանվագ դաշնամուր։

Ընդունելություն խմբագրել

Գիտական ֆանտաստիկայի անթոլոգ Գրոֆ Կոնկլինը գրախոսել է վեպը Galaxy Science Fiction ամսագրում՝ այն հայտարարելով «կտրուկ, վառ կենդանի և շատ արդյունավետորեն թերագնահատված հակաուտոպիա»[15]։ The Magazine of Fantasy & Science Fiction ամսագրի հիմնադիր խմբագիրներ Էնթոնի Բաուչերը և Ջ. Ֆրենսիս ՄակՔոմասը «Player Piano» վեպը ներառել են իրենց «տարվա լավագույն» ցուցակում՝ նկարագրելով այն որպես «մարդկային, երգիծական և հրապուրիչ․․․ գիտաֆանտաստիկ գրականությունը լուրջ «ուղիղ» վեպի վրա պատվաստելու վերջին փորձերից ամենահաջողը»։ Նրանք գովել են Վոնեգուտին, որ «հմտորեն համատեղել է մեքենայական «իդեալական» հասարակության մեջ մարդկային մշտական խնդիրների հոգեբանական ուսումնասիրությունը, եռանդուն մելոդրամատիկական պատմությունը և վոլտերական սուր երգիծանքը[16][17]։

Player Piano վեպն առաջադրվել է «Միջազգային Ֆանտազիայի մրցանակի» (International Fantasy Award) 1953 թվականին[18]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Stableford, Brian (1993). «Vonnegut, Kurt Jr.». In John Clute; Peter Nicholls (eds.). The Encyclopedia Of Science Fiction (2-րդ ed.). Orbit, London. էջ 1289. ISBN 1-85723-124-4.
  2. 2,0 2,1 Stableford, Brian (1993). «Vonnegut, Kurt Jr.». In John Clute; Peter Nicholls (eds.). The Encyclopedia Of Science Fiction (2nd ed.). Orbit, London. էջ 1289. ISBN 1-85723-124-4.
  3. Chapter XVIII, pp.150-1
  4. 4,0 4,1 Vonnegut, Kurt (1974). Wampeters, Foma & Granfaloons. The Dial Press. էջ 1.
  5. Vonnegut, Kurt (1965). God Bless You, Mr. Rosewater. Dell. էջ 183.
  6. 6,0 6,1 Grossman, Edward (1974 թ․ հուլիս). «Vonnegut & His Audience». Commentary.
  7. Westbrook, Perry D. "Kurt Vonnegut Jr.: Overview." Contemporary Novelists.
  8. Ford, Martin (2015). The Rise of the Robots. One World. էջ 32. ISBN 978-1-78074-749-1.
  9. 9,0 9,1 «Kurt Vonnegut Interview». 1973 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. Bagombo Snuff Box հարցազրությցից քաղվածք. «Դա կծու երգիծանք էր GE-ին ուղղված։ Ես կծեցի ձեռքը, որն ինձ կերակրում էր»։ [ "It is a lampoon on GE. I bit the hand that used to feed me." ]
  11. Barzyk, Fred (1972 թ․ մարտի 13), Between Time and Timbuktu, 'Cousin Brucie' Morrow, Dortha Duckworth, William Hickey, National Educational Television (NET), WGBH, Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին
  12. Vonnegut, Kurt Jr. (1972). Between Time and Timbuktu or Prometheus-5. սցենարի հեղինակ` David Odell. Dell Publishing.
  13. Player Piano by Kurt Vonnegut, Narrated by Christian Rummel (անգլերեն), Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին
  14. «Player Piano (Book Review)». Dusty Reviews (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ ապրիլի 21. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. "Galaxy's 5 Star Shelf," Galaxy Science Fiction, փետրվար 1953, էջ 96
  16. "Recommended Reading," The Magazine of Fantasy & Science Fiction (F&SF), ապրիլ 1953, էջ 98
  17. "Recommended Reading", The Magazine of Fantasy & Science Fiction (F&SF), մարտ 1953, էջ 93
  18. Locus Index to SF Awards

Գրականություն խմբագրել

  • Marvin, Thomas F.. Kurt Vonnegut: A Critical Companion. Westport, Connecticut: Greenwood Press. 2002. Print.
  • Seed, David. "Mankind vs. Machines: The Technological Dystopia in Kurt Vonnegut's Player Piano". Impossibility Fiction: Alternativity, Extrapolation, Speculation. Ed. Littlewood, Derek, Stockwell, Peter. Atlanta, Georgia: Editions Rodopi B.V.. 1996. Print.

Արտաքին հղումներ խմբագրել