Անդրեաս Ալեքսանդր Բորջեաս (անգլ.՝ Andreas Alexander Borgeas, մարտի 7, 1974(1974-03-07), Արիզոնա, ԱՄՆ[1][2][3][4]), ամերիկացի իրավաբան, իրավագետ, դասախոս և հանրապետական քաղաքական գործիչ, Կալիֆորնիայի Սենատի անդամ[5][6]։ Սան Խոակին իրավունքի քոլեջի միջազգային և համեմատական իրավունքի պրոֆեսոր[7][8] և Մոնտերեի միջազգային հետազոտությունների Միդլբերյան ինստիտուտի ադյունկտ-պրոֆեսոր, որտեղ դասավանդել է միջազգային անվտանգություն։ Դասավանդել է Չինաստանում և Կենտրոնական Ասիայում[9]։ Ունի Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի կողմից տրված իրավասությունների վկայական։ Լեռնային Ղարաբաղի հանրապետության սահմանադրական հանրաքվեի և ազգային ընտրությունների պաշտոնական քաղաքական դիտորդ էր։ 2009 թվականին նրա նախաձեռնությամբ Էջմիածինը (Հայաստան) և Ֆրեզնոն (Կալիֆորնիա, ԱՄՆ) դարձել են քույր քաղաքներ[10]։ 2000 թվականին դարձել է Կալիֆորնիա նահանգի, իսկ 2001 թվականին՝ Կոլումբիայի շրջանի փաստաբանների կոլեգիայի անդամ[11][12][13][14], ինչպես նաև Ամերիկա-հունական առաջադիմական լուսավորչական միության անդամ (AHEPA)[15]։ Ունի ամերիկյան և հունական քաղաքացիություն[16]։

Անդրեաս Բորջեաս
 
Կուսակցություն՝ Կալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Northern Arizona University?, Հարվարդի համալսարան և Ջորջթաունի համալսարանի իրավունքի կենտրոն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 7, 1974(1974-03-07) (50 տարեկան)
Ծննդավայր Արիզոնա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ borgeas.cssrc.us

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ, ընտանիք և կրթություն խմբագրել

Ծնվել է Հունաստանի Սամոս կղզուց ԱՄՆ ներգաղթած հույների ընտանիքում։ Դպրոցական տարիներին ակտիվորեն ներգրավվել է Ֆինիքսի հունական համայնքի կյանքում, այդ թվում՝ անցել է հունական ուղղափառ Սուրբ Երրորդություն տաճարում եկեղեցական ծառայության և հաճախել հունական դպրոց։ Ակտիվ մասնակցություն է ունեցել երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիայի (YMCA) գործունեությանը։ 11 տարեկանից սկսել է աշխատել։

Ավարտել է Հյուսիսային Արիզոնայի համալսարանը՝ հումանիտար գիտությունների բակալավրի աստիճանով (1996), Հարվարդի համալսարանը՝ հումանիտար գիտությունների մագիստրոսի աստիճանով, Ջորջթաունի համալսարանի իրավունքի դպրոցը՝ իրավունքի դոկտորի աստիճանով[6][17], և «Պանթեոն» համալսարանը՝ միջազգային հարաբերությունների ոլորտում փիլիսոփայության դոկտորի աստիճանով։

Լինելով Ջորջթաունի համալսարանի ուսանող՝ միջազգային իրավունքի գծով ամառային ուսուցում է անցել Աթենքի Կապոդիստրիայի անվան ազգային համալսարանում։

Գործունեություն խմբագրել

Հարվարդի համալսարանն ավարտելուց հետո հաստատվել է Ֆրեզնոյում (Կալիֆորնիա), որտեղ մեկ տարի որպես գրագիր աշխատել է Օլիվեր Վանգերի գրասենյակում։ Վերջինս Կալիֆորնիայի Արևելյան շրջանի դաշնային շրջանային դատարանի դատավորն էր։ Այստեղ էլ ծանոթացել է իր ապագա կնոջ հետ։

Դառնալով Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակակիր՝ կնոջ հետ մեկ տարի շարունակ ապրել է Հունաստանում, որտեղ Եվրոպական ուսումնասիրությունների հունական կենտրոնի հրավիրված գիտաշխատող էր։ Զբաղվել է մի շարք տեղական ծայրահեղական խմբավորումների ուսումնասիրությամբ, որոնցից էր Նոյեմբերի 17-ի նախկին հեղափոխական կազմակերպությունը։

Զբաղվել է մասնավոր փորձաշրջանով, այդ թվում՝ աշխատել է «Luce Forward» իրավաբանական ընկերությունում, որտեղ մասնագիտացել է առևտրային և միջազգային իրավունքի ոլորտում։

Ծառայել է Ղազախստանի ԱՄՆ դեսպանատանը՝ որպես քաղաքական հարցերով աշխատակից, որտեղ զբաղվել է «Ղազախստանի ույղուրների շրջանում իսլամական մարտունակության տարածման» ուսումնասիրությամբ, որը «հատուկ նշանակություն ունի Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ղազախստանի անվտանգության և տնտեսական հարաբերությունների հայեցակարգի ընկալման համար և, ի վերջո, տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմավարական շահերի առաջմղման համար»։

2009-2012 թվականներին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ էր։ 2009 թվականին Բորջեասի նախաձեռնությամբ, որը «Fresno-Armenia Sister City» կոմիտեի հիմնադիրն ու նախագահն էր, Էջմիածինը դարձել է Ֆրեզնոյի քույր քաղաքը[10][18]։ Մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին[19]։

2013-2018 թվականներին Ֆրեզնոյի շրջանի դիտորդական խորհրդի անդամ էր։ Այդ ընթացքում դարձել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական ճանաչման մասին բանաձևի նախաձեռնողը[20]։ 2015 թվականին այցելել է Լեռնային Ղարաբաղ՝ որպես տեղական խորհրդարանական ընտրությունների դիտորդ[21]։

2019 թվականից Կալիֆորնիայի Սենատի անդամ է։

Լինելով Կալիֆորնիայի Սենատում հայկական կոկուսի անդամ[22][23][24] և բազմիցս այցելելով Հայաստան և Լեռնային Ղարաբաղ[25]՝ լոբբինգ է արել Հայաստանի և հայկական Սփյուռքի շահերը Հայոց ցեղասպանության և Արցախյան հակամարտության հարցերում[26][27]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է Աննա Հաջինլյան-Բորջեասի հետ[28]։ Ունեն երկու որդի՝ Ալեկոն (Ալեքսանդրա) և Հարիսը[29][30]։ Բորջեասի կինը ծագումով հայ է, նրա ծնողները ծագումով Սալոնիկ քաղաքից և Ամորգոս կղզուց էին (Հունաստան)[31]։ Բորջեասի ընտանիքն ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ հունական և հայկական համայնքների կյանքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Biography». borgeas.cssrc.us. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  2. «Andre Borgeas». mylife.com.
  3. «Full Biography for Andreas Alexander Borgeas». smartvoter.org. 2012 թ․ հունիսի 5.
  4. «Andreas Borgeas». joincalifornia.com.
  5. «Andreas Borgeas Takes Oath of Office, Begins First Term in State Senate». borgeas.cssrc.us. 2018 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  6. 6,0 6,1 «Andreas Borgeas' Biography». votesmart.org.
  7. «Faculty». sjcl.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  8. «SJCL Welcomes Professor of International Law». sjcl.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  9. «Andreas Borgeas, PhD». uscc.gov.
  10. 10,0 10,1 «City of Fresno Announces Establishment of Sister City Ties with Etchmiadzin». hyesharzhoom.com. 2009 թ․ դեկտեմբերի 1.
  11. «Andreas Alexander Borgeas #211261». calbar.ca.gov.
  12. «Andreas Alexander Borgeas». justia.com.
  13. «More about Our Speaker for August» (PDF). 2016 թ․ օգոստոսի 10.(չաշխատող հղում)
  14. «Andreas Alexander Borgeas Attorney - Fresno, CA -». elawyers.info. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  15. «Fresno Ahepa Chapter #151 News» (PDF). AHEPA. 2013.
  16. Adamopoulos, Penny (2013 թ․ մարտի 31). «West Coast Hellenic Politics: Meet Andreas Borgeas». greeknewsonline.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  17. «Class of 2008: Andreas Borgeas». 40u40.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  18. «Фресно». ejmiatsin.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 10-ին.
  19. «Fresno Community Commemorates Armenian Genocide At City Hall». asbarez.com. 2010 թ․ մայիսի 6.
  20. Անդրեաս Բորգեասը Ղարաբաղում ընտրություններին կներկայանա որպես դիտորդ Ֆրեզնոյից
  21. Castillo, Andrea (2015 թ․ մարտի 31). «Fresno County Supervisor Andreas Borgeas to observe upcoming Nagorno Karabakh elections». fresnobee.com.
  22. «Select Committee on California, Armenia and Artsakh Mutual Trade, Art and Cultural Exchange». senate.ca.gov.
  23. «State Senate Select Committee on Calif., Armenia and Artsakh Exchange Reauthorized». aravot-en.am. March 15,2019.
  24. «State Senate Select Committee on California, Armenia and Artsakh Mutual Trade, Art and Cultural Exchange Reauthorized». senate.ca.gov. March 14 2019.
  25. «ANCA Western Region». Армянский национальный комитет Америки.
  26. «SR31». trackbill.com.
  27. «California Armenian Legislative Caucus Welcomes New Members». asbarez.com. 2019 թ․ հունիսի 5.
  28. «Anna Hadjinlian Borgeas». LinkedIn.(չաշխատող հղում)
  29. «Full Biography for Andreas Borgeas». smartvoter.org. 2008 թ․ հունիսի 3.
  30. «Anna Borgeas». mylife.com.
  31. «Asbarez Armenian News: ANCA Central California and City of Fresno Mark Genocide Centennial». costa.house.gov. 2015 թ․ ապրիլի 28.