Ամերիկահայ ազգային խորհուրդ
Ամերիկահայ ազգային խորհուրդ, ստեղծել են ամերիկահայերը 1944 թվականի մարտի 19-ին, Նյու Յորքում՝ հակաֆաշիստական պայքար կազմակերպելու, 1939-1945 թվականների Հայրենական պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանին զորավիգ կանգնելու նպատակով։
Ամերիկահայ ազգային խորհուրդ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1943 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Ստեղծման պատմություն
խմբագրելԵրկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին արտերկրում ապրող հայերին համախմբելու նպատակով բարձրացվում է Արևմտյան Հայաստանը Խորհրդային Հայաստանին միացնելու հարցը։ Քանի որ միջազգային վիճակը պատերազմի հետևանքով բարվոք չէր և Թուրքիան իրեն չեզոք ձևացնելով վարում էր հակախորհրդային քաղաքականություն, Սփյուռքում ձևավորում և լայն տարածում է գտնում «ազգային ուժերի միասնության» գաղափարը։ Ստալինգրադի ճակատամարտից հետո սփյուռքահայերը ակտիվ միջոցների դիմեցին հայկական հողերի հարցը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։ 1943 թվականի հոկտեմբերի 8-ից սկսած՝ ԱՄՆ-ում գործող Հայկական դեմոկրատական լիբերալ կուսակցության և Ամերիկայի հայկական առաջադիմական լիգայի անդամների կողմից ստեղծվեցին ազգային խորհուրդներ։
Առաջինը ձևավորվեց Ամերիկահայ ազգային խորհուրդը 1944 թվականի մարտի 19-ին՝ Հայկական դեմոկրատական լիբերալ կուսակցության, Ամերիկայի հայկական առաջադիմական լիգայի և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամներից։ Խորհրդի առաջին նաագահը Պետրոս Թերզյանն էր, հետագայում Նշան Շահինյանն ու Ջեմս Չանգալյանը։ Սկզբում խորհուրդն ուներ ինն անդամ՝ յուրաքանչյուր կուսակցությունից երեքական մասնակից, իսկ հետո ընդգրկվել են ևս քսան հայրենակցական կազմակերպություններ։ Խորհուրդը բացել էր շուրջ հիսուն մասնաճյուղ ԱՄՆ-ի տարբեր շրջաններում։
Ամերիկահայ ազգային խորհրդի քաղաքական ծրագիրը հաստատվել է 1944 թվականի մարտի վերջերին։ Դրա նպատակն էր համերաշխություն և համագործակցություն ստեղծել գաղութի ներսում, աշխատել հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար, «դաշնակիցներին օգնել պատերազմական ջանքերում», «կազմակերպել ձեռնարկներ և օգնել ձեռնարկներու՝ ի նպաստ Սովետ Միության և Սովետ Հայաստանի», «պաշտպանել տարագիր հայերու իրավունքները հարկ եղած բոլոր միջոցներով և աշխատել՝ ի խնդիր անոնց հայկական հողին վրա վերաբնակեցման»։
Ամերիկահայ ազգային խորհուրդը դարձավ այն ուժը, որ միավորեց հայկական աշխարհասփյուռ բոլոր կազմակերպություններին և ստանձնեց դրանց կառավարման ղեկը[1]։
Գործունեություն
խմբագրելԽորհուրդը 1945 թվականի սկզբին կարծում էր, որ Հայկական հարցի լուծմանը կարող է նպաստել Ազգերի լիգային փոխարինող Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) և այդ նկատառումով պատվիրակություն է ուղարկվել 1945 թվականի ապրիլի 25-ից հուլիսի 26-ը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող ՄԱԿ-ի առաջին վեհաժողովի աշխատանքներին ներկա գտնվելու համար։ Մայիսի 2-ին ամերիկահայ գործիչները հանդիպել են ՄԱԿ-ում Խորհրդային Միության պատվիրակության հետ և հայտարարել, որ հայկական հողերի վերադարձման խնդիրը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական հարց է։ Խորհուրդը ՄԱԿ-ում ճանաչվել է որպես «ամերիկյան ազգային կազմակերպություն» և դիտողի կարգավիճակով մասնակցել վեհաժողովի շրջանակներում կազմակերպված ֆորմալ և ոչ ֆորմալ հանդիպումներին, կապեր հաստատել տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, մամուլի և ռադիոյի ներկայացուցիչների հետ, ֆինանսավորել ԽՍՀՄ-ի, Ուկրաինայի և Բելոռուսիայի պատվիրակությունների պատվին կազմակերպված ճաշկերույթը։
Ամերիկահայ ազգային խորհրդի ամենանշանակալից քայլը ամերիկաբնակ հայերի անունից ՄԱԿ-ին ներկայացրած «Հայ ժողովրդի գործը» պատմական հուշագիրն է։ 1945 թվականի մայիսի 7-ին խորհուրդը կազմակերպությանը հղել է մեկ այլ հուշագիր` «Հայկական հարցի առթիվ» վերնագրով, որը ստորագրել է Հայաստանի առաջին հանրապետության վարչապես Սիմոն Վրացյանը։
«Հայ ժողովրդի գործը» հուշագրում պահանջվում էր հայկական հողերի միացումը ազատ, անկախ, գոյություն ունեցող Խորհրդային Հայաստանի Հանրապետությանը և արտասահմանում ապրող ու Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող հայերի վերադարձը հայրենիք։ Հիշեցվում է, որ դաշնակիցները Առաջին աշխարհամարտից հետո հայերին խոստացան հայկական տարածքների ազատագրում, իսկ ԱՄՆ-ի նախագահ Վ. Վիլսոնը որոշեց անկախ Հայաստանի սահմանները, որը չիրագործվեց։ Հուշագրում նշվել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերը կրկին ապացուցել են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի գործերին և ժողովրդավարությանը։ Վերջում ասվում է, որ հասել է ժամանակը, որպեսզի թուրքական տիրապետության տակ գտնվող հայկական նահանգները միացվեն Խորհրդային Հայաստանին` հույս ունենալով, որ գոնե այս անգամ հայ ժողովուրդը խաղալիք չի դառնա «ուժի քաղաքականության միջազգային շախմատային տախտակի վրա»։ Այս հուշագիրը մեծ արձագանք է ունեցել ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում։ Այն տպագրվել է «Սովետական Հայաստան» թերթում։
ՄԱԿ-ին ներկայացված այս հուշագրերից բացի, հայկական ազգային խորհուրդները խնդրագրեր են ուղարկել մի քանի վեհաժողովների։ 1945 թվականի հուլիս 17-ին Ամերիկահայ ազգային խորհուրդը Հայկակն հարցը Պոտսդամի խորհրդաժողովի օրակարգում ընդգրկելու համար Հայկական ազգային կոմիտեի պես փաստաթուղթ է ներկայացրել Մեծ տերությունների առաջնորդներին։ Ավելի ուշ` 1945 թվականի սեպտեմբերի 15-ին խորհուրդը նույնաբովանդակ հեռագիր է հղել նաև Լոնդոնում գումարված Մեծ տերությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ Հեռագիրը լայն արձագանք է ստացել ինչպես անգլիական, այնպես էլ ֆրանսիական ու ամերիկյան մամուլում։
Ամերիկահայ ազգային խորհուրդը չի բավարարվել միայն վերոհիշյալ հուշագրերի, հեռագրերի առաքմամբ։ Խորհրդային Հայաստանի իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով 1945 թվականի ամռանը Պետրոս Թերզյանի, Պատրիկ Սելյանի և հայրապետ Ջիմ Չանքալյանի ղեկավարությամբ պատվիրակություն է եկել հայրենիք։ Հետո` 1945 թվականի հոկտեմբերի 17-ին, որբ պատվիրակությունն արդեն վերդարձել էր ԱՄՆ, Նյու Յորքի «Ջորջ Վաշինգտոն» հյուրանոցում մամուլի ասուլիս է հրավիրել ու ներկայացրել իր տպավորությունները` հայտնելով, որ Խորհրդային Հայաստանի կառավարությունը ևս պաշտպանում է Թուրքիային ներկայացրած իրենց պահանջները։ Բացի այդ տեղեկացրել են, որ Խորհրդային Հայաստանի կառավարության վերահսկողությամբ երկրի բնակչության շրջանում անցկացվում են հանդիպումներ ու զրույցներ, որոնց ընթացքում ներկայացվում-պարզաբանվում են սփյուռքահայության կողմից թուրքական իշխանության ներքո գտնվող հայկական հողերի վերադարձման պահանջի մասին հուշագրերը։
Ամերիկահայ ազգային խորհուրդը, օրինակ, Սենատում ի նպաստ հայկական դատի հավաքել է 20 հազար ստորագրություն։ Միաժամանակ ստեղծվել է հայերի իրավունքների պաշտպանության հանձնախւմբ` սենատոր Սմիթի նախագահությամբ։ Վերջինիս կից կազմավորվել է «Հայերի իրավունքների պաշտպանության ամերիկյան կոմիտեն»։ Ամերիկահայ ազգային խորհրդի նախաձեռնությամբ 1947 թվականի ապրիլի 30-ից մայիսի 6-ը Նյու Յորքում կայացել է «արդարություն հայերի համար» կոչը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մելքոնյան, Քրիստինե. «Սփյուռքահայությունը և Հայկական հարցի լուծման խնդիրը (1945-1947 թթ.)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 282)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |