Ամերիկյան հայկական թանգարան

Կալիֆոռնիայի ամերիկյան հայկական թանգարան և մշակութային կենտրոն, թանգարան, որ գործելու է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում՝ նվիրված լինելով ամերիկահայերի պատմության և մշակույթի պահպանմանը։ Նախատեսված է թանգարանը բացել 2024 թվականի ամռանը։ Նրա գործունեության ուղղություններից մեկն էլ լինելու է ուսումնասիրել հայոց պատմությունը ամերիկահայ ժամանակակից մշակույթի հետ մեկտեղ։

Պատմություն խմբագրել

2014 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների պլանավորման ժամանակ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կոմիտեի ԱՄՆ-ի արևմուտքի մասնախումբը (AGCC – WUSA) հանդիպեց Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի պաշտոնյաների հետ` քննարկելու թանգարանի հիմնադրման հարցը[1]։

2015 թվականին կազմվեց թանգարանի հոգաբարձուների խորհուրդը, որը ծրագրի կառավարումը վստահել է տասը ամերիկահայ մշակութային, բարեգործական և կրոնական ոչ առևտրային կազմակերպությունների։ Հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Հայ կաթողիկե թեմը, Հայ մշակութային հիմնադրամը, Հյուսիսային Ամերիկայի հայ ավետարանական միությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միության Արևմտյան շրջանը, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայ օգնության միության Արևմտյան ԱՄՆ-ի մասնախումբը, Նոր օր բարեգործական հիմնադրամը, Նոր Սերունդ մշակութային միությունը, Հայոց Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը և հայ առաքելական եկեղեցու արևմտյան առաջնորդարանը[2]։

Կալիֆորնիայի ասամբլեայի անդամ Լորա Ֆրիդմանը թանգարանի կառուցման համար 3 միլիոն դոլար է ապահովել 2017-2018 թվականների պետական բյուջեում, որը ստորագրել է նահանգապետ Ջերի Բրաունը[3]։

2018 թվականին Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է թանգարանի նախագիծը և քաղաքապետարանին հանձնարարել բանակցել Կենտրոնական զբոսայգում թանգարանին տարածք հատկացնելու նպատակով հողի վարձակալության վերջնական համաձայնագրի շուրջ[4]։

Կալիֆորնիացի սենատոր Էնթոնի Պորտանտինոն, ով համագործակցում էր նահանգապետ Գևին Նյուսոմի գրասենյակի հետ՝ նահանգային պաշտոնյաներին և գործընկերներին ծրագրի պատմական նշանակության մասին իրազեկելու համար, շնորհակալություն հայտնեց նահանգապետին՝ թանգարանի շինարարության ֆինանսավորմանը Կալիֆոռնիայի 2022-2023 թվականների պետական բյուջեով ևս 10 միլիոն դոլարի նոր հատկացում կատարելու համար[5]։

Ճարտարապետություն խմբագրել

Մոտ 60,000 քառակուսի ոտնաչափ տարածքով թանգարանը նախագծվել է Գլենդելի Ալաջաջյան-Մարկուսի ճարտարապետական ընկերության կողմից։ Առատորեն փորագրաքանդակված ճակտոնին տեղ են գտել ինչպես Արարատ լեռը, այնպես էլ Գլենդել քաղաքը շրջապատող Վերդուգո լեռները։ Երկհարկանի թանգարանը կունենա նաև փակ դահլիճ և ցուցադրական սրահ[6]։

Թանգարանային կամպուս խմբագրել

2019 թվականին Գլենդելի քաղաքային խորհուրդը հավանության արժանացրեց Կենտրոնական զբոսայգու տարածքում 18,5 միլիոն ամերիկյան դոլար ծախսով կառուցվելիք թանգարանի նախագիծը։ Ընդ որում՝ զբոսայգին որոշակի վերափոխումների է ենթարկվելու՝ թանգարանին հարմարեցվելու համար։

Թանգարանի հիմնադրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսին[7]։

2022 թվականի նոյեմբերին նշվել է շինարարության առաջին փուլի ավարտը. այդ փուլը ներառել է ավտոկայանատեղին, ավտոտնակը և շենքի հիմքը[8]։

Ցուցանմուշներ խմբագրել

 
Օսմանյան ռազմական ուժերը Խարբերդից հայ տղամարդկանց երթով տեղափոխում են քաղաքից դուրս գտնվող մահապատժի վայր (1915թ. մարտ-1915թ. հունիս):

Թանգարանի ցուցանմուշների ձեռքբերման ժամանակաընթացքում գործադիր նախագահ ՊերՃ Կարապետյանը հայտարարեց, որ «Հայոց մշակույթն ու պատմությունը լինելու են ուշադրության կենտրոնում, սակայն մենք նախատեսում ենք ներկայացնել նաև Կալիֆոռնիայում ապրող այլ ազգերի։ Հայ-ամերիկյան թանգարանը լինելու է հայկական ինքնությունը ներկայացնող կենտրոն և մշակութային համագործակցության կարևոր օղակ»[9]։

Թանգարանի մշտական ցուցադրանքի ապահովման կոմիտեն ներառում է գիտնականներ UCLA-ի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնից, USC Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտից, CSUN հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնից և USC Shoah հիմնադրամից[10]։

Հայոց ցեղասպանություն խմբագրել

Բանավոր պատմությունները, ներառյալ ցեղասպանությունը վերապրածների պատմությունները, կարևոր նշանակություն կունենան հայոց պատմությունը ներկայացնելու համար, ասել է USC Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի փոխտնօրեն և թանգարանի մշտական ցուցադրանքի հանձնաժողովի անդամ Շուշան Կարապետյանը։ Հավանաբար կներառվեն նաև վերապրածների հարցազրույցները, որոնք պահպանվել են USC Shoah Foundation-ի կողմից։ «Շոա» հիմնադրամի կրթության և իրազեկման մասնագետ և թանգարանի մշտական ցուցադրանքի հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Սեդա Անթեքելյանը նշել է, որ ներառվելիք բանավոր պատմությունները, կարող են առիթ դառնալ բարձրաձայնելու ավելի արդի խնդիրներ, ինչպես, օրինակ, ամերիկահայերի երկակի ինքնությունը[11]։

Կառավարում խմբագրել

Գործադիր թիմ խմբագրել

Գործադիր թիմը ապահովում է առաջնորդություն, ռազմավարական պլանավորում և գործառնական աջակցություն՝ առաջ մղելու հայ-ամերիկյան թանգարանի առաքելությունն ու տեսլականը[12]։ Նրա կազմում ընդգրկված են՝

  • Պերճ Կարապետյանը (գործադիր նախագահ)
  • Զավեն Կազազյանը (գործադիր փոխնախագահ)
  • Շանթ Սահակյանը (գործադիր տնօրեն)

Հոգաբարձուների խորհուրդ խմբագրել

Հայ-ամերիկյան թանգարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է տասը ամերիկահայ մշակութային, բարեգործական և կրոնական շահույթ չհետապնդող կազմակերպություններից, որոնք համախմբվել են ընդհանուր գործի համար՝ ստեղծելու նշանակալի կենտրոն, որը կծառայի ողջ համայնքին[13]։

Համայնքի ներգրավվածություն խմբագրել

Երիտասարդ մասնագետների հանձնաժողով խմբագրել

2022 թվականին թանգարանը գործարկեց իր Երիտասարդ մասնագետների կոմիտեն՝ թանգարանի առաքելությունը խթանելու և երիտասարդ մասնագետներին ակտիվորեն ներգրավելու նպատակով[14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Centennial Committee Begins Process for Building Museum in California». 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  2. «Armenian American Museum announces historic groundbreaking in summer 2021». Armenian Weekly. 2021 թ․ հունվարի 26. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «California Assembly Member Friedman Welcomes Armenian Genocide Museum Funding». Armenian National Committee of America. 2017 թ․ հունիսի 16. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Steven Sharp (2018 թ․ ապրիլի 24). «Glendale City Council Approves Armenian American Museum Design». Urbanize LA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Gov. Newsom Signs Budget With $10 Million For Armenian American Museum». Armenian Weekly. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. Jonathan Hilburg (2018 թ․ ապրիլի 25). «Armenian American Museum moves forward after Glendale City Council vote». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. Steven Sharp (2021 թ․ հուլիսի 7). «Armenian American Museum to break ground on July 11». Urbanize LA. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. «First Phase of Armenian American Museum Construction Completed». Asbarez. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Armenian American Museum being built in Glendale starts process of acquiring exhibits». Armenpress. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  10. «Permanent Exhibition Committee». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  11. Leslie Berestein Rojas (2022 թ․ ապրիլի 20). «Here's An Early Look At LA's Future Armenian American Museum». LAist. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.
  12. «Executive Team». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  13. «Board of Trustees». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  14. «Armenian American Museum Launches Young Professionals Committee». Asbarez. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 19-ին.