Ահարոն Եդեսիացի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են, Ուռհա), 12-13-րդ դարերի հայ բժիշկ, ով համարվում է բժշկական մի ամբողջ դինաստիայի հիմնադիր։

Ահարոն Եդեսիացի
Ծնվել էՈւռհա
Մասնագիտությունգիտնական

Կյանք և գործունեություն խմբագրել

Ահարոնի կենսագրության մասին շատ քիչ բան է հայտնի։ Նա ծնունդով եղել է Եդեսիա քաղաքից։ Ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են, սակայն հիմնական գործունեությունը թվագրվում է 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի սկզբին։ Ամիրդովլաթ Ամասիացին իր «Անգիտաց անպետ» աշխատության մեջ հիշատակում է Ահարոնին և նրա սերունդներին՝ որդիներ Ստեփանոսին և Չոշլինին, ինչպես նաև Հակոբին, Սարգիսին, Դեղինին, Սիմավոնին և Վահրամին՝ նրանց դասելով Մխիթար Հերացու հետ միևնույն հարթության վրա։ Ամիրդովլաթ Ամասիացին նշել է, որ վերջիններս «գրել են բազմաթիվ գրքեր դեղերի ազդեցության և օգտական հատկությունների մասին»[1][2][3]։ Այս սերնդի գործունեությունը, ամենայն հավանականությամբ, կապված է եղել կիլիկյան բժշկական դպրոցի հետ[1]։

Չնայած հայկական բժշկական դասագրքերում առկա հիշատակություններին (ընդհուպ մինչև 17-րդ դար), Ահարոնի և նրա հաջորդների աշխատություններից և որևէ մեկն ամբողջությամբ չի պահպանվել։ Մինչ մեր օրերը հասել են Ստեփանոս բժշկի «Ծաղիկ» բժշկական աշխատության որոշ հատվածներ, որոնք ավելի ուշ շրջանի հայ բժիշկներ, մասնավորապես Ասար Սեբաստացին, ներառել են իրենց աշխատությունների մեջ։ Այդ հատվածներում պահպանվել են Ահարոնի հեղինակային մի քանի բաղադրատոմսեր, որոնք վերաբերում են բժշկության տարբեր ուղղություններին՝ խոցի բուժում, ականջի ինֆեկցիոն վարակում, ճողվածքի բուժում և այլն[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Варданян С. А. Медицина в древней и средневековой Армении. — Ер.: Советакан грох, 1982. — С. 37. — 58 с.
  2. Варданян С. А.Опыт армянской народной и классической медицины в рукописных лечебниках X-XV вв.(չաշխատող հղում) Москва — 1992
  3. Памятные записи армянских рукописей XV века. Часть третья (1481—1500 гг.) / сост. Л. Хачикян. — изд-во АН АрмССР, 1967. — С. 24.
  4. Карапетян Д. М. Фрагменты неизвестных работ армянских врачей XII—XIV вв. // Историко-филологический журнал АН АрмССР. — 1979. — № 4. — С. 272—277.