Ամերիկյան նպաստամատույց վարչություն
Ամերիկյան նպաստամատույց վարչություն (անգլ.՝ American Relief Administration; ARA), կազմակերպություն, որ հիմնել է ԱՄՆ-ի կոնգրեսը 1919 թվականի փետրվարին, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տուժած բնակչությանը օգնություն ցույց տալու նպատակով։ Ղեկավարն էր Հ. Հավերը։
Ամերիկյան նպաստամատույց վարչություն | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հապավում | ARA |
Հիմնադրված | 1919 |
Լուծարված | 1923 |
Պատմություն
խմբագրելԿոնգրեսը 100 միլիոն դոլար է հատկացրել օժանդակելու Եվրոպայի ժողովուրդներին, ինչպես նաև «ներկայիս կամ անցյալին Փոքր Ասիայի մեջ Թուրքիայի հպատակ հայերին, սիրիացիներին, հույներին և այլ քրիստոնյա ու հրեա ազգաբնակչությանը»։
Հավերի Հայաստանին ուղարկված առաջին նավը Բաթում է հասել 1919 թվականի ապրիլին, մինչև օգոստոսի վերջը տեղ է հասել ևս 7 նավ։ Հայաստանի կառավարությունը իր ստացած յուրաքանչյուր նավի ապրանքների դիմաց ստորագրել է պարտամուրհակ։ Ըստ հրապարակված վերջնական տվյալների, Ամերիկյան նպաստամատույց վարչությունը Հայաստան է ուղարկել 50, 6 հազար տոննա ապրանք (ալյուր, սերմացու ցորեն, խտացրած կաթ, սիսեռ, բրինձ, շաքար, օճառ և այլն)՝ 10, 6 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։
Հայաստանի համար նախատեսված ոչ բոլոր ապրանքներն են, որ բաշխվել են հանրապետությունում. ալյուրը բաժանվել Է Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում ապրող հայերին, իսկ որոշ մթերքներ տրվել են վրացական և ադրբեջանական կառավարություններին՝ տարանցիկ արտոնությունների և նավթի դիմաց, ինչպես նաև որպես ամերիկյան բարի կամքի արտահայտություն։
Կոնգրեսի 100 միլիոն դոլար հատկացումը սպառվել է 1919 թվականի ամռանը, որից հետո Ամերիկյան նպաստամատույց վարչության՝ Անդրկովկասում ունեցած ապրանքներն ու ինչքը փոխանցվել են "Near East Relier («Օգնություն Մերձավոր Արևելքին») կազմակերպությանը։ Մինչև Ամերիկյան նպաստամատույց վարչության ստեղծումը, Հայաստանին ամերիկյան օգնություն է եկել ոչ կառավարական կազմակերպության՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի միջոցով։
Կոմիտեն մեկ տարվա ընթացքում հանգանակել է 20 միլիոն դոլար. 1919 թվականին Ամերիկյան նպաստամատույց վարչությունը և Ամերկոմը Հայաստան են ուղարկել 83964 տոննա ապրանք՝ 20231000 դոլար արժողությամբ։ Այս օգնությունը բավարար էր, որպեսզի հաղթահարվեր 1915 թվականի Մեծ եղեռնի և թուրքերի ավերումների հետևանքով արևելյան Հայաստանի զգալի մասում առաջացած աղետը՝ սովը։
Գրականություն
խմբագրել- Harold Fisher, Famine in Soviet Russia 1919 1923 the Operation of the American Relief Administration, Publisher: Ayer Co Pub (June 1971), ISBN 0-8369-5650-8, ISBN 978-0-8369-5650-4
- Поляков А. А. Диверсия под флагом помощи. — Политиздат, 1985.
- Деятельность АРА в статьях Нью-Йорк Таймс(անգլ.)
- В. Т. Макаров, B. C. Христофоров Новые данные деятельности Американской администрации помощи (АРА) в России // Новая и новейшая история. — 2006. — № 5. — ISSN 0130-3864. Архивировано из первоисточника 5 Հոկտեմբերի 2009.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 666)։ |