Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս

սողունների տեսակ
Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս
Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս
Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Կոկորդիլոսներ (Crocodilia)
Ընտանիք Իրական կոկորդիլոսներ (Crocodylidae)
Ցեղ Իրական կոկորդիլոսներ (Crocodylus)
Տեսակ Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս (C. johnsoni)
Միջազգային անվանում
Crocodylus johnsoni
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս (լատին․՝ Crocodylus johnstoni), իրական կոկորդիլոսների ընտանիքի սողուն, որը տարածված է Ավստրալիայի հյուսիսային հատվածում։

Սկզբում կոչվել է Crocodylus johnsoni (այսինքն՝ Ջոնսոնի կոկորդիլոս)․ Ջերարդ Քրեֆտը տեսակն այդպես է անվանել 1873 թվականին՝ ի պատիվ իրեն դրա մասին տեղակացրած մարդու՝ Ավստրալիայի տեղական ոստիկանության սպա և սիրողական բնագետ Ռոբերտ Արթուր Ջոնսթոնի (1843-1905)[1][2]։ Սակայն Քրեֆտը սխալ է թույլ տվել անունը գրելիս, և տարիներ շարունակ կոկորդիլոսը հայտնի է եղել որպես C. johnsoni: Քրեֆտի աշխատանքների հետագա ուսումնասիրությունները հայտնաբերել են անվան ճիշտ ուղղագրությունը, և գրականության մեծ մասում նշվել է ճիշտ անվանումը։ Այնուամենայնիվ, երկու տարբերակները հետագայում շարունակել են օգտագործվել։ Կենդանաբանական անվանացանկի միջազգային կանոնագրքի՝ ճիշտ է johnstoni (ոչ թե բնօրինակը՝ johnsoni)[3][4][5]։

Արտաքին տեսք

խմբագրել

Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոսը համեմատաբար փոքր չափի կոկորդիլոս է. արուների չափերը հազվադեպ լինում են ավելի քան 2,3-3 մետր, սակայն նման չափերը ձևավորվում են ոչ պակաս քան 20-30 տարիների ընթացքում։ Էգերը սովորաբար ավելի փոքր են՝ շուրջ 2,1 մետր[3]։ Արայլո գետի մերձակայքում և Նիթմիլեկ ազգային պարկում հանդիպում են մինչև 4 մետր երկարությամբ ավստրալիական նեղադունչ կոկորդիլոսներ։

Կոկորդիլոսների այս տեսակն իր անվանումն ստացել է անսովոր նեղ դնչի և սուր ատամների պատճառով։ Ատամների թիվը չի գերազանցում 71-ը (միջինում 68-69 ատամ)։ Ծնոտի յուրաքանչյուր կողմում կա 5 (առավելագույնը՝ 14-16), իսկ ստորին ծնոտների վրա՝ 15 ատամ։ Մարմնի արտաքին ծածկույթն ունի բաց շագանակագույն գունավորում՝ սև բծերով։ Բծերը նկատվում են մեջքին, պոչին և փորին։ Մարմինը գրեթե ամբողջովին ծածկված է խոշոր թեփուկներով։

Կենսակերպ

խմբագրել

Իր ենթաընտանիքի մյուս կոկորդիլոսների նման, այս տեսակը ևս սնվում է գլխավորապես ձկներով։ Բացի այդ, ավելի տարեց կոկորդիլոսներն ուտում են ամֆիբիաներ, թռչուններ, փոքր սողուններ և կաթնասուններ։ Սովորաբար կոկորդիլոսները նստում և սպասում են, մինչև որսը բավականաչափ մոտենա, որից հետո հանկարծակիորեն գլխի արագ շարժումով բռնում են ավարն ու խժռում։

Չոր սեզոններին, երբ նկատվում է սննդի պակաս և ցածր ջերմաստիճան, այս տեսակի ներկայացուցիչների գործունեությունը զգալիորեն կրճատվում է։ Քաղցրահամ ջրերում բնակվող կոկորդիլոսները մարդու համար անվնաս են համարվում, չնայած նրան, որ վտանգ զգալու պարագայում վերջիններս կարող են կծել մարդուն, սակայն նրանց ծնոտը բավականաչափ ուժեղ զարգացած չէ, որ մարդուն լուրջ վնասվածք հասցնի։

Բազմացում և զարգացում

խմբագրել

Կենդանիների մոտ ձվադրման շրջանը սկսվում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, երբ գետերի ջրի մակարդակը կտրուկ նվազում է։ Որպես կանոն, դա տեղի է ունենում զուգավորումից ոչ ավելի քան 6 շաբաթ անց։ Ըստ հետազոտությունների՝ էգերը ձու են դնում երեք շաբաթվա ընթացքում։ Նրանք գետերի ափին փոս են փորում, որի մեջ էլ 12-20 սմ խորությամբ դնում են ձվերը։ Զուգավորումից հետո մեկ էգը կարող է դնել 4-ից մինչև 20 ձու։

Առանձնյակների ինկուբացիոն շրջանը տևում է 64-90 օր։ Այդ թվի վրա ազդեցություն ունեն ինկուբացիոն պայմանները (սովորաբար 75-85 օր տևողությամբ)։ Արուները զարգանում են միջինում 32 °C-ի պայմաններում, իսկ էգերը կարող են զարգանալ դրանից երկու աստիճան բարձր կամ ցածր պայմաններում (28-29 °C):

Սակայն ոչ բոլոր ձվերին է հաջողվում դառնալ հասուն առանձնյակ։ Հակոտնյա կենսական պայմանները առկա են և՛ ձվի, և՛ նորածին ձագի համար։ Հարկ է նշել, որ ձվից հաջողվում է դուրս գալ միայն առանձնյակների մի մասին, իսկ նորածին կոկորդիլոսների համար լույս աշխարհ գալուց հետո գոյության սպառնալիք են հանդիսանում ավստրալիական նեղադունչ կոկորդիլոսների սեռահասուն ձևերի կենսաբանական մրցակիցները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ձագերի 2/3-ին ոչնչացնում են ավստրալիական ագռավները և վայրի խոզերը, որոնք հարձակվում են նորածին սողունների վրա այն ժամանակ, երբ մայրը միայնակ է թողնում նրանց։ Տեսակի գոյության համար լուրջ սպառնալիք է նաև կլիմայական գործոնը, քանի որ ձվազատման ավարտը համընկնում է անձրևոտ սեզոնի հետ, իսկ ավստրալիական անձրևները հաճախ փոքր ջրհեղեղների են վերածվում։

Որոշ ժամանակ հետո մոր օգնությամբ ձագը սովորում է լողալ ջրի մեջ։ Շատ հաճախ այս տեսակի կոկորսիլոսների ձագերին հաջողվում է անցնել այդ փորձության միջով առանց մոր օգնության։ Հայրը պաշտպանում է իր ձագերին այնքան ժամանակ, մինչ վերջինս կկարողանա պաշտպանել իրեն։

Տարածվածություն

խմբագրել

Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոսներն ապրում են Ավստրալիայի հյուսիսային շրջաններում՝ Արևմտյան Ավստրալիայում, Քվինսլենդում և Հյուսիսային տարածքում։ Բնակության համար նախընտրում են քաղցրահամ ջրեր՝ գետեր, լճեր և ճահիճներ։ Կենդանիների թվիը կարող է նվազդել կենսաբանական հակառակորդների թվի աճին զուգընթաց։ Կոկորդիլոսները բնակվում են ինչպես գետերի մեջ այնպես էլ գետափերին և մերձակա տարածքներում, օրինակ՝ գետերի ավազաններում։ Գետերի վերին գոտիներին հանդիպում են ավելի փոքր չափի կոկորդիլոսներ (շուրջ 1,5 մետր)։ Վերին շրջաններում են բնակվում նաև ավելի մուգ գունավորում ունեցող նեղադունչ կոկորդիլոսներ։ Նախկինում նրանք դիտարկվում էին, որպես առանձին ենթատեսակ։

Տեսակների ընդհանուր թիվը համեմատաբար կայուն է և կազմում է 50-100 հազար առանձնյակ։ 1950-1960-ական թվականներին կոկորդիլոսն իր թանկարժեք մորթու պատճառով դարձել է որսագողության զոհ, սակայն շուտով Ավստրալիայի իշխանությունները նախաձեռնել են համապատասխան պաշտպանական գործողություններ։

Ներկայումս նեղադունչ կոկորդիլոսների կաշվի արդյունահանման համար ստեղծվել են փոքր ֆերմաներ։ Տեսակի համար հիմնական սպառնալիքը բնակության տարածքների կրճատումն է։ 1970 թվականից ի վեր գործում են քաղցրահամ ջրերի կոկորդիլոսների թվաքանակի ուսումնասիրության ու վերահսկման ծրագրեր։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "Crocodylus johnsoni ". The Reptile Database. www.reptile-database.org.
  2. Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael (2011). The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. 978-1-4214-0135-5. (Crocodylus johnstoni, p. 136).
  3. 3,0 3,1 Britton, Adam. «Crocodylus johnstoni ». Florida Museum of Natural History. Վերցված է 2009 թ․ հունիսի 16-ին.
  4. ICZN Code Art. 32.5
  5. Cogger H (1983). Reptiles and Amphibians of Australia. Reed.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրալիական նեղադունչ կոկորդիլոս» հոդվածին։