Ահաբեկչություն Աթենքում (1968)

Ահաբեկչություն Աթենքում 1968 թվականին, Աթենքի «Էլինիկոն» օդանավակայանում 1968 թվականի դեկտեմբերի 26-ին Էլ-Ալ ավիաընկերության ինքնաթիռի վրա գնդակոծություն Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի զինյալների կողմից։ Ահաբեկչության արդյունքում սպանվել է 1 ուղևոր և ծանր վիրավորվել բորտուղեկցորդուհին։

Ահաբեկչություն Աթենքում
OrlyAirport1965-Boeing707-EL-AL.jpg
Տեսակահաբեկչական ակտ
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Տարեթիվդեկտեմբերի 26, 1968
ԶենքԱԿ-47 և Նռնակ
Զոհվածներ1
Վիրավորներ1

ՆախապատրաստումԽմբագրել

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատը (ՊԱԺՃ) Պաղեստինի ազատագրման կազմակերպության կազմում առավել արմատական ահաբեկչական խմբավորումներից մեկն էր։ Այսպիսով, ՊԱԺՃ–ը դարձավ պատմության առաջին կազմակերպությունը, որը սկսեց քաղաքացիական ինքնաթիռների գրավումը պատանդներով։ ՊԱԺՃ–ի հիմնադիր Ժորժ Հաբաշը համարում էր٫ որ հարկավոր է ուժով հասնել պաղեստինյան պետության ստեղծմանը և դեմ էր Իսրայելի հետ բանակցություններին[1]։

1968 թվականի դեկտեմբերի 26-ին ժամը 11։30֊ին ՊԱԺՃ֊ի զինյալները՝ 19–ամյա Մահեր Հուսեյն Յամանին և 25–ամյա Մահմուդ Մոհամմադ Իսսան, «Էյր Ֆրանս» ավիաընկերության օդանավով Բեյրութից ժամանեցին Աթենք։ Քանի որ այդ տարիներին ուղևորների և ուղեբեռների ամբողջական ստուգման կանոններ չկային, նրանք կարողացան երկար բաճկոնների տակ աննկատ անցկացնել Կալաշնիկովի ինքնաձիգներ։ Պայուսակներում նրանք ունեին 63 ձեռքի նռնակ և լրացուցիչ պահեստատուփեր[2]։

Աթենքի օդանավակայանում այդ պահին գտնվում էր Էլ Ալ ավիաընկերության Բոինգ 707 օդանավը, որն ուղևորվում էր № 253 չվերթով՝ Թել–Ավիվ֊Աթենք֊Փարիզ֊Նյու Յորք ուղերթով։ Հարձակման պահին օդանավում գտնվում էր 37 ուղևոր և անձնակազմի 11 անդամ[3]։

Ահաբեկիչներն ուղևորների հետ նստեցին ավտոբուս՝ ուղևորվելով օդանավ, իսկ թռիչքուղի ժամանելուն պես աննկատ թաքնվեցին օդանավակայանի տեխնիկական մեքենաների ետևում[3]։

ՀարձակումԽմբագրել

Այն ժամաակ, երբ ինքնաթիռը սկսեց շարժվել թռիչքուղում, ահաբեկիչները 6 մետր հեռավորությունից կրակ բացեցին ֆյուզելյաժի վրա։ Այնուհետև նրանցից մեկը մի քանի ձեռքի նռնակներ նետեց ինքնաթիռի թևերի տակ[3]։

Փամփուշտներից մեկը դիպավ 50֊ամյա ուղևորի գլխին, որը ծովային ճարտարագետ Լեոն Շիրդանն էր Հայֆայից։ Ստացած վնասվածքից գրեթե ակնթարթորեն մահացել է[3]։

Նռնակների պայթյուններից ինքնաթիռի շարժիչներից մեկն այրվեց։ Կրակը սկսեց տարածվել ֆյուզելյաժում[3]։ Բորտուղեկցորդուհի Հանի Շապիրան բացեց ելքի դուռը, որպեսզի ճանապարհ բացի ուղևորների տարհանման համար և հայտնվեց հրազենային կրակի տակ։ Փամփուշտներից մեկը փշրեց ազդրը, մյուսը վնասեց թոքը[4]։

Ուղևորների մի մասը կրակից փրկվելու համար ցատկեց ուղիղ բետոնե հարթակի վրա, սակայն բոլորն էլ ողջ մնացին[4]։

Գնդակոծությունը շարունակվեց 20 րոպե, որի ընթացքում ահաբեկիչները սպառեցին գրեթե ամբողջ զինամթերքը[4]։

ՀետևանքներԽմբագրել

Հունաստանի ոստիկանները, վազելով թռիչքուղի, ձերբակալեցին ահաբեկիչներին, որոնք, տեսնելով ոստիկաններին, վայր դրեցին զենքերը, սակայն ձերբակալության ժամանակ ֆիզիկական դիմադրություն ցույց տվեցին[4]։

Ահաբեկչությունից անմիջապես հետո ՊԱԺՃ–ի ներկայացուցիչները հանդես եկան երկու արաբական ռադիոկայաններից٫ որոնք հեռարձակվում էին Բեյրութից և Կահիրեից: Նրանք ստանձնեցին հարձակման պատասխանատվությունը և հունական իշխանություններից պահանջեցին անհապաղ ազատ արձակել կալանավորներին և հնարավորություն տալ ազատորեն հեռանալ երկրից՝ սպառնալով նոր հարձակումներ մերժելու դեպքում[4]։ Միջադեպը հանրային-քաղաքական լայն հնչեղություն ստացավ, և այդպիսով ահաբեկիչները հասան իրենց նպատակին։ Ըստ ահաբեկիչ Լեյլա Հալեդի՝ այս կերպ ՊԱԺՃ-ն փորձում էր համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել պաղեստինյան խնդրի վրա[5]։

Այս ահաբեկչական հարձակումից հետո Իսրայելի կառավարությունը որոշեց պատասխան ահաբեկման ակցիա կազմակերպել[5]։ Այն տեղի ունեցավ 1968 թվականի դեկտեմբերի 28-ին Բեյրութի օդանավակայանում, երբ իսրայելական հատուկ ուժերի կողմից ոչնչացվեց արաբական ավիաընկերությունների 13 ուղևորափոխադրող ինքնաթիռ[6]:

1970 թվականի մարտին Հունաստանի դատարանը Յամանին և Իսսային դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: Սակայն 1970 թվականի վերջին նրանք ազատ արձակվեցին, երբ 6 ահաբեկիչներ գրավեցին «Օլիմպիկ Էյրուեյս» ավիաընկերության հունական ինքնաթիռը՝ սպառնալով պայթեցնել այն, եթե Յամանին և Իսսան ազատ չարձակվեն։[7][8]

1987 թվականին Իսսան իր կնոջ և երեք երեխաների հետ կարողացավ մուտք գործել Կանադա, որպես օրինական ներգաղթյալ, խաբելով համապատասխան ծառայություններին: 1988-2013 թվականներին Կանադայի կառավարությունը փորձում էր Իսսային արտաքսել, սակայն 25 տարի նա հաջողությամբ բողոքարկում էր արտաքսման բոլոր որոշումները։ Արտաքսման վերաբերյալ վերջնական որոշում կայացվեց 2013 թվականին․ Իսսան արտաքսվեց Կանադայից և ուղարկվեց Լիբանան[9][10][11]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Скончался основатель НФОП Джордж Хабаш»։ Би-би-си։ Վերցված է 2014-11-27 
  2. Брасс, 2007, էջ 9
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Брасс, 2007, էջ 10
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Брасс, 2007, էջ 11
  5. 5,0 5,1 Брасс, 2007, էջ 13
  6. Marius H. Livingston, Lee Bruce Kress, and Marie G. Wanek, eds., International Terrorism in the Contemporary World (Westport, CT: Greenwood Press, 1978), page 160
  7. Пайпс Д.։ «Иммиграционный хаос в Канаде, Махмуд Мохаммад и Я»։ danielpipes.org։ Վերցված է 2014-11-22 
  8. Steve Brown.։ «Canadian Immigration Laws Allow Convicted Terrorist and Killer to Make Home in Ontario» (անգլերեն)։ Fox News։ Վերցված է 2014-11-30 
  9. Becker B.։ «Convicted terrorist Mahmoud Mohammad Issa Mohammad was finally removed from Canada in 2013 but not before he claimed in an appeal that he would suffer “cruel and unusual” punishment if sent back to his native Lebanon since the health-care system there was not as good as in Canada» (անգլերեն)։ Ottawa Citizen։ Վերցված է 2014-11-27 
  10. Stewart Bell.։ «Canada finally deports Palestinian terrorist Mahmoud Mohammad Issa Mohammad» (անգլերեն)։ National Post։ Վերցված է 2014-11-27 
  11. «Mahmoud Mohammad Issa Mohammad Loses 26-Year Deportation Battle» (անգլերեն)։ The Huffington Post։ Վերցված է 2014-12-15 

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել