Անդրեաս երեց, հայ գրող Մուրացանի պատմավեպերից, գրված 1897 թվականներին։ Պատկերում է Հայաստանում 1601 - 1617 թվականների պարսկական տիրապետության շրջանի իրադարձությունները։

Անդրեաս երեց
Տեսակպատմավեպ
Ժանրվեպ
Ձևարձակ
ՀեղինակՄուրացան
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Առաջին ներկայացում1897
ԿերպարներԱնդրեաս երեց, Վարդեն, Շահ Աբաս, Ամիրգյունե, Շահռուխ, Խոջա-Անձրև, Սառա խաթուն, Երազմոս, Չիտտագինի
ՎիքիդարանԱնդրեաս Երեց

Տպագրման պատմություն խմբագրել

«Անդրեաս երեցը» տպագրվել է 1897-1898 թվակններին «Լումա» պարբերականում, իսկ ամբողջությամբ՝ 1908 թվականին, երկերի երկրորդ հատորում։ «Անդրեաս երեցին» առաջինը անդրադարձել է Լեոն, 1904 թվականին «Բազմավեպում» տպագրած «Ռուսահայ վիպասանությունը» քննադատականում։ Այս քննադատականում Լեոն Մուրացանին որակում է հետևյալ կերպ[1]

  Անհամբերող, հետադեմ, խավար հասկացությունների տեր, ֆանատիկոս, աղանդավոր, սանձարձակ պարսավագրող, ուղղափառ, հայրենասեր մարդկանց միտքը թունավորող, պատմությունը կեղծող, հրեշավոր մեղադրող, կրքից կուրացած, անվանարկող և գրականությունը պղծող[1] ։  

Մուրացանն այս ամենին պատասխանում է «Իմ երկերի առթիվ» հոդվածով․ որը տպագրվում է «Բազմավեպում»[1]։

Նախապատմություն խմբագրել

90֊ական թվականներին դարձյալ իր մտորումների ճանապարհն է բացում հայկական եկեղեցու հարցը։ Խնդիրը պատկանում էր ոչ թե ազգային եկեղեցու պատմական ու քաղաքական իրավունքին, այլ առավել շատ դավանաբանական կողմնորոշմանը` ո՞ւմ է պատկանում ազգային վերանորոգության դափնին` լուսավորչակա՞ն, թե՞ կաթոլիկ եկեղեցուն։ Այս մտորումներով տարվում է նաև Մուրացանը։ Հենց այս գաղափարական շեշտադրումներն է դնում «Հայ բողոքականի ընտանիքը» և «Իմ կաթոլիկ հարսնացուն» վիպակներում, որտեղ միտումնավոր քննադատում է կաթոլիկ «հայերի» բարոյական վարքագիծը։ Հեղինակը նույն խնդրին է անդրադառնում նաև «Անդրեաս երեց» պատմավեպում, որտեղ դավանանքի հարցը դիտում է հայ ժողովրդի պատմական ճակատագրի տեսանկյունից[2]։

Վեպի նախադրություն խմբագրել

Վիպակը սկսում է «Նախադրությամբ», որտեղ ներկայացվում է Հայաստանի վիճակը 16-րդ դարի առաջին կեսին։ Այդ ժամանակ երկիրը գտնվում էր ծանր թշվառության մեջ պարսկական և օսմանական պատերազմների պատճառով։ 1596 թվականին հորից՝ Խուդուբանդից, ժառանգելով գահը՝ պարսից Շահ Աբաս Ա թագավորը, վախենալով օսմանցիներից, նրանց է տալիս հոր կողմից հափշտակած հայկական նահանգները։ Չափազանց ծանրանում է հարկերից առաջացած Աթոռի պարտքերը, որի արդյունքում Առաքել կաթողիկոսը հրաժարվում է գահից՝ հանձնելով այն Դավիթ Էջմիածնեցուն։ Սակայն նա ևս չի կարողանում լուծել հարցը և իրեն օգնական է կարգում գառնեցի Մելիքսեթին։ Այս տառապանքների օրերում վրա է հասնում նաև մի սարսափելի սով, ապականություն, ժանտախտ։ Այդ ժամանակ Դավիթ և Մելիքսեթ կաթողիկոսները հրավիրում են Սրապիոն վարդապետին, ով ստանձնում է կաթողիկոսությունը և հայրենական հարուստ ժառանգության միջոցով առաջարկում ազատել Աթոռը պարտքերից։ Այսպես 1602 թվականին հայոց մեջ կային վեց օծյալ կաթողիկոսներ, որոնք նստում էին Արարատյան նահանգում, Աղթամարում, Կիլիկիայում՝ Ադանայում և Սիսում։ Կային նաև ներքին խռովություններ։ Երկիրը սկսում է հետզհետե բնակիչներից դատարկվել, ավելանում են նաև ունիթորների սխրագործությունները, որոնք 13-րդ դարի կեսից հայտնվում են Հայաստանում և միաբանելու փոխարեն պառակտում են երկիրը։ Նրանց նպատակն է՝ պապի հոգևոր ստրուկների թիվը ավելացնել։ Այս թշվառությունները հերոսական ոգի են ներշնչում երեք տարագիր հայ հոգևորականների՝ Սաղմոսավանքի առաջնորդ Պարոն անվանյալ Սարգիս եպիսկոպոսին, Սյունեցի Մովսես վարդապետին և Տրապիզոնցի Կիրակոս երեցին, որոնք տարիներ առաջ հեռացել էին Հայաստանից և ճգնում էին Երուսաղեմում։ Նրանք գիտեն միայն մեկ միջոց՝ մարդկային ոգին տանջանքների և հալածանքների դեմ զորացնելը, մարդուն անձնվիրություն սովորեցնելը։ Սյունիք գալով՝ հիմնում են Սյունյաց կամ Հարանց հռչակավոր անապատը։ Չլուծելով Աթոռի պարտքերի հարցը՝ կաթողիկոսները որոշում են դիմել պարսից Շահ Աբաս թագավորին, որ նա գա Հայաստան երկիրը գրավելու և իրենց անվերջ հարկերից ու պարտքերից ազատելու։ Նա արշավում է Հայաստան 1603 և 1605 թվականներին։ Այս տագնապալից ժամանակներում ժողովրդին օգնության է հասնում Սյունյաց անապատը կամ վարդապետարանը։ Մովսես Սյունեցին դպրոցներ է բացում և Ագուլիսում դպրոցի վերակացու է նշանակում Սյունյաց անապատի իր առաջադեմ աշակերտներից մեկին՝ տեր-Անդրեասին[3]։

Սյուժե խմբագրել

1617 թվականի աշնանը Շահ Աբասը պատրաստվում էր հեռանալ Երևանից, բայց Պարսկաստան գնալուց առաջ կամենում է մի երկու շաբաթ անցկացնել Նախիջևանում, սակայն որոշում է այցելել Ագուլիս։ Նրան այդ միտքն է տալիս Շահռուխ-բեկը, քանի որ Ագուլիսում շատ գեղեցիկ աղջիկներ ու տղաներ կան։ Շահն այնտեղ է գնում՝ «մանկաժողով» անելու։ Այդ ժամանակ Խոջա-Անձրևը Ցղնայի քահանայից ստանում է ածուխով գրված նամակ, որը կաթողիկոսն է ուղարկել բանտից, ում «Մանկաժողովի» մասին տեղեկացրել է Ամիրգյունա նախարարը։ Ս. Հովհաննես եկեղեցու ժամերգությունից հետո քահանաներին, որոնց թվում էր նաև տեր-Անդրեասը, շրջապատում են ժամավորները՝ խոսելու և նրանք գնում են դպրատուն։ Այստեղ է գալիս Խոջա-Անձրևը՝ բերելով կաթողիկոսի նամակը։ Նրանք որոշում են թաքցնել գեղեցիկներին մոտակա տարբեր գյուղերում, սակայն հայր սուրբը արգելում է Անդրեաս երեցին թաքցնել երեխաներին։ Նա վիրավորված է, որ Անդրեասը գործում է առանց իր հաճության։ Համաձայնության չգալով՝ Անդրեաս երեցը հեռանում է։ Նույն օրը տեր-Անդրեասին այցելում է հայր Մատթեոս Երազմոսը՝ Հռոմի պապից կարգված ընդհանրական առաջնորդն և արքեպիսկոպոսը։ Նա առաջարկում է ցուցակագրել Ագուլիսի բոլոր ընտանիքների անունները, որոնք ունեն գեղեցիկ երեխաներ, որպեսզի նա Շահ Աբասին հայտնի, թե նրանք ունիթորներ են, պատկանում են իր հոտին։ Սակայն Անդրեասը հրաժարվում է հայերին պապական, այն է՝ կաթոլիկ հռչակելուց։ Իրենց մտահոգություն են հայտնում աշակերտների ծնողները, և նրանցից մեկն առաջարկում է աշակերտներին տգեղացնել, սափրել գլուխները, գոնջի պես վերք գոյացնել։ Անդրեասն այս մասին ուշ է իմանում և շատ է մտահոգվում քանի որ շահը դա անմիջապես կնկատի և այդպես էլ լինում է։ Շահ Աբասը շատ գոհ է մնում հայերի ընդունելությունից, բայց նկատում է սափրած գլուխներով, հիվանդոտ երեխաներին և դա ընդունում է որպես անարգանք։ Պարզելով հիվանդության արհեստականությունը՝ շահը չափազանց բարկանում է, հրամայում խոստովանել՝ ով է կազմակերպողը։ Անդրեասը մեղքը իր վրա է վերցնում՝ փրկելով բազմաթիվ երեխաների ու հայերի։ Շահ Աբասը նրա առաջ պայման է դնում կա՛մ դառնալ մուսուլման, կա՛մ սպանվել։ Անդրեասի անդրդվելի պահվածքից շահն ավելի է կատաղում և այլևս ոչ ոք չի կարողանում նրա գութը շարժել։ Անգամ Խոջա-Անձրևի կինը՝ Սառա-խաթունը, որին շահը մայր էր անվանում, չի կարողանում մեղմել իրավիճակը։ Այդ ժամանակ գալիս է Անդրեաս երեցի կինը՝ Վարդենը, որին նախքան ամուսնանալը ցանկացել էր հափշտակել Շահռուխը՝ իբր շահի հարեմի համար, և Անդրեասը կանխել էր նրան։ Նա, ամուսնանալով Վարդենիի հետ, որին մինչ այդ սիրահարվել էր, խափանել էր Շահռուխի ծրագրերը։ Շահը տեսնում է գեղեցկուհի Վարդենիին, որը խնդրում է ազատել ամուսնուն, սակայն շահը կանանց էլ է մերժում՝ առաջնորդվելով Շահռուխի խորհուրդներով։ Անդրեասին ամեն օր հանում են հրապարակ, գանահարանքի ենթարկում և տանում։ Երիտասարդ երեցը դիմանում է տանջանքներին։ Այս հանգամանքից փորձում են օգտվել ունիթորները և պապի անունով ազատել Անդրեասին, քանի որ դրանից հետո ժողովուրդը կգնար նրանց հետևից։ Վերջին վայրկյանին, երբ պատրաստվում են կախել երեցին, գալիս են շահի հեծյալները՝ բերելով շահի ներման հրովարտակը։ Սակայն Անդրեասը տխուր է․ նա հեռվից տեսել է Երազմոսին և Չիտտագինիին և հասկացել՝ ինչու է շահը ներել իրեն։ Հրովարտակի ընթերցումից հետո Անդրեասը խնդրում է, որ իրեն թույլ տան խոսել։ Նա հայտնում է, որ նախորդ օրը իրեն այցելել է հայր Երազմոսը՝ առաջարկելով ունիթոր դառնալ, հպատակվել պապին, նա մերժել է նրան, քանի որ դա նույնն է, ինչ դառնալ մուսուլման։ Անդրեասը իր երկար խոսքից հետո պատռում է հրովարտակը։ Դահճապետը դաշույնով իսկույն հարձակվում է նրա վրա։ Այնուհետև նրան կախում են գլխիվայր, որպես մեծ ոճրագործի, որպեսզի նրա տանջանքները երկար տևեն։ Եղելությունն իմանալով՝ կատաղած շահը հրամայում է չամփոփել նրա դին, և այն հինգ օր մնում է դաշտում հսկողության տակ։ Այս ընթացքում շահը հրամայում է հարեմ բերել տեր-Անդրեասի կնոջը։ Շահռուխը դա փորձում է անել մի պառավ թրքուհու միջոցով։ Վարդենին իր մտքում որոշել է վրեժ լուծել Շահռուխից՝ հասկանալով, որ այս ամենը նրա պատճառով է։ Նա ասում է պառավին, որ ինքը կգնա, միայն թե իրեն զինվորական հագուստ ուղարկեն, որպեսզի ծպտյալ դուրս գա տնից ազգակիցներից չքարկոծվելու համար։ Այսպես հիմարացնելով նրանց՝ Վարդենին գնում է Շահռուխի մոտ և դաշույնը խրում պարսիկի կուրծքը՝ անմիջապես սպանելով նրան։ Վարդենին ներկայանում է Ամիրգյունա խանին, խոստովանում իր արածը և ցույց տալիս զինվորական հագուստն ու արյունոտ սուրը։ Խանի խորհրդով նրան տանում են Ցղնա և պատսպարում Խոջա-Անձրևի տանը։ Խանը այս մասին հայտնում է շահին և խորհուրդ է տալիս նրան չգրգռել ժողովրդին, քանի որ եթե մի թույլ կին սպանել է այդ հսկա Շահռուխին, շատ քաջ հայրեր կարող են անել ավելին։ Շահը լսում է նրան և ոչ միայն ներում մանկամարդ տիրուհուն, այլև հրաման տալիս ամփոփել նահատակի մարմինը։ Չցանկանալով հայտնել իրական սպանողին՝ ասում են, որ Շահռուխին սպանել է նրա թիկնապահներից մեկը։ Իսկ Տեր-Անդրեասին հանդիսավորությամբ ամփոփում են ս. Հովհաննես եկեղեցու ս. Ստեփանոս կոչվող խորանի տակ։ Նրան համարում են սուրբ, իսկ նրա շիրիմը ծածկված է մի պարզ տապանաքարով[3]։

Իդեալ հերոս խմբագրել

Անդրեաս երեցը Մուրացանի ռոմանտիկական իդեալ հերոսն է, ով ոչ միայն պատմության սեփականությունն էր, այլև արդիականը, ցանկալին։ Գրողի երևակայության մեջ իդեալական եկեղեցապետությունն էր` բարձր հովիվներով, որոնք ժողովրդի իսկական առաջնորդներն են։ Ահա այս իդեալն էր նա հայտնաբերում պատմության անցյալ դրվագներում։ Անդրեաս երեցը մարդկային առաքինությունների կատարյալ մարմնացում էր։ Նրա գերագույն խորհուրդը ազգի ու հայրենիքի միասնությունն էր, ազգը պահպանելու, ժողովուրդը միավորելու և նրա բարոյական ուժն ու հավատը ամուր պահելու ձգտումը։ Մուրացանը հայադավան եկեղեցու առաքյալներին հակադրում է կաթոլիկ հայերին։ Կաթոլիկ հայր Երազմոսին ամենևին չի մտահոգում ազգի ու հայրենիքի ճակատագիրը։ Ազգի պառակտման գնով ձգտում էին տարածել կաթոլիկ դավանանքը։ Իսկ Անդրեաս երեցը գիտակցաբար գնում է նահատակության` հայրենիքի ու հավատի գաղափարը սրբագործելու համար[4]։ Անդրեասի կերպարն իր մեջ համադրում է հոգևոր ու մարմնավոր ուժ, իմաստնություն, նվիրում, սրբագործված գծեր, որոնք նրան մոտեցնում են միջնադարյան վկայաբանության նահատակին։ Կերպարի ողջ զարգացումը մնում է վկայաբանական կանոնիկության մեջ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ժաննա Բեգլարյան, Մուրացանի «Անդրեաս երեց» պատմավեպի քաղաքական ու դավանաբանական շեշտադրումները (2016). Հայագիտական հանդես 3/33. Երևան. էջ 67. ISBN 1829-0531. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Հայ նոր գրականության պատմություն (1972). Հատոր չորրորդ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. էջեր 167։.
  3. 3,0 3,1 Հատոր 2. Երևան: Էդիթ պրինտ. 2013. էջեր 73–273. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  4. Հայ նոր գրականության պատմություն (1972). Հատոր չորրորդ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. էջեր 168-170։.
  5. Վազգեն Սաֆարյան, Գրողի և կերպարի անհատականությունը (2021). Մուրացան․Նար-Դոս. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 174։.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Անդրեաս Երեց