Անհնազանդության տոն

«Անհնազանդության տոն» (ռուս.՝ Праздник непослушания), խորհրդային գրող Սերգեյ Միխալկովի «հեքիաթ-վիպակը երեխաների և ծնողների համար», որը պատմում է այն մասին, թե ինչպես է մի քաղաքում բոլոր ծնողները ժամանակավորապես մենակ են թողնում իրենց անհնազանդ երեխաներին, և թե ինչ է լինում արդյունքում։ Առաջին անգամ վիպակը հրատարակվել է «Նոր աշխարհ» (ռուս.՝ «Новый мир») ամսագրում 1971 թվականին։ Հետագայում այն բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել օտար լեզուներով։ Նրա հիման վրա նկարահանվել են մուլտֆիլմ և գեղարվեստական ֆիլմ, իսկ վիպակի հիմքով ստեղծված պիեսի հիման վրա բեմադրվել են ներկայացումներ։

Անհնազանդության տոն
Անհնազանդության տոն.jpg
Ժանրհեքիաթ
ՀեղինակՍերգեյ Միխալկով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակություն1971
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անհնազանդության տոն (այլ կիրառումներ)

ՊատմությունԽմբագրել

Սերգեյ Միխալկովը հիշել է, որ «նվիրական հեքիաթի» վերնագիրն ու «առաջին արտահայտությունը, որ ես այնքան տանջալից որոնում էի այնքան տարի», իր գլխում ծագել են Կառլովի Վարիում անցկացրած արձակուրդի ժամանակ։ Այնուհետև, տեղափոխվելով Բուլղարացի գրողների ստեղծագործական տուն Վառնայում, նա երկու ամսում ավարտել է աշխատանքը հեքիաթի առաջին օրինակի վրա[1]։

1971 թվականին վիպակը տպագրվել է «Новый мир» (№ 12, էջ 84-101) ամսագրում, իսկ 1972 թվականին՝ «Պիոներ» (№ 6-7) մանկական ամսագրում։ Նույն թվականին այն լույս է տեսել առանձին հրատաարակությամբ Գերման Օգորոդնիկովի նկարազարդումներով։ Հետագայում վիպակը հրատարակվել է նաև Վիկտոր Չիժիկովի, Գեորգի Յուդինի և այլոց նկարազարդումներով։

ՍյուժեԽմբագրել

Փոքրիկ տղան (Մանչուկ), որին մայրը անկյուն է կանգնեցնում անհնազանդության համար, հանդիպում է Թղթե օձին, և վերջինս նրան առաջարկում է թռչել այնտեղ, որտեղ փոքր երեխաներին չեն պատժում։ Պարզվում է՝ մի քաղաքում ծնողները, տատիկներն ու պապիկները, հոգնելով իրենց «սարսափելի երեխաների» անվերջ քմահաճույքներից, պայմանավորվում են նրանց մենակ թողնել։ Նույն գիշերը բոլոր մեծահասակները հեռանում են քաղաքից, և առավոտյան երեխաները տեսնում են, որ մնացել են առանց հսկողության։

Դպրոցականները պայուսակները նետում են դպրոցի բակում և վազում հրուշակեղենի խանութ, որտեղ այնքան են ուտում քաղցրավենիք և պաղպաղակ, մինչև նրանց կոկորդներն սկսում են ցավել։ Դրանցի բացի երեխաները բերում են ներկերով դույլեր և սկսում են ներկել շուրջն ամեն ինչ։ Տղաներից մեկը, որի մականունն «Ուտիճ» է, բերում է ծխախոտ ու սիգարները, և երեխաներնը ծխում են, չնայած շատերը դրանից անմիջապես վատանում են։ Միակ մեծահասակը, որը պատահաբար մնացել է քաղաքում, կրկեսի արտիստ կարճահասակ Ֆանտիկն է։ Նա սարսափում է տեսածից և փորձում է օգնել երեխաներին, որոնք սկսում են հիվանդանալ և չեն կարողանում հոգ տանել իրենց մասին։

Այդ ժամանակ Թղթե օձը քաղաք է բերում Մանչուկին, որը տեսնում է, որ կյանքն առանց ծնողների այնքան էլ լավ չէ, ինչպես կարող էր թվալ։ Հուսահատվելով՝ երեխաները Թղթե օձին խնդրում են թռչել և գտնել իրենց ծնողներին։ Նա ծնողներին փոխանցում է երեխաների նամակը, որում վերջիններս նրանց խնդրում են վերադառնալ և գրում են.

Мамы! Папы! Нам без вас —
Всё равно, что вам без нас!

Ֆանտիկի ղեկավարությամբ երեխաները մաքրում են քաղաքը և պատրաստվում ծնողների հետ հանդիսավոր հանդիպման։ Անհնազանդության եռօրյա տոնն ավարտվում է, և ծնողների վերադարձով քաղաքն սկսում է ապրել սովորական կյանքով։ Մանչուկը կրկին հայտնվում է իր սենյակում, ուր մտնում է մայրը և ասում, որ ներում է նրան։

Թեմատիկա և ազդեցությունԽմբագրել

Ըստ Սերգեյ Միխալկովի՝ վիպակն ուղղված է ոչ միայն երեխաներին, այլ նաև մեծահասակներին, և նրա նպատակը «չի եղել այն, որ զվարճացնի փոքրիկ ընթերցողներին, թեև դա էլ քիչ կարևոր չէ»[1].

  Իմ հեքիաթը պետք է իր մեջ կրեր խորը մանկավարժական իմաստ՝ դաստիարակելով կերպարներով ու սյուժետային բախումներով, բայց բոլորովին ոչ ձանձրալի դիդակտիկական, հաստատի խելամիտ կարգուկանոն ունենալու հասարակության իրավունքը, հանդես գա ընդդեմ անիշխանության՝ իր ցանկացած դրսևորման մեջ։
 


Ֆելիքս Մեդվեդևի հետ զրույցում Միխալկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նա մտածում դեմոկրատիայի ու հրապարակայնության սահմանների մասին, ասել է[2].

  Ցանկացած ազատություն չի ժխտում կարգուկանոնը։ Լիակատար ազատությունը յուրաքանչյուր հասարակության մեջ վերածվում է անիշխանության։ Ես այդ մասին գրել եմ երեխաների համար նախատեսված «Անհնազանդության տոն» հեքիաթը։
 


Իր գրքերից մեկում հոգեբան Անդրեյ Կուրպատովը հիշատակում է Միխալկովի վիպակը՝ նշելով, որ «այս գեղարվեստական ստեղծագործության հիմքում ընկած է ոչ թե հեղինակի երևակայությունը, այլ մեր գիտնական եղբորը քաջ հայտնի հոգեբանական մեխանիզմը, որ ստացել է «մանկական նեգատիվիզմ» անվանումը»[3]։

Հեքիաթի վերնագիրը ժամանակի ընթացքում սկսել է օգտագործվել որպես կայուն բառակապակցություն և ընդգրկվել է «Ժամակակից քաղվածքների բառարանում» (ռուս.՝ «Словарь современных цитат»)[4]։ Այն լայնորեն օգտագործվում է հրապարակախոսության մեջ, այդ թվում նաև պատմությանն ու քաղաքականությանը վերաբերող քննարկումներում։ Այսպես, Ալեքսանդր Խինշտեյնն իր «Ինչպես են սպանում Ռուսաստանին» (ռուս.՝ «Как убивают Россию») գրքում հիշում է վիպակի սյուժեն՝ նշելով, որ նույն սկզբունքով («Ах, не хотите слушаться?! Да на здоровье! Посмотрим, как вы тут без нас запоёте!») «ռուսական ու խորհրդային իշխանությունը գործում էր 1990-ականների սկզբին» նախկին միութենական պետությունների հանդեպ[5]։ Նիկոլայ Ստարիկովը, քննարկելով ռուսական առաջին հեղափոխության պատմությունը, նշում է, որ տեղի ունեցածը «ոչ թե հեղափոխություն էր, այլ «անհնազանդության տոն» մեծահասակների համար», իսկ գեներալներ Մելլեր-Զակոմելսկին ու Ռենենկամպֆը «պարզապես երկու տասնյակ գնդակահարություններով բնակչությանը հասկացրին, որ «անհնազանդության տոնն» ավարտվել է»[6]։

ԹարգմանություններԽմբագրել

Խորհրդային տարիներին գիրքը թարգմանվել է մի քանի եվրոպական լեզուներով, այդ թվում՝ գերմաներեն «Ուռա՜, գործադուլ են անում ծնողները» խորագրով[7]։

ԷկրանավորումներԽմբագրել

  • «Անհնազանդության տոն» (հունգ.՝ Tótágas), վիպակի մոտիվներով 1976 թվականին ստեղծված հունգարական մանկական երաժշտական ֆիլմ։
  • «Անհնազանդության տոն», խաղարկային կինոյի տարրերով տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1977 թվականին վիպակի հիման վրա ստեղծված պիեսի մոտիվներով։
  • «Անհնազանդության տոն» (Ռուսաստան, 2015), մանկական ֆիլմ է, որի սյուժեն տեղափոխվում է մեր ժամանակներ և լուծում երեխային ժամանակակից գաջեթներից ու համակարգչային խաղերից կտրելու արդիական խնդիրը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել