Ականջաբորբ, (հին հունարեն՝ οὖς, ὠτός՝ ականջի մեջ) տարբերում են արտաքին և միջին ականջաբորբ, իսկ ներքին ականջի բորբոքումն անվանում են լաբիրինթաբորբ։

Ականջաբորբ
Սուր միջին ականջաբորբ
Տեսակգլխի և պարանոցի հիվանդություն, վարակիչ հիվանդություն և ախտանիշ կամ նշան
ՀՄԴ-9380.10

Տեսակներ խմբագրել

Արտաքին ականջաբորբ խմբագրել

 
Արտաքին ականջաբորբ

Արտաքին ականջաբորբ առաջանում է միկրոօրգանիզմներն արտաքին լսողական անցուղու վնասված մաշկի վրա ընկնելուց։ Դրան նպաստում են սանրվելուց, միջատների խայթոցից առաջացած վնասվածքները, այրվածքները, ցրտահարությունը, մատներով, ծամկալով և այլ առարկաներով ականջը քչփորելը։ Արտաքին ականջաբորբի հիմնական ախտանշանը քորն է։ Ականջն ուժեղ ցավում է միայն սեղմելիս, լսողությունը քիչ է տուժում։ Բուժումը նշանակում է բժիշկը, բայց որոշ բուժարարողություններ կարող է կատարել ինքը՝ հիվանդը։ Անհրաժեշտ է լավ հիգիենային խնամք՝ ականջից հեռացնել թարախը, լվանալ վարակազերծող հեղուկներով, արտաքին լսող, անցուղու մաշկին հականեխիչ խառնուրդով յուղ կամ վազելին քսել։ Արտաքին ականջաբորբ կարող է կրկնվել, հատկապես, երբ հիվանդը քորելիս քերծում է մաշկը։

Միջին ականջաբորբ խմբագրել

Միջին ականջաբորբ լինում է սուր և քրոնիկական։ Միջին ականջի սուր բորբոքումը ավելի հաճախ է հանդիպում հատկապես մանկական տարիքում։ Հիվանդության ընթացքը ծանր է, ուղեկցվում է ականջի ուժեղ ցավով, բարձր ջերմությամբ, լսողության զգալի թուլացմամբ, հնարավոր են ուղեղապատյանների և գլխուղեղի բարդություններ։ Միջին ականջաբորբի սուր ձևն առաջացնում են վարակիչ հիվանդությունների հարուցիչները՝ ախտահարելով վերին շնչուղիները (գրիպ, սուր շնչառական հիվանդություններ, կարմրուկ, քութեշ և այլն)։ Բորբոքային գործընթացը քթաըմպանից եվստախյան խողովակով անցնում է թմբկախոռոչ։ Երբեմն թարախը, ճեղքելով թմբկաթաղանթը, դուրս է գալիս արտաքին լսողական անցուղով։ Միջին ականջի սուր բորբոքման առաջացմանը (հատկապես՝ երեխաների) նպաստում են գեղձանմանները, պոլիպները, քթի միջնապատի ծռումները։

Բուժում խմբագրել

Բուժումը նշանակում է բժիշկը։ Շատ կարևոր է հիվանդ ականջի ճիշտ խնամքը։ Միջին ականջի սուր բորբոքման ժամանակ բժիշկը կարող է նշանակել կոմպրեսներ, որոնք մեղմացնում են ցավը և նպաստում թմբկախոռոչի բորբոքային օջախի ներծծմանը։ Կոմպրեսը պետք է դնել ականջախեցու շուրջը։ Թանզիֆե մի քանի, տակ ծալած անձեռոցիկի վրա ականջախեցու համար պետք է ճեղք բացել, թրջել օղու կամ քափուրի սպիրտի ջրային լուծույթով, ծածկել յուղաթղթով կամ պոլիէթիլենային թաղանթով, այնուհետև բամբակի բարակ շերտ դնել ու վիրակապել։

Կոմպրեսն անհրաժեշտ է փոխել 4 ժ մեկ, երեխաներինը՝ ավելի հաճախ՝ մաշկի այրվածքներից խուսափելու համար։ Կիսասպիրտային կոմպրեսները փոխարինում են չոր տաք վիրակապերով։ Երբեմն, չնայած բուժմանը, հիվանդի ինքնազգացողությունը չի լավանում, և շարունակվում է անհանգստացնող ուժեղ ականջացավը։ Նման դեպքում բժիշկը հաճախ անցք է բացում թմբկաթաղանթի վրա՝ այնտեղից թարախը դուրս գալու և ճնշումը թուլացնելու նպատակով։ Երբեմն հիվանդները հրաժարվում են նման բուժարարողությունից՝ անհանգստանալով լսողության վատանալուց. Նման անհանգստությունն անհիմն է, որովհետև անցքը շատ շուտ փակվում է։ Միջին ականջի սուր բորբոքման բուժման տարածված մեթոդ է կաթոցիկով լսողական անցուղու մեջ մինչև մարմնի ջերմաստիճանը տաքացրած (10 ր եռացնելով մանրէազերծած) դեղանյութ կաթեցնելը։ Դեղով սրվակը 2-3 րոպե անհրաժեշտ է պահել տաք ջրի մեջ։ Հիվանդը պետք է պառկի ցավացող ականջը դեպի վեր, իսկ դեղը կաթեցնելուց հետո՝ 10-15 րոպե պառկած մնա։ Միջին ականջի սուր բորբոքումը կանխարգելող հիմնական միջոցառումներից են վերին շնչուղիների հիվանդությունների հաճախության նվազեցումը՝ օրգանիզմի կոփումը, ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելը, վիտամիններով հարուստ սննդակարգը։ Ծխելը և ալկոհոլի չարաշահումը կարող են հանգեցնել շնչառական ուղիների քրոնիկ, բորբոքումների՝ նպաստելով միջին ականջաբորբի առաջացմանը։ Միջին ականջի սուր բորբոքումը կանխելու համար կարևոր նշանակություն ունի նաև սուր հարբուխի ժամանակ քիթը ճիշտ մաքրելը (հերթով մաքրել աջ և ձախ քթանցքերի արտադրությունը)։ Եթե բուժումն սկսվում է ժամանակին, ապա միջին ականջի սուր բորբոքումը սովորաբար ավարտվում է առողջացումով և լսողության վերականգնումով, բայց երբեմն հիվանդությունը բարդանում է ու առաջացնում պտկաձև ելուստի խորշիկների, ինչպես նաև դրանց միջև Եղած միջնապատերի բորբոքում։ Առանձին դեպքերում հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկական։

Հետևանքներ խմբագրել

Միջին ականջի քրոնիկական բորբոքման ժամանակ թմբկաթաղանթում մշտական ճեղք է մնում, քայքայվում են լսողական ոսկրիկները, լսողությունը թուլանում է, իսկ թարախահոսությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում։ Քրոնիկակական ականջաբորբը հատկապես վտանգավոր է, երբ ականջում առաջանում է, այսպես կոչված, ոսկրափուտ (խոլեստեատոմա), ոսկրն աստիճանաբար քայքայվում է, և թարախային գործընթացն անցնում ներքին ականջ՝ առաջացնելով ներքին ականջաբորբ՝ լաբիրինթաբորբ։ Հիվանդի մոտ առաջանում են գլխապտույտ, սրտխառնոց կամ նույնիսկ փսխում, հավասարակշռության խախտում, անվստահ քայլվածք և այլն։

Եթե ժամանակին չի բուժվում, ապա կարող են առաջանալ ավելի վտանգավոր ներգանգային բարդություններ՝ ուղեղապատյանաբորբ, արյան վարակումն նույնիսկ գլխուղեղի հյուսվածքների թարախակույտ։ Հաճախ հիվանդները, տասնյակ տարիներ տառապելով քրոնիկական ականջաբորբով, դրա հետ բոլորովին չկապելով այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են ջերմությունը, ուժեղ գլխացավը, խոսքի խանգարումը, չեն դիմում բժշկի, այնինչ դրանց պատճառը ականջի թարախային օջախն է։ Միջին ականջի քրոնիկ, բորբոքումը պետք է կանոնավոր բուժել և անպայման քիթկոկորդականջաբանի հսկողությամբ։ Քանի որ այդ հիվանդությունից թմբկաթաղանթի վրա մշտապես անցք է մնում և ականջաբորբը հաճախ սրանում է ականջը ջուր լցվելիս, ուստի լողանալիս և գլուխը լվանալիս անհրաժեշտ է ականջների արտաքին լսողական անցուղիները փակել վազելինով կամ հեղուկ յուղով տոգորված բամբակով։ Վերջին տարիներին, քրոնիկ ականջաբորբի դեպքում, երբ զգացվում է լսողության թուլացում, կատարում են լսողությունը լավացնող վիրահատություններ՝ թմբկաթաղանթի պատվաստում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 221  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։