Աշնանային մարաթոն
«Աշնանային մարաթոն» (ռուս.՝ «Осенний марафон»), 1979 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է Գեորգի Դանելիան։ Սցենարը գրել է Ալեքսանդր Վոլոդինն իր «Горестная жизнь плута» պիեսի հիման վրա։ Տխուր փիլիսոփայական կատակերգություն է մի մարդու մասին, որը փորձում է երկակի կյանք վարել և դրանով իսկ իրեն դնում է անելանելի դրության մեջ։ Թողարկվել է 1980 թվականի հունվարին։
Աշնանային մարաթոն ռուս.՝ Осенний марафон | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա, կինոկատակերգություն և տրագիկոմեդիա |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Դանելիա |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Վոլոդին |
Դերակատարներ | Եվգենի Լեոնով, Նատալյա Գունդարևա, Նիկոլայ Կրյուչկով, Օլեգ Բասիլաշվիլի, Մարինա Նեյոլովա և Նորբերտ Կուխինկե |
Օպերատոր | Սերգեյ Վրոնսկի |
Երաժշտություն | Անդրեյ Պետրով |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Նկարահանման վայր | Korablestroiteley Street 23 k1, Saint Petersburg? |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 89 րոպե |
1981 թվականին արժանացել է ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի։
Սյուժե
խմբագրելԼենինգրադ։ Անդրեյ Բուզիկինը միջին տարիքի տղամարդ է, հրատարակչության հետ համագործակցող փորձառու թարգմանիչ, Լենինգրադի համալսարանի դասախոս։ Անձնական կյանքում նա փորձում է ժամանակը բաժանել կնոջ՝ Նինայի և երիտասարդ սիրուհու՝ Ալլայի միջև։ Ալլան սիրում է նրան և ցանկանում է նրանից երեխա ունենալ։ Տարիքն առած կինը տանջվում է կենցաղային և ընտանեկան խնդիրների պատճառով։ Այնուամենայնիվ, Անդրեյը հնարավոր չի համարում փոխել իր կյանքը և շարունակում է ապրել իր կնոջ հետ՝ միաժամանակ հանդիպելով իր սիրուհու հետ, միևնույն ժամանակ փորձելով ծիծաղելի բացատրություններով պահպանել նորմալ ընտանեկան հարաբերությունները։
Բուզիկինի փափկասրտությունը, «ոչ» ասելու անկարողությունը դրսևորվում են նաև գործընկերների հետ հարաբերություններում։ Այսպես, իր հյուրի՝ դանիացի պրոֆեսոր Հանսենի պնդմամբ, Անդրեյը, հակառակ իր կամքի, առավոտյան նրան ընկերակցում է վազելիս։ Աշխատանքի ժամանակ անտաղանդ համակուրսեցի Վարվառան անամոթաբար շահագործում է Բուզիկինի տաղանդը և, բացի այդ, միջամտում նրա անձնական կյանքին։ Հարևանին՝ փականագործ Խարիտոնովին, Բուզիկինը, չնայած աշխատանքի ծանրաբեռնվածությանը, չի կարող մերժել, երբ նա ստիպում է իրեն և Հանսենին միասին խմել, իսկ հետո երկու բաժակակից ընկերներին տանում է անտառ՝ սունկ հավաքելու։ Անդրեյը, որը չի հասցնում ժամանակին ներկայացնել աշխատանքը, կորցնում է տեղը հրատարակչությունում և համալսարանում։ Ալլան հոգնում է Անդրեյի անվճռականությունից և փորձում է խզել հարաբերությունները նրա հետ։
Բուզիկինների չափահաս դուստրը, որն արդեն ապրում է իր ընտանիքի հետ, ամուսնու հետ միասին (հիվանդ հիդրոլոգի փոխարեն) երկու տարի գործուղման է մեկնում հեռավոր Ժոխովա կղզի (Ամդերմա)՝ առանց նույնիսկ ծնողների հետ խորհրդակցելու, ինչը մեծ ցնցում է դառնում նրա մոր՝ Նինայի համար։ Դստերը ճանապարհելուց հետո Բուզիկինը խոստովանում է Նինային «ավարտված» սիրավեպի մասին, բայց զրույցի ընթացքում պատահաբար նշում է, որ ինքը եղել է սթափարանում՝ այնտեղից հանելու համար Հանսենին, որին հարբեցրել էր Խարիտոնովը։ Նինան դա հերթական սուտ է ընդունում։ Դստեր՝ Լենայի և փեսայի՝ Վիկտորի հեռանալուց հետո Նինան վիճում է ամուսնու հետ և հեռանում տնից։
Դրանից հետո Բուզիկինը փորձում է ավելի վճռական լինել շրջապատի մարդկանց հետ հարաբերություններում։ Այսպես, գալով աշխատանքի, նա կոպտում է Վարվառային, այնուհետև մերժում է ուսանողին, որը խնդրում էր նշանակել ստուգարքը։ Իր գործընկերոջը, որին Բուզիկինը համարում է անազնիվ մարդ, նա կտրուկ հայտարարում է. «Իսկ ձեր ձեռքը ես չեմ բռնի»։
Վերադառնալով տուն և տեսնելով, որ Նինան հեռացել է, Բուզիկինն ակնհայտորեն թեթևացած է զգում։ Բայց Ալլան զանգահարում է նրան, այդ հեռախոսազրույցի ընթացքում կինը անսպասելիորեն վերադառնում է և հարցնում է Անդրեյին, թե իսկապես «այնտեղ ամեն ինչ վերջացած է»։ Նա պատասխանում է. «Ես գրում եմ՝ բաղը ժամը յոթին ամբիոնում»։
Ֆիլմի վերջին տեսարանում Հանսենն ու Բուզիկինը միասին վազում են երեկոյան մեգապոլիսի փողոցով։
Դերերում
խմբագրել- Օլեգ Բասիլաշվիլի – Անդրեյ Պավլովիչ Բուզիկին, թարգմանիչ
- Նատալյա Գունդարևա – Նինա Եվլամպիևնա («Էն-Է»), Բուզիկինի կինը
- Մարինա Նեյոլովա – Ալլա Միխայլովնա Երմակովա, մեքենագրուհի, Բուզիկինի սիրուհին
- Եվգենի Լեոնով – Վասիլի Իգնատևիչ Խարիտոնով, փականագործ, Բուզիկինի հարևանը
- Նորբերտ Կուխինկե – Բիլ Հանսեն, Դանիայից եկած սլավոնագետ պրոֆեսոր
- Նիկոլայ Կրյուչկով – քեռի Կոլյա, Ալլայի հարևանը կոմունալ բնակարանում
- Գալինա Վոլչեկ – Վարվառա Նիկիտիչնա («Մատնաչափիկ»), Բուզիկինի գործընկերը և նախկին համակուրսեցին
- Օլգա Բոգդանովա – Լենա, Բուզիկինների դուստրը (դերը հնչյունավորել Նատալյա Գունդարևան)
- Դմիտրի Մատվեև – Վիկտոր, Բուզիկինների փեսան (դերը հնչյունավորել Է Ստանիսլավ Զախարովը)
- Վլադիմիր Գրամմատիկով – Եվգենի Պտաշուկ, Ալլայի ընկերը
- Վադիմ Մեդվեդև – Շերշավնիկով, Բուզիկինի գործընկերը
- Նիկիտա Պոդգորնի – Գեորգի Նիկոլաևիչ Վերիգին, հրատարակչության տնօրեն
- Վլադիմիր Պոժիդաև – վարորդ
- Բորիսլավ Բրոնդուկով – «պաշտպան» վթարի ժամանակ
- Վլադիմիր Ֆիրսով – Լիֆանով, ուսանող
- Ռենե Հոբուա – չի նկարահանվել ֆիլմում, բայց նշված է լուսագրերում
- Գեորգի Դանելիա – Օտտո Սկորցենի, սպա հեռուստաֆիլմում, որը դիտում են Բուզիկինները (լուսագրերում նշված չէ)
- Օլեգ Կուլիկովիչ – ուսանող (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Գեորգի Դանելիա
- Սցենարիստ՝ Ալեքսանդր Վոլոդին
- Օպերատոր՝ Սերգեյ Վռոնսկի
- Նկարիչներ՝ Լևան Շենգելիա, Էլեոնորա Նեմեչեկ
- Կոմպոզիտոր՝ Անդրեյ Պետրով
- Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
- Երկրորդ ռեժիսոր՝ Յուրի Կուշներյով
- Հնչյունային օպերատոր՝ Ալեքսանդր Պողոսյան
- Մոնտաժող՝ Տատյանա Եգորիչևա
- Երաժշտական խմբագիր՝ Ռաիսա Լուկինա
- Ֆիլմի տնօրեն՝ Վիտալի Կրիվոնոշչենկո
Ստեղծման պատմություն
խմբագրել1970-ական թվականների վերջին Ալեքսանդր Վոլոդինը գրել է «Горестная жизнь плута» սցենարը։ Նա զանգահարել է Գեորգի Դանելիային, որն այդ ժամանակ կատակերգական և երաժշտական ֆիլմերի միավորման գեղարվեստական ղեկավարն էր, և ասացել, որ կարծում է, թե իր սցենարը կարող է հետաքրքրել միավորմանը։ Դանելիան սցենարը տվել է երիտասարդ ռեժիսորներ Յուրի Կուշներյովին և Վալերի Խարչենկոյին։ Սակայն Ալեքսանդր Կալյագինին, որը, Վոլոդինի մտահղացմամբ, պետք է գլխավոր դերը կատարեր, դուր չի եկել, որ ֆիլմը նկարահանելու են անփորձ ռեժիսորները։ Այդ ժամանակ Դանելիան ֆիլմը առաջարկել է նկարահանել Պավել Արսենովին։ Արսենովը ուրախությամբ համաձայնել է և խոստացել է սկսել ֆիլմի նկարահանումները՝ իր ֆիլմի վրա աշխատանքն ավարտելուց հետո։ Շուտով Վոլոդինն ու Կալյագինը հանդիպել են Արսենովին Կինոյի տան ռեստորանում. նրանք խոսել են մոտ մեկ ժամ, բայց Արսենովը ոչ մի բառ չի ասացել պիեսի մասին։ Կալյագինը որոշել է, որ քանի որ Արսենովին բոլորովին չի հետաքրքրում նոր սցենարը, ավելի լավ կլինի գտնել մեկ այլ ռեժիսոր[1]։ Իսկ մեկ շաբաթ անց Վոլոդինը գնացել է Դանելիայի մոտ և հայտարարել սցենարից պիես պատրաստելու և թատրոն ուղարկելու իր որոշման մասին։ Դանելիան ասել է, թե այդ սցենարով կարելի էր հիանալի ֆիլմ նկարահանել, ինչին ի պատասխան Վոլոդինը Դանելիային առաջարկել է, որ նա էլ նկարահանի ֆիլմը։ Դանելիան մերժել է՝ պատճառաբանելով, թե թեման իրենը չէ. քանի որ Վոլոդինի մասին լուրեր էին պտտվում, թե նա թույլ չի տալիս ուղղումներ կատարել իր սցենարներում, Դանելիան վախենում էր աշխատել նրա հետ։ Սակայն պարզվել է, որ Վոլոդինը շատ ավելի մեղմ է, և նա ու Դանելիան սկսեել են աշխատել ֆիլմի վրա[2]։
Դերասանական կազմի ընտրություն
խմբագրելԳ. Դանելիայի կողմից սցենարում փոփոխություններ կատարելուց հետո պարզ է դարձել, որ Կալյագինը չի համապատասխանում Բուզիկինի դերին։ Վոլոդինը չի առարկել. «Հիմա դա քո ֆիլմն է, դու պետք է որոշես»[1]։ Այս լուրը Կալյագինին հայտնել հանձնարարել են Յուրի Կուշներյովին, ինչը նա պատրաստակամորեն արել է, քանի որդա Կալյագինի պատճառով նա դարձել էր ոչ թե ֆիլմի բեմադրող ռեժիսորը, այլ ընդամենը երկրորդ ռեժիսորը[3]։
Դերասանների գծով օգնական Ելենա Սուդակովան առաջարկել է Օլեգ Բասիլաշվիլիի թեկնածությունը։ Բայց Դանելիան հրաժարվել է նկարահանել նրան. «Ես նրան թատրոնում այն ժամանակ չէի տեսել,- ասել է նա ավելի ուշ,- իսկ Ռյազանովի ֆիլմերում նա ինձ այնքան վստահ, տիրական էր թվում, մի խոսքով, բոլորովին էլ Բուզիկինը չէր[2]։ Բուզիկինի դերի համար, ըստ Դանելիայի, փորձերի է մասնակցել «Խորհրդային Միության ամբողջ դերասանական հավաքականը»՝ Լեոնիդ Կուրավլյովը, Նիկոլայ Գուբենկոն, Ստանիսլավ Լյուբշինը, Անատոլի Կուզնեցովը և այլք[4]։ Բայց յուրաքանչյուր փորձեից հետո Դանելիան ասացել է. «Լավ է։ Բայց այն չէ»։
Սուդակովան կրկին առաջարկել է Բասիլաշվիլիին, սակայն ռեժիսորը համառորեն հրաժարվել է։ Ի վերջո, Ելենան ինքն է կանչել Բասիլաշվիլիին Լենինգրադից։ Այս դերասանի հայտնվելը «Մոսֆիլմում» անակնկալ է եղել Դանելիայի համար, այց նրան այլ բան չի մնացել, քան համաձայնել նույն օրվա երեկոյան անցկացնել փորձերը։ Սուդակովան Դանելիային առաջարկել է Բասիլաշվիլիին իր մեքենայով տանել մինչև Պոկրովսկիե դարպասները, ինչը նա արել է։ Բասիլաշվիլիին իջեցնելուց և 50 մետր քշելուց հետո նա նայել է հետևի հայելու մեջ և տեսել, որ Բասիլաշվիլին բոլորովին կերպարանափոխվել է. «Ես նայում եմ, բոլորովին այլ մարդ է դարձել,- հիշել է նա ավելի ուշ:- Նրա գլխարկը ինչ-որ կերպ մի կողմ է թեքվել, նա չի կարողանում անցնել փողոցը. նետվում է առաջ ու միանգամից հետ քաշվում։ Ախր սա Բուզիկինն է»։ Դրանից հետո նա զանգահարել է Սուդակովային և հայտնել, որ Բասիլաշվիլիին վերցնում է առանց փորձերի։ Պարզվել է, որ դա եղել է նրա մտահղացումը. նա գիտեր, որ Դանելիան նայելու է հետևի հայելու մեջ և Բասիլաշվիլիին համոզել է խաղալ Բուզիկինին[3][5]։
Մարինա Նեյոլովային նկարահանելու գաղափարը Գեորգի Դանելիայի մոտ ծագել էր «Աշնանային մարաթոնի» վրա աշխատանքի մեկնարկից շատ առաջ։ Նա առաջին անգամ նրան տեսել է իր ռեժիսորական դասընթացի ուսանողի կուրսային աշխատանքում, որտեղ նա խաղացել է մետրոյի աշխատողի դեր։ Այդ ժամանակ Դանելիան մտածել է. «Պետք է անպայման նկարահանել այդ աղջկան»։ Սկսելով «Աշնանային մարաթոնը»՝ Դանելիան Սուդակովային հանձնարարել է գտնել այդ դերասանուհուն, ինչն էլ նա արել է[3]։
Վարվառայի դերի հետ կապված խնդիրներ չեն եղել. Դանելիան միանգամից այդ դերի համար հաստատել է Գալինա Վոլչեկին, ում հետ նա ծանոթ է եղել դեռ մանուկ հասակից[4]։ Նույնպես միանգամիս որոշվել է, որ ֆիլմում խաղալու է Եվգենի Լեոնովը։ Բայց ի սկզբանե նրա համար նախատեսված է եղել Ալլայի հարևանի դերը (հետագայում այդ դերը բաժին է հասել Նիկոլայ Կրյուչկովին)։ Նրան ավելի նշանակալի դեր տալ պնդել է Սուդակովան, ինչի համար Դանելիան շատ շնորհակալ է եղել նրան (ինչպես է Բասիլաշվիլիի համար՝ Բուզիկինի դերում)[2][3]։
Դերասանական կազմում վերջին թափուր տեղը եղելը պրոֆեսոր Հանսենի դերը։ Յուրի Կուշներյովն այդ դերի համար առաջարկել է իր ծանոթին՝ ԳԴՀ-ից լրագրող Նորբերտ Կուխինկեին։ Դանելիան Կուշներյովին խնդրել է այնպես անել, որ ինքը կարողանա տեսնել Կուխինկեին՝ առանց նրա հետ ծանոթանալու։ Կուշներյովը նորբերտին նշանակել է հանդիպում «Մոսֆիլմի» անցակետում։ Դանելիան, տեսնելով Կուխինկեին, հասկացել է, որ նա կատարյալ է այդ դերի համար։ Արևմտյան պետության քաղաքացուն նկարահանման հրավիրելու համար պահանջվել է ստանալ բարձրագույն մարմինների թույլտվությունը։ Այն ստանալու համար ֆիլմի հեղինակները դիմել են Պետկինոյի արտասահմանյան բաժին։ Այնտեղից նրանց ուղարկել են ԱԳՆ, ԱԳՆ-ից՝ ԿԳԲ, ԿԳԲ-ից՝ դիվանագիտական կորպուսի սպասարկման վարչություն, իսկ այնտեղից՝ կրկին Պետկինո։ Այնուհետև Պետկինոյի արտասահմանյան բաժնի պետ և Դանելիայի ծանոթ Միխայիլ Շկալիկովը նրան խորհուրդ է տվել ոչ մեկից թույլտվություն չխնդրել. ոչ ոք թույլտվություն չի տա, քանի որ ոչ ոք չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել։ Դանելիան այդպես էլ վարվել է։ Դրանից հետո նա դիմել է հենց Կուխինկեին, բայց նա հրաժարվել է նկարահանվել. նա զբաղված է եղել աշխատանքով և նկարահանման փորձ էլ չի ունեցել։ Սակայն ռեժիսորին հաջողվել է համոզել նրան՝ խոստանալով, որ նկարահանումները կտևեն ընդամենը 10 օր (արդյունքում դրանք ձգվել են մեկ ամիս)։ Բայց հետո նոր խնդիրներ են առաջացել. ֆիլմում արևմտյան գերմանացու ներգրավվելու փաստը վրդովվեցրել է ԳԴՀ-ի ղեկավարությանը։ Ոչ մեկի շահերին չդիպչելու համար որոշվել է Հանսենին դարձնել ոչ թե գերմանացի, այլ դանիացի պրոֆեսոր[6]։
Անվանում
խմբագրելՍկզբում ֆիլմի սցենարիստ Ալեքսանդր Վոլոդինն իր կինոսցենարն անվանել է «Горестная жизнь плута»։ Սակայն այդ վերնագիրը չէր համապատասխանում ֆիլմի էությանը. այն միայն բացասական կողմից է բնութագրել Բուզիկինին, մինչդեռ նրա կերպարը շատ ավելի բարդ է։ Ավելի ուշ հեղինակները հորինել են մեկ այլ անվանում, որն ավելի չեզոք է և համապատասխանում է ֆիլմի իմաստին՝ «Աշնանային մարաթոն»։ «Աշնանային» ածականն օգտագործվել է այն պատճառով, որ գլխավոր հերոսը, թեև բավական երիտասարդ է, այլևս 20 տարեկան չէ, իսկ «մարաթոն» գոյականը՝ այն իմաստով, որ նա միշտ «վազում է», ժամանակ չունի կանգ առնելու և «շուրջը նայելու» համար։
Ֆիլմի հանձնում
խմբագրելԴանելիան վախենում էր, որ իր վերադասները կհրաժարվեն ֆիլմի եզրափակիչ հատվածից. նրան թվում էր, թե Պետկինոյի պաշտոնյաներն իրեն կմեղադրեն այն բանում, որ հերոսները փախչում են Շվեդիա։ Երբ ֆիլմը պատրաստ էր, և Դանելիան այն հանձնել է «Մոսֆիլմի» ղեկավար Նիկոլայ Սիզովին, նա ասել է. «Պետք է մտածել ավարտի մասին»։ Սակայն, ինչպես պարզվել է, նա այլ բան է նկատի ունեցել. նա կարծում էր, որ ֆիլմի վերջում Բուզկինը պետք է վերջնականապես վերադառնա կնոջ մոտ։ Դանելիան կտրականապես մերժել է այդ միտքը։
Պետկինոյում նրանք մի քանի աննշան դիտողություններ են արել, բայց ոչինչ չեն ասել ֆիլմի ավարտի մասին: Հաջորդ օրը Դանելիային զանգահարել է Սիզովը և ասել, որ նրանք Պետկինոյում մոռացել են նշել, որ եզրափակիչը պետք է շտկվի. Բուզկինը կամ պետք է վերադառնա իր կնոջ մոտ, կամ մոտավորապես պատժվի: Դանելիան պատասխանել է, թե կարող է միայն երկարացնել Բուզկինին մեծ պլանով ցուցադրող եսարանը եզրափակչում: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ դա էլ հնարավոր չէ, քանի որ տեսարանի ձայնագրություններ այլևս չէին մնացել։ Դանելիան ստիպված է եղել ֆիլմը տանել Պետկինո առանց փոփոխությունների։ Երբ ֆիլմի դիտումն ավարտվել է, մշակույթի փոխնախարարը (որ եկել էր ֆիլմի ցուցադրության ավարտին) հարցրել է. «Դու խոշոր պլանը երկարացրե՞լ ես»։ «Երկարացրել եմ»,- ասել է Դանելիան։ «Շատ ավելի լավ է դարձել»,— նշել է փոխնախարարը[3]։
Զուգահեռներ իրական դեպքերի հետ
խմբագրելՀայտնի է, որ սցենարի հեղինակ Ալեքսանդր Վոլոդինը սյուժեի հիմքում դրել է իրավիճակ իր սեփական կյանքից[5]։ Նման իրավիճակներում հայտնվել են նաև ֆիլմի շատ այլ ստեղծողներ՝ Գեորգի Դանելիան (այն ժամանակ նա բաժանվել է իր երկրորդ կնոջից՝ Լյուբով Սոկոլովայից), Նատալյա Գունդարևան (նրա երկրորդ ամուսինը՝ Վիկտոր Կորեշկովը, սիրահարվել է երգչուհի Վալենտինա Իգնատևային), Գալինա Վոլչեկը (նա եղել է և՛ Բուզկինի կնոջ, և սիրուհու դերում․ մասնավորապես հայտնի է, որ նրան դավաճանել է նրա առաջին ամուսինը՝ Եվգենի Եվստիգնեևը)[4]։ Միայն Բուզկինի դերակատար Օլեգ Բասիլաշվիլին չէր կարողացել հասկանալ ֆիլմի էությունը։ Բայց մի քանի տարի անց, հանդիպելով Դանելիային, նա ասել է. «Այո, հիմա ես գիտեմ, թե ինչի մասին ենք մենք ֆիլմ նկարահանել…»[5]։
Նման իրավիճակներում հայտնվել են նաև այլ մարդիկ, այդ թվում՝ Դանելիայի որոշ ծանոթ տղամարդիկ։ Զարմանալի չէ, որ պրեմիերայից հետո նրանք կասկածել են, որ նա սյուժեն գրել է հենց իրենց մասին։ Բացի այդ, կինեմատոգրաֆիական միջավայրում նրանք ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Բուզկինի անունն ու հայրանունը համընկնում են ֆիլմի կոմպոզիտոր Անդրեյ Պետրովի անվան և հայրանունի հետ, իսկ Բուզկինի կնոջ անվան ու հայրանվան սկզբնատառերը՝ Պետրովի կնոջ՝ Նատալյա Եֆիմովնայի անվան ու հայրանվան սկզբնատառերի հետ, որին, ինչպես առաջինին, հաճախ կոչել են «Էն-Ե»: Սակայն Պետրովը պնդել է, որ Ալոչկա անունով սիրուհի չի ունեցել[4][5]։
Ֆիլմը քննադատության է արժանացել շատ կանանց կողմից։ Ոմանք գոհ չեն եղել այն փաստից, որ Բուզկինը վերջնականապես չի վերադարձել իր կնոջ մոտ, մյուսները՝ որ չի գնացել սիրուհու մոտ։ Դա բացատրվում էր նրանով, որ այդ կանայք իրենք են հայտնված եղել համապատասխանաբար կնոջ կամ սիրուհու տեղում։ Մասնավորապես, Սան Սեբաստիանի փառատոնում ֆիլմի դիտմանը ներկա է եղել խորհրդային թարգմանչուհի, որը երեք տարի սիրահարված է եղել ամուսնացած տղամարդու, իսկ նա ոչ մի կերպ չի համարձակվել հեռանալ կնոջից: Ֆիլմի վերջում, երբ պարզ է դարձել, որ Բուզկինը չի հեռանա իր կնոջից, նա բղավել է Դանելիային. «Դուք սրիկա եք, Գեորգի Նիկոլաևիչ» («Вы подлец, Георгий Николаевич!») և դուրս է վազել դահլիճից[4]։
Մրցանակներ
խմբագրել- Սան Սեբաստիանի կինոփառատոն (1979) - «Ոսկե լվացարան» գլխավոր մրցանակ և FIPRESCI-ի մրցանակ[7],
- Վենետիկի կինոփառատոն (1979) - իտալացի լրագրողների մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար (Եվգենի Լեոնով)[7] և FIPRESCI-ի մրցանակ[8],
- Դուշանբեի համամիութենական կինոփառատոն (1980) - գլխավոր մրցանակ[7][8],
- Կատակերգական ֆիլմերի միջազգային կինոփառատոն Շամրուսում (1980) - գլխավոր մրցանակ[7],
- Բեռլինի կինոփառատոն (1980) - միջազգային ավետարանական ժյուրիի մրցանակ - հատուկ հանձնարարական («Ֆորում» ծրագիր)[9],
- Գաբրովի կատակերգական ֆիլմերի միջազգային կինոփառատոն (1981) - հատուկ մրցանակ[8],
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ(1981)[7][8]։
Բացի այդ, ֆիլմը կարող էր հավակնել «Օսկար» մրցանակի, սակայն դրան խանգարել է խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Газета Вести — Ленинградская область — Нелёгкая жизнь плута». // vesty.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 ««Осенний марафон» — 100 великих отечественных фильмов — Актёры, режиссёры, сценаристы». // CinemaAbout.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Георгий Данелия Тостуемый пьёт до дна. — М.: Эксмо, 2011. — 352 с. — ISBN 978-5-699-53418-0 «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Георгий Данелия: «Осенний марафон» — это мужской фильм ужасов». // CinemaAbout.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Осенний марафон (Autumn marathon) - Прибыл в Советский Союз. Надолго. Но скоро уезжаю». // RusAct.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Биография Кухинке Норберта». // Mega-Stars.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Осенний марафон». // Фонд Георгия Данелии. Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին. Վերցված է 2012-05-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Фильм «Осенний марафон»». // РусКино. Արխիվացված է օրիգինալից 2012-06-22-ին. Վերցված է 2012-05-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Борислав Брондуков: «Осенний марафон»». // brondukov.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-01-19-ին. Վերցված է 2012-05-28-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Просмотр фильма на сайте интернет-кинотеатра киноконцерна «Мосфильм»Արխիվացված 2013-12-13 Wayback Machine
- «Осенний марафон» на сайте «Наш фильм»
- Информация о прототипе Бузыкина и встрече с нимԱրխիվացված 2009-10-14 Wayback Machine
- Трагедия таланта (Перевод и переводчики в советском кино: образы и сентенции. Статья вторая)Արխիվացված 2016-04-16 Wayback Machine. Сайт Д. И. Ермоловича.
- «Осенний марафон» 30 лет спустя: где живёт сегодня знаменитый «датский» профессор?Արխիվացված 2010-09-02 Wayback Machine
- Где снимали фильм «Осенний марафон»? (все киноместа Петербурга на сайте welcomespb.com)
- д/ф «Небеса не обманешь»Արխիվացված 2015-10-19 Wayback Machine (Первый канал, 2015)