Ալկասար դե Կոլոն (իսպ.՝ Alcázar de Colón), Ամերիկայում փոխարքաների ամենահին նստավայրը, որը գտնվում է Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում։ Այն մաս է կազմում գաղութատիրական Սանտո Դոմինգո քաղաքի, որը 1990 թվականին հռչակվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Նախկին նստավայրում ներկայում գտնվում են Ալկասար դե Դիեգոյի Կոլոնի թանգարանը (իսպ.՝ Museo Alcázar de Diego Colón), որի հավաքածուն բաղկացած է ուշ միջնադարի և Վերածննդի դարաշրջանի արվեստի նմուշներ, որոնք թանգարանի կողմից ձեռք են բերվել 1950-ականներին։ 15-17-րդ դարերի գոբելենների հավաքածուն հատկապես եզակի է Կարիբյան տարածաշրջանում և ներառում է ֆլամանդական Վան դեն Հեք ընտանիքի վարպետների ստեղծած գոբելեններ ֆրանսիացի նկարիչ Չարլզ Լեբրունի ուրվագծերով[1]։ Ալկասար դե Կոլոնը Սանտո Դոմինգոյի ամենաշատ այցելուներն ունեցող թանգարանն է[2]։


Քարտեզ
Քարտեզ

Պալատը կառուցվել է կորալային խութերի բլոկներից առանց մեխի և ներառում էր 52 սենյակ, բազմաթիվ այգիներ և բակեր։ Ալկասար դե Կոլոնի ժամանակակից չափերը կազմում են սկզբնական շինությունների ընդամենը կեսը։ Պալատը կառուցվել է Դիեգո Կոլոնի՝ Քրիստափոր Կոլումբոսի որդու համար[3], երբ նա նշանակվել է Լա Էսպանյոլի և Հնդկաստանի փոխթագավոր 1509 թվականին։ Դիեգո Կոլոնը կարգադրել է կառուցել ընտանեկան և նահանգապետական նստավայր, ինչն էլ կատարվել է 1510 թվականից մինչև 1512 թվականը։ Պալատի ճարտարապետի անունը չի պահպանվել։

Իսպանական գաղութատիրության սկզբնական շրջանում այս նստավայրը կարևոր դեր է ունեցել պատմության մեջ։ Այդտեղ պլանավորվել են բազմաթիվ արշավանքներ՝ նոր հողեր ուսումնասիրելու և նվաճելու համար։ Պալատի շենքում ապրել է Կոլոնների ամբողջ ընտանիքը, այստեղ լույս աշխարհ են եկել և մահացել նրա անդամները։ Սակայն 1586 թվականին պալատը գրավվել է և թալանվել անգլիացի ծովակալ Ֆրենսիս Դրեյքի կողմից։

Արդյունքում Սանտո Դոմինգոյի ազդեցության անկման հետ միասին Ալկասար Դե Կոլոնը վերածվել է ավերակների և XVII դարի կեսերին վերջնականապես ավերված էր։ 1776 թվականին նախկին նստավայրը բանտի վերածելու ծրագրեր է եղել, որը չի իրականացվել։ 1779 թվականին սկսել են փլուզվել շենքի առաստաղները, 1870 թվականին պալատի ավերակները հայտարարվել են ազգային հուշարձան՝ գոնե ինչ-որ պաշտպանության համար։ Անհետացման վտանգի տակ գտնվող պալատը Դոմինիկյան կառավարության հանձնարարությամբ վերականգնվել է միայն 1955-1957 թվականներին, նրա ինտերիերը ձևավորել են հին կահույքով, արվեստի գործերով և պալատի ծաղկման ժամանակաշրջանների այլ առարկաներով։ Ալկասար դե Կոլոնի վերակառուցումն իրականացվել է իսպանացի ճարտարապետ Խավիեր Բարոսոյի նախագծով։ Նախնական 52 սենյակի փոխարեն վերականգնված պալատում մնացել է միայն 22-ը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «ALCAZAR DE COLON, COLONIAL CITY OF SANTO DOMINGO». dehovi.com.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկասար դե Կոլոն» հոդվածին։