Ալեքսանդր Քանանյան

Հայ գրաբարագետ, քաղաքագետ

Ալեքսանդր Քանանյան (սեպտեմբերի 11, 1974(1974-09-11), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մտավորական, գրաբարագետ, հասարակական գործիչ, քաղաքագետ։ Հանրային դաշտում ի սկզբանե հայտնի է որպես գրաբարի մասնագետ ու գրաբարի տարածման ջատագով[1]։

Ալեքսանդր Քանանյան
Ծնվել էսեպտեմբերի 11, 1974(1974-09-11) (49 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհասարակական գործիչ և քաղաքագետ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1974 թվականի սեպտեմբերի 11-ին Թբիլիսիում, որտեղ և մեծացել է։ Ավարտել է Թբիլիսիի թիվ 56 ռուսական դպրոցը։

Ծագում և մանկություն խմբագրել

Ալեքսանդրի ծնունդից մի քանի ամիս անց ծնողները ամուսնալուծվել են, որից հետո նա այլևս չի տեսել հորը՝ Ռաֆայել Սամունջյանին[2]։ Ալեքսանդր Քանանյանի հայրը մասնագիտությամբ պատմաբան էր, սակայն կյանքի մեծ մասը աշխատել է հրշեջ ծառայությունում։ Հայրական կողմից արմատներով Սալմաստից է, որտեղից էլ 19-րդ դարի ավարտին նրանց գերդաստանը գաղթել է Թբիլիսի։ Պարսկերենի լավ իմացության շնորհիվ Ալեքսանդր Քանանյանի հայրական պապը՝ Դերենիկ Սամունջյանը աշխատել է Թեհրանում ԽՍՀՄ դեսպանությունում, մասնակցել է Թեհրանի համաժողովի կազմակերպմանը[2]։

Ալեքսանդրի դաստիարակության պատասխանատվությունն է ստանձնել մայրական կողմից պապը՝ Դավիթ Քանանովը, ով էլ արմատավորել է երիտասարդ Ալեքսանդրի մոտ իր կյանքի հիմնարար սկզբունքների մեծ մասը։ Քանանյանները՝ մայրական կողմից, արմատներով Կարինից են։ Դավիթ Քանանովը նույնպես պատմաբան էր, սակայն գրեթե ողջ կյանքի ընթացքում աշխատել է ռազմական համակարգում, մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին, որից հետո վեց տարի եղել է Թբիլիսիի կենտրոնական շրջաններից մեկի գլխավոր զինվորական կոմիսար։ Դավիթ Քանանովի ընտանիքին հաջողվել է փրկվել է ստալինյան բռնաճնշումներից, քանզի մինչև Ռուսական հեղափոխությունը նրա գերդասատանը կազմում էր մեծաքանակ և հարուստ իշխանական տոհմ[2]։

1989-1991 թվականներին ինքնուրույն սովորելով հայերեն, ապա՝ ընդունվել է Գևորգյան հոգևոր ճեմարան։ Մինչև Հայաստան տեղափոխվելը հայերեն ընդամենը մի քանի բառ է իմացել[1]։

2001 թվականին հաստատվել է Հայաստանում՝ Քարվաճառ քաղաքում[1]։ Իրական դպրոցի շրջանակներում դասավանդում է գրաբար[1]։

Հացադուլ խմբագրել

2020 թվականի հունվարի 21-ին հայտարարարվել է հացադուլ՝ Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում փոքր ՀԷԿ-երի ընթացող շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով[3]։ Հունվարի 27-ից Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանն էլ է հայտարարել հացադուլի մասին Ալեքսանդր Քանանյանին սատարելու նպատակով[4]։ Հացադուլը պաշտոնապես ավարտվել է 2020 թվականի փետրվարի 4-ին, ինչի մասին հայտարարվել է Ալեքսանդր Քանանյանի ֆեյսբուքյան կայքէջում։

Նախադրյալներ խմբագրել

Քանանյանի բառերի համաձայն՝ Արցախի էներգահամակարգի զարգացման պատրվակով մի շարք օլիգարխներ գերշահույթ են ստանում Արցախի բնությունն ավերելու հաշվին։ Քարվաճառի գետերի 40 տոկոսից ավելին հոսում է խողովակաշարերով։ Իսկ հարևան Քաշաթաղում վիճակը շատ ավելի վատ է.

  Արցախում տեղի ունեցողն այլ կերպ, քան կատարյալ աղետ չի կարելի բնութագրել։ Դրա լավագույն օրինակն այսօր Քաշաթաղի շրջանի հյուսիսն է, երբ օրինակ՝ Աղավնո գետի վրա՝ ընդամենը 35-40 կմ հատվածում, կառուցված է 11 ՀԷԿ։ ՀԷԿ-երի պատճառով մեղրի արտադրության ծավալը գրեթե 4 անգամ նվազել է։ Մարդկանց այգիներն, որոնք 25 տարի մշակվել են, ամբողջությամբ չորացել են։  

Քարվաճառի շրջանի վարչակազմին հանձնած պահանջագրով, Քանանյանը պահանջում էր ոչ միայն դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շինարարությունն, այլ նաև արցախյան հէկաշինության բնապահպանական և ֆինանսական բնույթի հանցագործությունները քննող լայն ներկայացուցչականությամբ հիննադրամ ստեղծել։ Այնտեղ ասվում էր.

  Չափազանց կարևոր է քննել արցախյան փոքր հէկաշինության հիմքում գտնվող ֆինանսավարկային իրողությունները, որովհետև շատ ՀԷԿ-եր կառուցվել են ոչ թե արցախյան օլիգարխիայի սեփական թալանից գոյացած միջոցներով, այլ կառուցվել են պետական վարկային կազմակերպությունների օրինակ՝ ներդրումային հիմնադրամի միջոցով[5]։  

Հացադուլի ընթացք խմբագրել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Պաշտոնական հաղոդագրության համաձայն՝ Բակո Սահակյանը շատ կարևոր է համարել Շահումյանի շրջանի դերն Արցախի ջրային անվտանգության ապահովման հարցում և ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացքում պետք է հետևեն բնապահպանական նորմերին։

Հանդիպումից հետո Քանանյանը գրել է, որ Արցախի «քաղաքական ղեկավարությունը» չի հասկանում իրավիճակի լրջությունը։

Արդյունք խմբագրել

2020 թվականի փետրվարի 4-ին Ալեքսանդր Քանանյանը իր ֆեյսբուկյան կայքէջում հայտարարել է, որ, չնայած դրան, որ բանակցությունները դժվար են ընթանում, հույս կա, որ մոտակա ժամամակում իրավիճակը կհստականա։ Անկախ բանակցությունների արդյունքից՝ Քարվաճառի բնակիչների պաշտպանածից և Հայաստանի ազգային անվտանգության հրամանից ելնելով, շինարարությունները կանխվելու են, իսկ կառուցման փուլում գտնվողներն՝ ապամոնտաժվելու։ 2019 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ գործող ՀԷԿ-երը խստագույն հսկողության են ենթարկվելու[6]

Հացադուլի ավարտման մասին իր ֆեյսբուկյան էջում հայտնել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը.

«Ուրախ եմ, որ Ալեքսանդր Քանանյանի ու կառավարության միջև բանակցությունները վերջապես հասան իրենց ավարտին, ինչի արդյունքում մասնագիտական հանձնաժողովը այսօր գումարեց իր անդրանիկ նիստը, իսկ Ալեքսն էլ քիչ առաջ հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին։ Ենթադրում եմ, որ Մհեր Պողոսյանը նույնպես կդադարեցնի հացադուլը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Երազանքս է, որ երեխաներն իմանան նաև գրաբար. Ալեքսանդր Քանանյան
  2. 2,0 2,1 2,2 Ալեքսանդր Քանանյան. Գտնելով Հայաստանը (մաս Ա) (ռուս.)
  3. «Ալեքսանդր Քանանյան․ «Քարվաճառում ոչ մի նոր փոքր հէկ չի կառուցուելու, իսկ կառուցման փուլում գտնուողներն ապամոնտաժուելու են»». Hetq.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը». news.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  5. Ալեքսանդր Քանանյանը հացադուլ է հայտարարել՝ Արցախում ՀԷԿ-երի շինարարության դեմ
  6. ՄԱՄՈՒԼ.am (2020 թ․ փետրվարի 4). ««Այս պահանջից երբեք նահանջ չի լինի». Ալեքսանդր Քանանյան». mamul.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել