Ավետիս Երեցյան

հայ բժիշկ

Ավետիս Երեցյան, Վերապատվելի (1840 կամ 1841, Եվդոկիա, Սեբաստիայի նահանգ - 18 նոյեմբերի, 1895, Կեսարիա), հայ բժիշկ, քարոզիչ, ուսուցիչ։

Ավետիս Երեցյան
Ծնվել է1840 կամ 1841
ԾննդավայրԵվդոկիա, Սեբաստիայի նահանգ
Մահացել է18 նոյեմբերի, 1895
Մահվան վայրԿեսարիա
Ազգությունհայ
Դավանանքլուսավորչական
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, քարոզիչ, ուսուցիչ
ԿոչումՎերապատվելի

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1840 կամ 1841 թվականին Սեբաստիայի նահանգի Եվդոկիա գավառի կենտրոն Եվդոկիա քաղաքում։ 1951 թվականին զրկվելով ծնողներից՝ որբ է մնացել։ 1851-55 թվականներին ուղարկվել է Մարզվան։ Նախնական կրթություն է ստացել տեղի վարժարանում՝ քահանա պապի մոտ։ 1855-60 (62) թվականներին(այլ տվյալներով՝ 1848 թ.) ուղարկվել է Կ. Պոլիս և (12 տարի) սովորել Կ. Պոլսի մերձակա Բեբեք գյուղում` ամերիկացի միսիոնե, վերապատվելի դոկտոր Սայրուս Համլիի հիմնած ու տնօրինած վարժարանում։ 1860 (62)-69 թվականներին գարծակցելով աներիկացի միսիոների հետ` դասախոսություններով ու քարոզչությամբ ճամփորդել է Անատոլիայի զանազան կողմերում՝ Կեսարիա, Զմյուռնիա, Մանիսա և այլուր։ Կեսարիայում միսիոներ Չարլզ Ֆարնուրթը դոկտոր Համլիից երկու օգնական է խնդրել, և վերջինս ուղարկել է պատվելի Քերովբե Յագուպյանին ու քարոզիչ Ավետիս Երեցյանին։ Մի քանի տարի ծառայելով միսիոների ձեռքի տակ՝ ուսուցիչ է ծառայել Կեսարիայում և շրջակա բնակավայրերում։ Միաժամանակ երբեմն հանդես է եկել իբրև քարոզիչ։

1867 թվականին ամուսնացել է և կնոջ հետ տեղափոխվել Զմյուռնիա և երկու տարի աշխատել Զմյուռնիայի ամերիկյան միսիոներական դպրոցում։ 1869 թվականին հեռացել է ամերիկյան միսիոներական կազմակերպությունից։

1869 թվականին վերադարձել է Կեսարիա՝ նպատակ ունենալով կնոջն այդտեղ թողնել և քրոջ հրավերով մեկնել ԱՄՆ` բժշկություն ուսանելու։ Սակայն շուտով հետ է կանգնել այդ մտքից։

1870 թվականին Կեսարիայում իր աշակերտների խնդրանքով հիմնել է 100-150 անդամ ունեցող «Լուսավորչյան ընկերությունը», դարձել նրանց հոգևոր առաջնորդը և յուրաքանչյուր կիրակի քարոզներ կարդացել։ Ընկերությունը Զամպաքճյաններից վարձած տանը բացել է աղքատ տղաների դպրոց, որտեղ դասավանդել է Երեցյանը։ Տունը կիրակի օրերին ծառայել է որպես քարոզներ կատարելու լսարան։ Շուտով օսմանյան կառավարությունն ու հայ ազգային կազմակերպությունները հալածել են ընկերությանը, որը փակվել է։ Ավետիս Երեցյանը և ընկերության որոշ անդամներ ձերբակալվել են և մի քանի օր տևած քննությունից հետո արձակվել։ Որոշ ժամանակ անց Երեցյանը մեկնել է Կ. Պոլիս և ընկերությունը «Ուսումնասիրաց ընկերություն» անվան տակ վերաբացելու կոնդակ ստացել Մկրտիչ արք. Խրիմյան պատրիարքից։

1873 թվականին ուսումնասիրած ընկերության նյութական օգնությամբ մեկնել է ԱՄՆ՝ քարոզչություն աբելու և բժշկություն սովորելու։ 1874-77 թվականներին սովորել է Փենսիլվանիայի համալսարանի (Ֆիլադելֆիա) բժշկական ֆակուլտետում, ստացել է բժշկի վկայական։ Ավարտաճառը պահվում է Փենսիլվանիայի համալսարանում։

1877 թվականին վերադարձել է Կ. Պոլիս և հաստատվել Բահչե բաշը թաղամասում։ Կ. Պոլսում շարունակել է հանդես գալ որպես ավետարանական հայերի քարոզիչ և կիրակնօրյա պերճախոս քարոզներ անել հոգիների փրկության կամ դավանափոխության համար։ Միաժամանակ աշխատել է որպես բժիշկ և անձնվիրաբար բուժել մարմնային հիվանդություններով տառապող, տարբեր ազգերի պատկանող ու տարբեր կրոններ դավանող համաքաղաքացիներին։

Չնայած չարախոսություններին, զրպարտանքներին ու հալածանքներին՝ ընկերությունն արագորեն զարգացել է ու տարածվել։ Խոլերայի համաճարակի ժամանակ գերմարդկային ջանքեր գորշադրելով՝ քաղաքը փրկել է կործանումից, ինչի համար արժանացել է պատվանշանի, որը երբեք չի կրել։

1883 թվականին կրկին ձերբակալվել է և ուղարկվել Անկարա քաղաքի բանտը։ Բանտում նահանգապետի հարցաքննությունից հետո ազատ է արձակվել։ Անկարայում ծանոթացել է փվրոպական երկրների հյուպատոսների հետ, որոնք նրան հորդորել են մնալ այդտեղ 200 ոսկի տարեթոշակով։ Սակայն մերժել է նրանց և տեղափոխվել Կեսարիա՝ ծառայելով 84 ոսկի տարեթոշակով։

1887 թվականին Ուսումնասիրաց ընկերության անդամների թիվը հասել է 500-ի և այն վերածվել է աղանդի, որ իրեն կոչել է լուսավորչականություն, մինչդեռ ուրիշների կողմից կոչվել է Ավետիսականություն։ Աղանդը նաև աղջիկների ու տղաների դպրոցներ է բացել։

Բժիշկ-քարոզիչը իր պարզակյաց, ազատամիտ, ողորմասեր ու հեզահամբույր նկարագրով մեծ ազդոցություն է ունեցել կեսարացիների բարոյական կյանքի վրա, անձնապես կիրառելով իր նշանաբանը՝ «Վաճառական ըլլալով դրամ վաստակելէն, ազգի բարոյականը բարձրացնելով, հոգիները շահիլը նախամեծար է»։

1895 թվականին Փոքր Հայքում տեղի են ունեցել խլրտումներ և օսմանյան կայսրության համար հայերը կասկածելի են դարձել։ 1895 թվականի նոյեմբերին տեղի ունեցած Կեսարիայի հայկական ջարդերի ժամանակ մասնակցել է ինքնապաշտպանական մարտերին և փրկել շատերի կյանքը։ 1895 թվականի նոյեմբերի 18-ին՝շարունակվող ջարդի ժամանակ, թուրք խուժանը հրդեհել է բժշկի տունը, և 55-ամյա բժիշկն իր կնոջ, 20-ամյա որդու ու աներորդու հետ նահատակվել է։ 1896 թվականի հունվարին նրա մասունքները թաղվել են Կեսարիայի Սբ. Լուսավորիչ եկեղեցու բակում։

Հրդեհից հրաշքով փրկվել են Երեցյանի երեք դուստրերը և մյուս որդին։ Դուստրերից Ռոզինը 1910 թվականին Նյու Յորքում ամուսնացել է Պարսկաստանի հյուպատոս Հ. Թոփագյանի հետ։

Ավետիս Երեցյանի ճոխ գրադարանն ու տպագրելու ենթակա մեծ քանակությամբ (8-10 հատոր) կրոնական քարոզներ, բժշկական ու գիտական ձեռագրերն ամբողջությամբ հրո ճարակ են դարձել 1895 թվականի նոյեմբերի 18-ին։

Ավետիս Երիցյանի գործը «Ինջիլ Ջեմիեթի» («Ավետարանի միություն») անվան տակ Կեսարիայում շարունակվել է մինչև 1915 թվականը։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն

խմբագրել
  • Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938։
  • Ալպօյաճեան Արշակ, Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
  • Ալպօյաչեան Արշակ, Պատմութիւն Հայ Կեսարիո, հ. 1-2, Կահիրե, 1937։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամներ), Պոսթոն, 1957։
  • Թէոդիկ, Ամէնուն տարեցոյցը, Ե. տարի, Կ. Պոլիս, 1911, Բ. տպագրութիւն, Հալէպ, 2008։